ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի.

1. 3-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,

2. 14-րդ հոդվածի 1-ին մասում (բացառությամբ տեղափոխվածների) բառերը փոխարինել (բացառությամբ տեղափոխվածների և սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով նշանակված անձանց) բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս կարգավորմամբ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան քաղաքացին,

3. 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել.

1) ազգայինանվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում.

2) իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող անձը՝ բացառությամբ հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների համակարգման գծով տեղակալի.

3) վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի պաշտոնավարած քրեական մասնագիտացման նախկին դատավորը՝ բացառությամբ այն դատավորի, ում լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով՝ բացառությամբ հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների համակարգման գծով տեղակալի.

4) վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անձը՝ բացառությամբ հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների համակարգման գծով տեղակալի»,

 4. 19-րդ հոդվածը լրացնել 2.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

2.1. Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված անձանց սույն օրենքով սահմանված կարգով շնորհվում է բարձրագույն խմբի պաշտոնների համար նախատեսված նվազագույն կոչումը::

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի.

1. 3-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,

2. 11-րդ հոդվածի 1-ին մասում մինչև 30 տարեկան այն քաղաքացին բառերը փոխարինել մինչև 30 տարեկան այն քաղաքացին (բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով նշանակված անձանց) բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս կարգավորմամբ Ոստիկանությունում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան քաղաքացին,

3. 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2. «Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել.

1) ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում.

2) իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող անձը.

 3) վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի պաշտոնավարած նախկին դատավորը՝ բացառությամբ այն դատավորի, ում լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով.

4) վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անձը:»,

4. Ոստիկանության պետի տեղակալին ներկայացվող վերոգրյալ պահանջները նախատեսելու դեպքում անհրաժեշտ է կարգավորել նաև այդ անձանց կոչումներ շնորհելու հարցը: Հետևաբար, օրենքի 14-րդ հոդվածը լրացնել 2.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

2.1. Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձանց սույն օրենքով սահմանված կարգով շնորհվում է բարձրագույն խմբի պաշտոնների համար նախատեսված նվազագույն կոչումը:»:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քաղաքական պաշտոնների ցանկում ընդգրկվել են նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները, սակայն նույն օրենքի 6-րդ հոդվածով այդ անձինք ներառված են վարչական պաշտոնների ցանկում: Ըստ այդմ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «վարչապետին» բառը փոխարինել «վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների՝ բացառությամբ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և Ոստիկանության պետի, ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների» բառերով:

 

  ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ