«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-399-18.10.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալներով 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ներմուծված գարեջրի ծավալը կազմել է 22.6 մլն լիտր, որից 17.9 մլն լիտրը (կամ 79.4%-ը) արտադրվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ներմուծված գարեջրի ծավալը կազմել է 21.6 մլն լիտր, որից 17.6 մլն լիտրը (կամ 81.5%-ը) արտադրվել է Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն, 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ներմուծված գարեջրի ընդհանուր ծավալներում Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի կշիռը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 2.1%-ով, ինչը նշանակում է, որ գարեջրի իրացման շուկայում տեղական արտադրության գարեջրի մրցակցային դիրքերը չեն վատացել: Ընդ որում, ակցիզային հարկի արդյունավետ (միջին) դրույքաչափը 1 լիտր գարեջրի համար 2018 թվականին կազմել է 113.9 դրամ, իսկ 2017 թվականին՝ 116.3 դրամ:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորմամբ բարձրացված խնդիրը իրապես կարող է գոյություն ունենալ, սակայն գարեջրի ոչ բոլոր գնային սեգմենտներում: Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ եթե ԵԱՏՄ անդամ համարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում հիմնականում ցածր և միջին գնային դասի գարեջուր, ապա ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում հիմնականում բարձր գնային դասի գարեջուր: Հետևաբար, գարեջրի մասով ակցիզային հարկի միայն հաստատուն դրույքաչափի կիրառությունը կնշանակի, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բարձրարժեք գարեջրի գնի կառուցվածքում ակցիզային հարկի տեսակարար կշիռը էականորեն ցածր է լինելու Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ԵԱՏՄ անդամ համարվող պետություններից ներմուծվող՝ ցածր և միջին գնային դասի գարեջրի գնի կառուցվածքում ձևավորվող ակցիզային հարկի տեսակարար կշռի համեմատությամբ: Արդյունքում նախադրյալներ են ստեղծվելու, որպեսզի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող բարձրարժեք գարեջրի գինը նվազեցվի՝ դրանով իսկ մրցակցության մեջ մտնելով տեղական արտադրության գարեջրի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ գտնում ենք, որ առավել նպատակահարմար է գարեջրի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը վերանայել այնպես, որպեսզի ցածր և միջին գնային դասի գարեջրի համար բոլոր դեպքերում կիրառելի լինի հաստատուն դրույքաչափը՝ անկախ այն հանգամանքից, թե խոսքը վերաբերում է տեղական արտադրության, թե ԵԱՏՄ անդամ համարվող կամ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող գարեջրին, իսկ բարձր գնային դասի գարեջրի համար այդուհանդերձ կիրառելի լինի ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափը:

Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ անհրաժեշտ է տարեցտարի որոշակիորեն բարձրացնել գարեջրի համար սահմանվող ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափը, քանի որ՝

1) քաղաքականության այս ուղղությունն իրականացվում է նաև ակցիզային հարկով հարկման ենթակա այլ ապրանքների մասով,

2) ԵԱՏՄ անդամ պետություններում նույնպես իրականացվում է ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի աստիճանական բարձրացման և ներդաշնակեցման քաղաքականություն,

3) եթե ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը ժամանակին զուգընթաց չեն բարձրացվում, ապա ապրանքների գնաճի արդյունքում շարունակաբար նվազում է գնի կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը,

4) սպառման հարկերի, այդ թվում՝ ակցիզային հարկի դրույքաչափերի աստիճանական բարձրացման և դրա հաշվին ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունը, որպես ծրագրային դրույթ, ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:

Բացի դրանից, հայտնում ենք, որ խնդրո առարկա հարցը մանրամասն քննարկվել է նաև առաջիկայում իրականացվելիք՝ հարկային բարեփոխումների ուղղությունների քննարկման շրջանակներում: Քննարկումների սկզբնական փուլում նախնական որոշում կայացվեց հանել գարեջրի համար սահմանված ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափը և զուգահեռաբար բարձրացնել հաստատուն դրույքաչափը, սակայն հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ առաջարկվել է մեկ անգամ ևս քննարկել բարձրարժեք գարեջրի համար այդուհանդերձ տոկոսային դրույքաչափ կիրառելու նպատակահարմարությունը:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակներում անդրադառնալու է խնդրո առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը և առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչև հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը: