«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  (Պ-074-27.03.2019-ՊԻ-011/0)  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Օրենքի նախագծով նախատեսվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, այն է՝ «Հրապարակային ծանուցման վճարը» հոդվածում փոփոխություն կատարել: Մասնավորապես, նախատեսվում է բացառություն սահմանել Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) համար՝ հիմնադրամն ազատելով հրապարակային ծանուցման վճարից:

Նախատեսվող լրացման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ հիմնադրամը, բացի սոցիալական նշանակությունից, ունի նաև բարոյական, համապետական և համազգային նշանակություն: Վերջինիս գումարները գոյանում են աշխատող մարդկանց պարտադիր վճարներից և կամավոր նվիրատվություններից, իսկ հիմնադրամի աշխատանքները կատարվում են հասարակական, անվճար հիմունքներով:

Այս առումով, անդրադառնալով օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորմանը, նախևառաջ հարկ ենք համարում նշել, որ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

Նշված կարգավորումից պարզ է դառնում, որ քաղաքացիների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծվում և սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրօգուտ նպատակներ է հետապնդում ոչ միայն հիմնադրամը, այլև՝ ոչ պակաս կարևոր, սոցիալական,  բարեգործական համապետական և համազգային նշանակություն ունեցող այլ հիմնադրամներ: Այս առումով, կարծում ենք, ճիշտ չէ տարբերակված մոտեցման ցուցաբերումը համանման սոցիալական առաքելություն իրականացնող հիմնադրամների նկատմամբ: Նման մոտեցումը կհակադրվի նաև «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված՝ հրապարակային ծանուցման վճարների հիմնական սկզբունքներին և ընդհանուր կարգավորումներին:

Բացի դրանից, նկատի ունենալով հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները, ինչպես նաև նախորդ տարիների հրապարակային ծանուցման վճարների չափը, գտնում ենք, որ հիմնադրամի հրապարակային ծանուցման տարեկան վճարը շոշափելի ազդեցություն չունի վերջինիս բյուջեի վրա:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում  է օրենքի նախագծով  քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: