«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-087-03.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով (իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոսը, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից, 2019 թվականի համար սահմանված՝ համապատասխանաբար  8 տոկոսի և 5 տոկոսի փոխարեն):

Առաջարկություններ ներկայացնելը հիմնավորվում է ՓՄՁ-ի ոլորտի հարկային միջավայրը հնարավորինս շուտ բարելավելու և վարվող քաղաքականության կանխատեսելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող՝ շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկներ ներկայացնելու վերջնաժամկետի՝ ապրիլի 20-ի մոտենալու հանգամանքով:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք հետևյալը։

Օրենքի նախագծով ներկայացված նույն առաջարկությունները ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթով (Կ-075-29.03.2019-ՏՀ-011/0), որը 2019 թվականի մարտի 7-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ քննարկման: Նշված օրենքների նախագծերի փաթեթով, բացի վերոնշյալ առաջարկություններից, ներկայացվել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք փոխկապակցված են, կրում են համակարգված ոչ տեղային բնույթ և արտացոլում են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախանշված՝ ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցման և դրա արդյունքում առաջացող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը որոշակիորեն փոխհատուցելու քաղաքականությանն ուղղված լուծումները։ Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով անդրադարձ է կատարվում ոլորտային նշանակություն ունեցող մի շարք խնդիրների, որոնցից մի քանիսը, ի դեպ, նույնպես հրատապ լուծումներ են պահանջում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 27-ի N ՍԴՈ-1436 որոշման հիման վրա կատարվող փոփոխություններին որոնց վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 1-ն է.

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ավտոմեքենաների առք ու վաճառքի գործարքներից առաջացած եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը վերաբերող առաջարկությանը անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ 2018 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկները պետք է ներկայացվեն մինչև 2019 թվականի ապրիլի 20-ը ներառյալ).

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցումը պետական տուրքից ազատելուն (խնդիրն այն է, որ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պետական տուրքի վճարումը մեծ բեռ է դարձել այս շրջանակի անձանց համար).

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների մասով սահմանված ճանապարհային հարկը վերացնելուն (խնդիրն այն է, որ 2018 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են միջազգային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող ճանապարհային հարկի դրույքաչափերը, ինչը նույնպես խնդիրներ է առաջացրել ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար)։

Ամփոփելով շարադրվածը՝ խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում: