ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-363-31.08.2018,19.10.2018-ՊԻՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 43-րդ հոդվածի 4.1 մասը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1 Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ առաջին հերթին արգելանք է դրվում Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվների վրա, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում, ըստ հերթականության, արգելանք է դրվում արտարժույթով ընթացիկ հաշիվների վրա, Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվների վրա, արտարժույթով ավանդային հաշիվների վրա:»:

Անհրաժեշտ է նախատեսել կարգավորում նաև այն դեպքերի համար, երբ կատարողական թերթով սահմանված պարտավորությունը որևէ արժույթի նշումով է կամ ավանդի գումարը նույնպես տարբեր արժույթով է: Այդ դեպքում բռնագանձման հերթականությունը առաջարկում ենք սահմանել հետևյալ կերպ՝ առաջին հերթին արգելանք է դրվում կատարողական թերթում նշված արժույթով ընթացիկ հաշիվների վրա, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում՝ կատարողական թերթում նշված արժույթով ավանդային հաշիվների վրա, իսկ վերջիններիս անբավարարության դեպքում նոր միայն՝ ըստ հերթականության, Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվների և Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվների վրա:

2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող Օրենքի 44.1-րդ հոդվածի 6-րդ կետով առաջարկվում է սահմանել արգելանքը մասնակի հանելու ընթացակարգ՝ այն էլ դրամական միջոցների մասով, ինչը նշված հոդվածի կարգավորման առարկայի ներքո չի կարող դիտարկվել, քանի որ նշված հոդվածը սահմանում է պարտապանի գույքն արգելանքից հանելու հիմքերի շրջանակը, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ֆինանսական կազմակերպությունների միջև ընթացակարգն իրականացվում է Կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով: Բացի դրանից հարց է առաջանում, թե հարկադիր կատարողը, երբ պետք է հաղորդագրություն ուղարկի ֆինանսական կազմակերպությանը: Սահմանված չէ նաև, թե պարտապանը պարտավորության մասնակի կատարումից հետո դիմում է արդյոք հարկադիր կատարողին թե ոչ, եթե դիմում է՝ արդյո՞ք պետք է ներկայացնի կատարման փաստը հավաստող ապացույց, քանի որ այս պարագայում հարկադիր կատարողը հնարավոր է տեղեկացված չլինի կատարման փաստի մասին:

Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված գույքն արգելանքից հանելու նոր հիմքի ավելացման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ շրջանառության մեջ է գտնվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որում նախատեսվել են պարտապանի պարտավորությունների մասնակի կատարմամբ գույքը արգելանքից մասնակի հանելու իրավական հիմքը:

Այնուամենայնիվ, «պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարելու դեպքում՝ պարտապանի կողմից կատարված պարտավորության չափով.» բառերն առաջարկում ենք հանել:

3. Առաջարկում ենք նախագիծը լրացնել հետևյալ դրույթով՝ «Պարտապանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելանքի տակ դրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:»:

4. Միաժամանակ ներկայացնում ենք նախագծի ընդունմամբ պայմանավորված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանն առնչվող մի շարք իրավակիրառական խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

1)  Օրենքի 43-րդ հոդվածը, որով կարգավորվում է պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու հերթականությունը, նախատեսվում է սահմանել պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու հերթականություն: Այնինչ նախագծից պարզ չէ, թե առաջարկվող լուծումը արդյոք վերաբերում է հայցի ապահովման վարույթների կատարման ընթացքում դրված արգելքներին, թե վճռի, նոտարի մակագրության թերթի կամ վարչական ակտի կատարման ընթացքում բռնագանձման ժամանակ կիրառվող արգելանքներին:

Նշված հարցադրման հստակեցումը էական նշանակություն ունի, քանի որ բռնագանձման փուլում դրամ հայտնաբերելիս հարկադիր կատարողը պարտավոր է 3 օրում բռնագանձում տարածել հայտնաբերված գումարի վրա, ինչն էլ հանգեցնում է կատարողական վարույթը կարճելուն և արգելանքները վերացնելուն, ուստի այլ հաշիվների վրա արգելանք պահելու կամ չպահելու հարցը արդիական չի կարող լինել,

2) Նախագծի նույն հոդվածի սահմանումից ստացվում է, որ հարկադիր կատարողն արգելանքը պետք է դնի որոշակի հերթականությամբ՝ ՀՀ դրամ, դրա անբավարարության դեպքում արտարժույթ, վերջում միայն ավանդում առկա դրամ:

Հարկ է նշել, որ նախ, նշված ձևակերպման կիրարկումը գործնականում լինելու է անհնար, քանի որ պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելիս հարկադիր կատարողը որևէ տեղեկատվություն չունի բանկային հաշվի և այդ բանկային հաշվի վրա առկա գումարի ծագման հիմքերի կամ դրա տեսակների վերաբերյալ (արտարժույթ, ավանդ), և արդյունքում պարտավորության չափով արգելադրվում են այն բանկային հաշվեհամարները, որտեղ կարող է լինել և դրամ և արտարժույթ և ավանդ:

Ընդ որում, հարկադիր կատարողը վարույթ հատուցելիս և արգելանք կիրառելիս տեղեկատվություն չունի նույնիսկ հաշվի վրա առկա այն դրամական միջոցների ծագման հիմքերի վերաբերյալ, որոնք Օրենքի 60-րդ հոդվածի համաձայն համարվում են բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցներ: Հաշիվներում առկա գումարի չափի, տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ստանում է առևտրային բանկերի կողմից համապատասխան արգելանքի որոշումների կատարման վերաբերյալ պատասխանները ստանալուց հետո: Այլ կերպ ասած, օրենսդիրը չի սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և առևտրային բանկերի միջև հարցումների և պատասխանների ինստիտուտ՝ հաշվի առնելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և առևտրային բանկերի միջև կապը հաստատվում է համապատասխան արգելանքի կամ բռնագանձման որոշում ուղարկելու և ի կատարումն դրանց՝ համապատասխան որոշում ստանալու ճանապարհով:

Այսպիսով, կատարողական վարույթ հարուցելիս հարկադիր կատարողը պարտավորության չափով արգելանքի որոշումը պարտավոր է ուղարկել բոլոր առևտրային բանկերին՝ ղեկավարվելով Կենտրոնական բանկի խորհրդի 21.06.2016թ. թիվ 104-Ն որոշմամբ հաստատված ձևերով՝ բացառելու համար պարտապանի կողմից իր դրամական միջոցները ազատ տնօրինելու հնարավորությունը՝ դրանով իսկ ապահովելով պահանջատիրոջ գույքային իրավունքների իրացումը:

3) Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկվում է 46-րդ հոդվածը լրացնել 2.4-րդ կետով, համաձայն որի՝ պարտապանին հնարավորություն է ընձեռնվում որոշել այն բանկային հաշվեհամարը, որի վրա հարկադիր կատարողը կարող է արգելանք կիրառել:

Նախագծի նման ձևակերպումը ևս իրավակիրառ պրակտիկայում առաջացնելու է խնդիրներ: Մասնավորապես՝ մեկ օրը բավականին կարճ ժամկետ է, որպեսզի պարտապանի դիմումը հասնի վարույթ իրականացնող հարկադիր կատարողին (հաշվի առնելով, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ունի մարզերում գտնվող մոտ 23 տարածքային բաժիններ և բաժանմունքներ) և վերջինս ստուգի պարտապանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա պարտավորությունների քանակը, հւսմապատասխան բանկից ճշտի դիմումի մեջ նշված տեղեկատվության իսկությունը, պարզի՝ արդյոք հաշվին առկա գումարը չի համարվում Օրենքի 60-րդ հոդվածով բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոց, կամ արդյոք դրա վրա առկա չէ այլ մարնինների կողմից կիրառված սահմանափակում, և դրանից հետո նոր արգելանքը հանի պարտապանի կողմից նախընտրելի բանկային հաշվեհամարից:

Երկրորդ, հնարավոր է, որ պարտապանը ունենա մի քանի արժույթով կամ արտարժույթով կամ ավանդային հաշիվներ, ուստի հարց է ծագում, թե ով և ինչպես է որոշելու, թե որ հաշվին պետք է դրվի արգելանքը, որից պետք է հանվի:

Այսպիսով, նախագիծը նման բովանդակությամբ ընդունելը վտանգ է ստեղծում կիրարկման տեսանկյունից, և արդյունքում կարող է հանգեցնել պահանջատերերի այնպիսի իրավունքների խախտման, ինչպիսիք են՝ արդար դատաքննության տարր հանդիսացող դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու, իր գույքից անարգել օգտվելու իրավունքը, ինչն էլ հնարավորություն կստեղծի վերջինիս համար պետությունից պահանջելու վարչարարությամբ պատճառված վնասների հատուցում:

 Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրական ընթացք է տրվում միջինը 4000-5000 բռնագանձման վերաբերյալ կատարման ենթակա ակտերի, և դրանց կատարման շրջանակներում, յուրաքանչյուր կատարողական վարույթով արգելանք դնելու կամ բռնագանձման վերաբերյալ որոշումներ էլեկտրոնային եղանակով ուղարկվում են գործող 17 առևտրային բանկեր (5000x17 հատ որոշումներ):

Նման ծանրաբեռնվածության պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա գործիքակազմով  մեկօրյա ժամկետում հնարավոր չէ ապահովել ոչ համապատասխան հարցումների պատասխանների ստացումը, ոչ էլ դրանց հիման վրա ակնկալվող արդյունքը, ինչն էլ հանգեցնելու է կատարողական վարույթի կողմերի արդարացի բողոքների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի քանակի ավելացմանը: Ավելին, տեղին ենք համարում նշել, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում առևտրային բանկերը 7-օրյա ժամկետում չեն հասցնում պատասխանել հարկադիր կատարողի կողմից կայացված արգելանքի կամ բռնագանձման վերաբերյալ որոշումներին:

Այսպիսով, առաջարկվող լրացումները պահանջում են տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրում, ինչը ենթադրում է համապատասխան մասնագետների ներառում, նոր ծրագրերի մշակում, ինչն էլ իր հերթին կապված է մեծածավալ ֆինանսական ծախսերի հետ, որին այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի տիրապետում: Ավելին, համապատասխան մասնագետների ներառման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և շահագործման համար պահանջվելու է առավել երկար ժամկետ:

 

    Հարգանքով`   ԷԴՈՒԱՐԴ  ԱՂԱՋԱՆՅԱՆ