«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒ­ԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆ­ՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՈՍՏԻ­ԿԱ­ՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­Ը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությու­նում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատա­­րելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախա­գծերով առաջարկվում է նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանվում են ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոնների անվանա­ցանկերից՝ ներառվելով քաղաքական պաշտոնների անվանացանկում, և վերջիններիս վրա տարածվում են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ պետության ղեկավարը կաշկանդված է գործող կարգավորում­ներով կարևոր ուժային կառույցների ղեկավարներին նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացար­ձակապես  անըն­դու­նելի կարգավորում է:      

   Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավա­կան կար­գավորումները: Այսպես`

«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝

«Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինա­կա­­նության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակ­ցու­թյունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության  (…) սկզբունքների հիման վրա»:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հան­­րապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝

«1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայու­թյունը զինվորական ծառա­յություն է, որի առանձնահատկու­թյունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենք­ներով և իրավական ակտերով:

  1. Ազգային անվտանգության մարմին­ներում ծառայությունն իրականացվում է (…) հասարա­կական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահ­­պանմամբ՝ միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով (…)»:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտան­գության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:»:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

«Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանու­թյունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրի­նական շահերը` անկախ (…) նրա քաղաքական կամ այլ հայացքներից, (…)»:

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն      3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստի­կանության կոչում:»:

Այս առումով՝ հարկ ենք համարում անդրադառնալ նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող որոշ կարգավո­րումների: Այսպես՝

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդ­­վածի համաձայն՝

 «1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմինների՝ Հայաս­տանի Հանրապե­տության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, հա­մայնքային ծառա­յությունը և հանրային պաշտոն­ները:»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենք­ներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:»:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրու­թյամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազո­րությունների արդյունավետ իրականա­ցումը և պատասխանատվություն է կրում իր պաշ­տոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:»:

Շարադրված հոդվածների բովանդակային և համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծերով նախատեսված կարգավորումների պարագայում խախտվում է տվյալ հասա­րակական հարաբերությունների կարգավորման իրավական նորմերի ներդաշնակու­թյունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում խնդրահարույց է նշված ծառայու­թյունների՝ հասարակական միավորումներից ու կուսակ­ցու­թյուն­նե­րից անկախ գործունեությունն այն պարագայում, երբ այն ղեկավարվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից:

Բացի դրանից, հարկ է նշել, որ նախագծերով նախատեսված կարգավորումների պարագայում ոստիկանության պետը և ազգային անվտանգության ծառայության տնօրենն առավելապես կաշկանդված են լինելու քաղաքական գործընթացներով, քաղաքական մեծամասնության դիրքորո­շումներով և քաղաքական ուժի վարած քաղաքականությամբ: Մինչդեռ գտնում ենք, որ նշված ծառայությունները՝ ի դեմս իրենց ղեկավարների, չեն կարող ու չպետք է զբաղվեն քաղաքակա­նությամբ, նրանք պետք է զերծ մնան քաղա­քական զարգացումներից և, անկախ քաղաքական իրավիճակից, անաչառորեն կատա­րեն իրենց առջև դրված խնդիրները և գործառույթները:

Այս առումով՝ անհրաժեշտ է կարևորել նաև այն առանձնահատկությունները, որոնք ընդգծել է օրենսդիրը՝ վարչական և քաղաքական պաշտոնների եզրույթները սահ­մանելիս: Մասնավորապես, եթե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխա­նա­տվություն է կրում այդ որոշումների համար, ապա վարչական պաշտոն զբաղեց­նող անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատաս­խանատ­վություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների, տվյալ դեպքում՝ ազգային անվտանգության և ոստիկանության բնագավառներում պետության կողմից վարած քաղա­քականության, վերջիններիս առջև դրված խնդիրների իրականացման համար:

Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների կողմից վկայակոչված այն փաս­տարկներին, որ գործող կարգավորումների պարագայում անընդունելի է այն, որ պետու­թյան ղեկավարը կաշկանդված է ուժային կառույցների ղեկավար­ներին նշանակելու նույն համակարգում ծառայության անցած անձանց շրջանակից, գտնում ենք, որ դրանք անհիմն են, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համանման կեր­պով են կարգավորված նաև զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանա­տարական կազմի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակա­տարո­ղական ծառայության, փրկարար ծառայության մարմինների ղեկավարներին պաշտոնների նշանակելու գործընթացները, և նշված ոլորտներում ևս Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակումներն իրականացվում են՝ որոշակի օրենսդրական սահմանափակումներին համապատասխան:

Միաժամանակ առաջարկում ենք հետագայում քննարկման առարկա դարձնել ոստիկանու­թյան պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոն­ներին ներկայացվող պահանջների վերանայման հարցը՝ արդեն իսկ սահմանված  պահանջ­ներից, մասնավորապես, միայն տվյալ ծառայություններում զբաղեցրած պաշտոնի կամ համապատասխան կոչումի առկայու­թյունից բացի, որպես այլընտրանքային պահանջ նախատեսելով նաև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար ներ­կայացված այլ պահանջներ ևս՝ տվյալ պաշտոններում նշանակումներ կատարելիս առա­վել ճկունություն ապահովելու և տվյալ մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրու­թյամբ և օրենքներով վերապահված լիազորությունների արդ­յունա­վետ իրականացումն ապահովելու նպատակով:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առա­ջարկում է նախագծերի փաթեթով քննարկվող՝ գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ: