«ԳՆՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Խ-088-04.04.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նախատեսվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը: 

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի հետ հակասությունը վերացնելու նպատակով, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Ըստ օրենքի  նախագծի՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման՝ ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկատվությունը խիստ արժեքավոր է, և այն անհրաժեշտ է լրագրողական հետաքննություն իրականացնելու համար, ինչպես նաև լրջորեն նվազեցնում է պետության հաշվետվողականությունը:

Գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը չի կարող հիմնավոր համարվել մի շարք պատճառներով: Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

Այսինքն՝ տեղեկատվության ազատության իրավունքը բացարձակ չէ, և այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով՝ նշված նպատակներից ելնելով:

Ինչպես բխում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթից՝ հասարակության տեղեկատվության ազատությունը պետք է սահմանափակվի, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգության ապահովման և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման՝ ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքներին, աշխատանքներին և ծառայություններին:

Համադրելով օրենքի նախագծով վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի հետ՝ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին. արդյոք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «պետական անվտանգության» եզրույթը ներառում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման՝ ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովումը:

Այսպես, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն պետական պահպանությունն իրականացնող մարմինը պետական պահպանության ծառայությունն է։ Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է:

Այս առնչությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության  անվտանգության  ապահովման  համակարգի  բաղկացուցիչ մասն են  և իրենց  իրավասության  սահմաններում  ապահովում են  անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:

Հետևաբար, պետական պահպանության ծառայության գործունեությունը ևս ուղղված է պետության անվտանգության պահպանությանը. ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների, այլև արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքներին, աշխատանքներին և ծառայություններին, քանի որ այդ համատեքստում խոսքը ոչ այնքան «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց անվտանգության մասին է, այլ՝ պետության անվտանգության:

Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված է նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը սահմանող 2-րդ հոդվածը, որի համաձայն պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ - հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Սակայն, հիմնավորման մեջ չեն նշվում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները: Այսպես, տվյալ օրենքի՝ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու և դրանց պաշտպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանող 8-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը: Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկի համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքը:

Բացի դրանից՝  օրենքից նույնիսկ հանելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց» բառերը՝ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը միևնույնն է կտարածվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց վրա, քանի որ կներառվի օրենքի քննարկվող հոդվածում նշված «ազգային անվտանգության ապահովման» նպատակում: Սակայն դրա հատուկ ընդգծումն օրենքում հետապնդում է այլ մեկնաբանությունները բացառելու և օրենքի նշված հոդվածի կարգավորման շրջանակում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց հաստատապես ներառելու նպատակ:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ: