«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՓԱԹԵԹԻ
 (Պ-230-22.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, համաձայն որի, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է նաև դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում տուժողին կամ նրա իրավահաջորդին ծանուցելու և դիրքորոշում ստանալու կարգը, սակայն նախագծից տարբերվող կարգավորումներով:

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է քրեական օրենսգիրքը լրացնել 342.2-րդ հոդվածով, ինչպես նաև «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է օրենքը լրացնել 5-րդ հոդվածի 5.1-ին մասով, որով քրեական պատասխանատվություն կսահմանվի տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կողմից ներման խնդրագրում առկա տվյալների հրապարակման համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նկարագրված արարքը չի կարող մեկնաբանվել որպես բավարար հանրային վտանգավորություն ունեցող, որպեսզի պետության կողմից հակազդեցության արժանանա քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելով: Հետևաբար, գտնում ենք, որ ներման խնդրագրում առկա տվյալների հրապարակումը որպես հանցագործություն սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության համատեքստում: