«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-130-03.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի  հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախևառաջ հարց է առաջանում, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը արդյոք գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձևավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

Եթե կիրառվելու է նաև առաջին կազմի ձևավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի չորս անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:

Այս առումով գտնում ենք, որ նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու, օրինակ՝ հստակ ամրագրել, որ 1 կամ 3 տարով պաշտոնավարող անդամի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:

Այն դեպքում, եթե Նախագծով նշված կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձևավորվող կազմերին, ապա պարզ չէ նաև թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, այսինքն՝ ինչ հաջորդականությամբ են Հայաստանի Հանրապետության վարչապետը և ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:

Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառումը կարող է խնդրահարույց լինել, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են: Մասնավորապես պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող  թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի  իրավիճակ, երբ  ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ և արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ: