«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-012-11.02.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով բարձրացված հարցերի կարգավորումը: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով տրվում են դրվագային լուծումներ, մինչդեռ հարցի ամբողջական կարգավորման համար անհրաժեշտ են համալիր կարգավորումներ:

Կարծում ենք, որ համալիր կարգավորում տալու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել առկա իրավիճակը, մասնավորապես՝ իրականացվող գովազդների ձևաչափը, բովանդակությունը, միայն խորհրդատվական ծառայությունների իրականացման առաջարկի տեսքով մատուցվող գովազդի ներքո իրականում գործնական աշխատանքների մշակման, պատրաստման ռիսկերը, մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները, իրականացվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև գովազդը տեղադրող սուբյեկտների շրջանակը և այլն:

Հիշյալ տեղեկատվության վերլուծությունը հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե ինչպիսի կարգավորումներ պետք է նախատեսվեն օրենքներում և ինչպիսի տուգանքներ պետք է նշանակվեն: