ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 00010 ք. Երևան, Կառավարական տուն 1 

02/05.6/32564-2019

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Գալստյան

        Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-123-30.04.2019,12.06.2019-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

  • Ներկայումս գործող օրենսդրությունը չի սահմանում անկանխիկ վճարման հասկացությունը,
  • 10 և ավելի աշխատողներ ունեցող գործատուներ կարող են լինել նաև հեռավոր մարզերի գյուղական համայնքներում, որտեղ անկանխիկ ծառայություններ մատուցելու ենթակառուցվածքները բավարար չեն, մասնավորապես այդ տարածքներում ոչ միշտ կան քարտերը սպասարկող սարքեր, ինչը ևս լրացուցիչ խնդիրներ կառաջացնի քարտապանների համար,
  • Գործող օրենսգրքի կարգավորումը արդեն իսկ հնարավորություն տալիս է անկանխիկ ձևով ստանալ աշխատավարձերը, մասնավորապես՝ աշխատավարձը վճարվում է ՀՀ արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով:

  Միևնույն ժամանակ, Ազգային ժողովում նախագծի քննարկման արդյունքում փոփոխություն է կատարվել առ այն, որ աշխատողի դիմումի հիման վրա գործատուն պետք է աշխատավարձը վճարի կանխիկ: Այս կապակցությամբ գտնում ենք, որ սա հետքայլ է՝ հետևյալ հիմնավորմամբ՝

  • ներկայումս գործատուների մեծ մասը, ինչպես նաև պետական մարմինները չունենալով դրամարկղ իրենց վճարումներն իրականացնում են անկանխիկ, որի արդյունքում առկա է մեծ ռիսկ, որ աշխատողների մեծ մասը դիմումներ կներկայացնեն իրենց աշխատավարձը կանխիկ ստանալու համար, որը հնարավոր չի լինի իրականացնել և փաստացի կխախտվի աշխատանքային օրենսդրությունը,
  • նման կարգավորումը հնարավոր է մեծ չարաշահումների տեղիք տալ, քանի որ ներկա իրավակարգավորումների արդյունքում դատական ակտերի կատարման երաշխիքներից է հանդիսանում անկանխիկ վճարումները: Նախագծի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր պարտավորություններ ունեն դիտավորությամբ դիմումներ կներկայացնեն կանխիկ աշխատավարձեր ստանալու, որը մերժել հնարավոր չի լինի: Այս պարագայում շատ դատական ակտեր և այլ պարտավորություններ հնարավոր է մնան անկատար, որն էլ իր հերթին կհանգեցնի արդարացված դժգոհության:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների համապարփակ և միատեսակ կարգավորման անհրաժեշտությունը, առաջարկում ենք այս փուլում ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորումները քննարկել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում: