«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-123-30.04.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ  ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (այսուհետ՝ նախագիծ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախա­գծի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) լրացվող 192-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով:

Օրենսգրքով աշխատավարձի վճարման այլընտրանքային եղանակների նախա­տեսումն ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է նրանով, որ գործատուն և աշ­խատողը պետք է հնարավորություն ունենան իրենց համար նախընտրելի եղանակով, թե´ սուբյեկտիվ և թե´ օբյեկտիվ պատճառներից ելնելով, ընտրեն աշխատավարձի վճար­ման կանխիկ կամ անկանխիկ ձևը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ Հայաստանի Հանրա­պետության հարյուրավոր բնակավայրերում, որտեղ չկան բանկային մասնաճյուղեր կամ բանկոմատներ, արդեն իսկ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձն ստանում են անկանխիկ եղանակով, արդարացված չէ: Նախագծով առաջարկվող՝ 10 և ավելի աշխա­տակիցներ ունեցող գործատուների կողմից բացառապես անկանխիկ եղանակով աշխատա­վարձի վճարումը նմանատիպ բնակավայրերում աշխատող բազմաթիվ այլ անձանց համար գործնականում կարող է էական խոչընդոտներ և դժվարություններ առաջացնել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ, որով մասնավորապես առաջարկվում է կիրառել օրենքով և աշխա­տա­նքային պայմանագրերով սահմանված աշխատավարձերի վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու փուլային եղանակ՝ անկախ գործատուների մոտ գրանցված աշխատողների թվից:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունն առաջարկում է առայժմս ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրա­դառնալ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի կողմից մշակվող և առաջի­կայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայաց­վելիք օրենսդրական նախաձեռնության  քննար­կումների շրջանակներում։