«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) ըստ էության նախատեսվում է կարգավորել հետևյալ հարցերը:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը համարում ենք անընդունելի հետևյալ պատճա­ռաբանությամբ.

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Նույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված են ավագանու նիստերին մասնակցելու, ելույթ (այդ թվում՝ արտահերթ) ունենալու, հարցերին պատաս­խանելու, իսկ 7.1-ին մասով՝ հրապարակային նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Օրենքով ավագանու նիստերին մասնակցելու և ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ավագանու նիստի բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը կարող է խոչընդոտվել ավագանու նիստերին մասնակ­ցության մուտքը ցանկացած քաղաքացու համար ազատ լինելու դեպքում: Հատկա­նշական է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Այսինքն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ևս ամրագրել է ավագանու նիստերին միայն համայնքի ավագանու կողմից հրավիրված լինելու դեպքում ցանկացած անձի մասնակցության սկզբունքը: Ընդ որում, նշված կարգավորումը վերաբերում է բոլոր համայնքներին՝ անկախ տվյալ համայնքի բնակիչների թվից: Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվող՝ համայնքային նշանակության հարցերի քննարկման հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությանը, ապա հարկ է նկատի ունենալ, որ նիստի ընթացքի մասին հանրության տեղեկացված լինելու իրավունքը լիարժեք կարող է ապահովվել նիստերի առցանց հեռարձակման միջոցով, այդպիսի հնարավորությունն արդեն իսկ նախատեսված է օրենքով: Հավելենք նաև, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Ինչպես նաև օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով 2 ամսվա մեջ առնվազն 1 նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին: Այդ նիստերի սղագրությունը նույնպես նիստից հետո  երկշաբաթյա ժամկետում  տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Վերոնշյալը նկատի ունենալով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակվել է ավագանու նիստերի անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նկատառումներից և այդ առումով գտնում ենք, որ այդ սահմանափակումն արդարացված է:

Վերոգրյալով պայմանավորված մասնակի ընդունելի չէ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետը, որն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2 Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրող­ներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:»:

Հաջորդ հոդվածով առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղա­քապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնա­կառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկաց­ման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը համարում ենք ընդունելի: