«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-096-09.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն առաջ կբերի մի շարք խնդիրներ։ Այսպես.

  1. Նախագծի ընդունման հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ապրանքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե առաջարկության նպատակը գործունեության հավասար պայմանների ապահովումն է, ապա ինչու է փոփոխությունն առաջարկվում միայն սննդամթերքի որոշ տեսակների համար: Մյուս կողմից, եթե առաջարկության նպատակը շուտ փչացող ապրանքների համար բացթողման գործընթացի արագացումն է, ապա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների հետաձգումն ինքնին չի կարող ազդել նշված գործընթացի վրա՝ հաշվի առնելով այն, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների դեպքում ապրանքների բացթողման համար պետք է պահպանված լինեն մի շարք այլ պայմաններ, մասնավորապես, սննդամթերքի դեպքում անհրաժեշտ է ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանվածությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

Բացի դրանից, խնդիրը պետք է դիտարկել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի այսուհետ՝ օրենսգիրք 120-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև ապրանքների մասին հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման հնարավորության համատեքստում, ինչն օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝ նախատեսում է մաքսային վճարների, այդ թվում՝ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի երկարաձգում մինչև ապրանքների բացթողման ամսվան հաջորդող ամսվա 10-ը: Նշված հնարավորությունն օրենսգրքով, ի թիվս այլ ապրանքների, նախատեսված է նաև շուտ փչացող ապրանքների համար, որոնք էլ, ըստ էության, ներկայացված են նախագծով: Ընդ որում, օրենսգրքի 120-րդ հոդվածի 14-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ նշված դեպքում մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման ներկայացում կարող է չպահանջվել, եթե դա սահմանվի ԵԱՏՄ  անդամ  պետությունների  ազգային  օրենսդրության  շրջանակներում, իսկ օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից շուտ փչացող ապրանքների ցանկի սահմանումը, այն կարող է սահմանվել ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրության շրջանակներում:

  1. Նախագծով ներկայացված ապրանքներն ունեն ոչ թե ներդրումային, այլ ընդգծված առևտրային նշանակություն: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այլ հավասար պայմաններում, ապրանքների ներմուծման ու վաճառքի գործառնական փուլի տևողությունն անհամեմատ ավելի կարճ է, քան, օրինակ, հումքի կամ հիմնական միջոցների ներմուծման, արտադրության կազմակերպման ու արտադրանքի վաճառքի գործառնական փուլի տևողությունն է՝ գտնում ենք, որ առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ շրջանառու միջոցների պակասի խնդիրը չի կարող ավելի ընդգծված լինել, քան ավելի երկար գործառնական փուլ ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների դեպքում, որոնց կողմից ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների ներմուծման մասով մաքսային սահմանին ԱԱՀ-ի չգանձումը կամ վճարման ժամկետի հետաձգումն իրապես կարող է շրջանառու միջոցների համալրման խնդիր լուծել:
  2. Նախագծով ներկայացված՝ առևտրային նշանակության ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը տնտեսավարող սուբյեկտների մոտ շրջանառու միջոցների համալրման խնդրի լուծման ուղղությամբ առանձնապես կարևոր քայլ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ապրանքները գործնականում իրացվում են ներմուծմանը հաջորդող բավական կարճ ժամկետում (հաշվի առնելով նաև այդ ապրանքներից շատերի պահպանման ժամկետները), ինչը նշանակում է, որ հիմնականում այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարը գնորդից ստացվելու է էականորեն ավելի շուտ, քան նախագծով առաջարկվող՝ ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետն է:
  3. Օրենսգրքի համաձայն՝ նախքան ապրանքները «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելը դրանք կարող են հանձնվել ժամանակավոր պահպանության, ինչն օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կազմում է մինչև 4 ամիս, իսկ միջազգային փոստային փոխադրումներով ներմուծվող ապրանքների համար՝ մինչև 6 ամիս: Հետևաբար, նախագծով առաջարկվող խմբագրության ընդունման դեպքում նախագծում նշված ժամկետից հետո մինչև ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտն ապրանքների մաքսային ձևակերպում կատարելու դեպքում հայտարարատուի մոտ կառաջանան ԱԱՀ-ի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուի համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է ապրանքների մասին հայտարարագրի գրանցման պահից: Այս առումով, նախագծի ընդունումը կարող է ոչ միայն չնպաստել գործունեության միջավայրի բարելավմանը, այլ նաև տրամագծորեն հակառակ ազդեցություն ունենալ: Միաժամանակ, եթե առաջարկվող խմբագրությունը վերաշարադրվի և ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը կապվի ոչ թե սահմանը հատելու, այլ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրվա հետ, ապա այդ դեպքում էլ անհավասարությունը կլինի հօգուտ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի սկիզբը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայն, կապված է սահմանը հատելու օրվա հետ:
  4. Հայտնում ենք նաև, որ ստորև ներկայացված նկատառումներով նույնպես, որոշ դեպքերում նախագծի ընդունումը կարող է ոչ միայն չնպաստել նախագծի ընդունման հիմնավորմամբ ակնկալվող արդյունքի ստացմանը, այլ նաև ճիշտ հակառակը՝ կրճատել տնտեսվարող սուբյեկտների շրջանառու միջոցները՝ դրանով իսկ ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց գործունեության համար: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը (եթե ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հովհաննես Հովսեփյան) պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԱՀ վճարողները սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Հետևաբար, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կատարելու դեպքում կստեղծվի հետևյալ իրավիճակը. եթե, օրինակ, հարկ վճարողն ապրանքի ներմուծումը կատարում է 2020 թվականի փետրվարի 26-ին (ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օր), և այդ նույն ապրանքն օտարում է 2020 թվականի փետրվարի 28-ին, ապա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացումից առաջացող ԱԱՀ-ն պետք է վճարվի մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ: Դիցուք, 2020 թվականի փետրվար ամսվա համար ԱԱՀ-ի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում 2020 թվականի մարտի 12-ին, երբ դեռևս վճարված չէ ներմուծման ԱԱՀ-ն, հետևաբար վերջինս Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա ենթակետի համաձայն՝ 2020 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով դեռևս ենթակա չէ հաշվանցման (հաշվարկված պարտավորությունից նվազեցման): Արդյունքում, ստացվում է, որ մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ վճարվելու է օտարումից առաջացող ԱԱՀ-ն ամբողջությամբ՝ առանց դրանից հաշվանցումներ կատարելու, և բացի դրանից, պետք է մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ վճարվի նաև ներմուծման ԱԱՀ-ն: Ընդ որում, վերջինս հաշվանցման ենթակա կդառնա միայն այն դեպքում, եթե 2020 թվականի փետրվար ամսվա համար ներկայացվի ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ, որի դեպքումնախկինում իրացումից վճարված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է ներմուծման ԱԱՀ-ի գումարին, կդառնա պարտավորության չափից ավելի վճարված ԱԱՀ-ի գումար: Այսինքն, նկարագրված դեպքում հարկ վճարողի կողմից կատարվող ԱԱՀ-ի վճարումները ոչ միայն չեն օպտիմալացվի, այլ հակառակը՝ հարկ վճարողը ժամանակավորա-պես կծանրաբեռնվի ԱԱՀ-ի լրացուցիչ պարտավորություններով, ինչը չի բխում քննարկման ներկայացված նախագծի ընդունման նպատակադրումից:

  1. Նախագծի 2-րդ հոդվածով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները նախատեսվել են որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, ինչը կարող է որոշակի խնդիրների հանգեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար վճարվող ԱԱՀ-ի գումարները համարվում են մաքսային վճարներ, որոնց հաշվառման և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես   նաև  սահմանված  ժամկետում  չվճարելու  դեպքում  օրենսգրքով նախատեսված գործողություններն իրականացվում են մաքսային մարմինների կողմից: Հետևաբար, նշված դեպքում ԱԱՀ-ի գումարները որպես հարկային մարմնին կատարվող վճարներ նախատեսելը հիմնավորված չէ: Ընդ որում, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակներում հստակեցված և կարգավորված չեն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ նախագծով սահմանվող ապրանքատեսակների համար հետաձգված ԱԱՀ-ի գումարների` որպես հարկային մարմնին վճարվող գումարների գծով պարտավորությունների հաշվառման և դրանց կատարման ապահովման հարցերը:
  2. Կրկին անդրադառնալով նախագծի ընդունման հիմնական նպատակադրմանը՝ սննդամթերքի որոշ տեսակների ներմուծմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների ավելացման խնդրի լուծմանը՝ գտնում ենք, որ ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների հետ կապված հարցին պետք է անդրադառնալ համակարգված ոչ տեղային մոտեցումներով: Եվ այս խնդրի լուծման նպատակով գործող օրենսդրությամբ արդեն իսկ տրված են հետևյալ հիմնական լուծումները.

1) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային նշանակության շատ ապրանքատեսակների (օրինակ՝ հոսքագծերի կամ հումքային ապրանքների) ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից.

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի և դրա կիրառությունն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության   կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման համաձայն՝ կատարվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների (այդ թվում՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարների) բացասական տարբերությունը (ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) վեցամսյա պարբերականությամբ ենթակա է հարկ վճարողին հետ վերադարձ: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել վերոնշյալ ժամկետը և կիսամյակային պարբերականության փոխարեն սահմանել եռամսյակային պարբերականություն:

Վերը թվարկված բոլոր գործիքները նպատակ ունեն բարձրացնել ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների օգտագործման արդյունավետությունն ու տնտեսության ներդրումային գրավչությունն առհասարակ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ: