«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-076-29.03.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանվում են բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին և վերին շեմերը՝ համապատասխանաբար 100.000 ՀՀ դրամ և 10.000.000 մլն ՀՀ դրամ:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մշակած Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-065-20.03.2019-ՖՎ-011/0), որով նախատեսվում է նաև Օրենքից հանել մինչև 100.000 ՀՀ դրամի վարկերի վրա Օրենքի դրույթները չտարածելու մասը:

Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա Օրենքի դրույթների տարածմանը, ապա հարկ է նշել, որ նշված սահմանափակման իմաստը կայանում է նրանում, որ 10.000.000 մլն ՀՀ դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։ Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ՝ ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը։

Տեղին է նշել, որ նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են նախագծի միայն փոքր վարկերի վրա սպառողական օրենսդրության դրույթները կիրառելու նպատակը։

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: