«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-380-1.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության դրական պարտականությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության ուղղությամբ, և իրավական կառուցակարգեր կձևավորվեն՝ հակազդելու եկեղեցու նկատմամբ հանրորեն վնասակար գործողություններին:

Նախագծի 1-ին հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության 18-րդ, 41-րդ և 44-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների համադրային վերլուծությանը: Այսպես՝ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ հավաքների ազատությունը երաշխիք է սահմանադրական և տարաբնույթ այլ իրավուքների պաշտպանության համար, քանի որ այն հնարավորություն է տալիս անձանց անմիջականորեն մասնակցելու պետական կյանքի կարևորագույն հարցերի առնչությամբ հասարակական կարծիքի ձևավորմանը: Նշված իրավունքը համահունչ է այդ իրավունքի վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիմնադրույթներին: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների հռչակագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և միությունների ազատության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք: Հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով:

Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ՝ համաձայն որոնց, մասնավորապես.

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում, և այն, ինչպես և արտահայտվելու ազատության իրավունքը, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկն է (տես՝ Քրիստոնեա-ժողովրդավարական ազգային կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, թիվ 28793/02, §62, ՄԻԵԴ 2006-11).

- պետությունները ոչ միայն պետք է երաշխավորեն խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, այլ նաև պետք է ձեռնպահ մնան այդ իրավունքի նկատմամբ անհիմն և անուղղակի սահմանափակումներ կիրառելուց: Հաշվի առնելով հավաքների ազատության իրավունքի կարևոր բնույթը և ժողովրդավարության հետ դրա սերտ կապը՝ պետք է առկա լինեն համոզիչ և ծանրակշիռ պատճառներ՝ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունն արդարացնելու համար (տե՛ս Օոտանիո Տոքսոն և այլք ընդդեմ Հունաստանի, թիվ 74989/01, §36, ՄԻԵԴ 2005-X (քաղվածքներ).

- անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել (էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France), թիվ 11800/85, 1991 թ. ապրիլի 26-ի վճիռ, Գալստյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 26986/03, 15.11.2007 թ. վճիռ).

- հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում՝ ներառյալ երթևեկության խաթարում, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, այլապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության սկզբունքը կիմաստազրկվի (Աշուղյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 33268/03, 17.07.2008 թ. վճիռ, Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի (Oya Ataman v. Turkey), թիվ 74552/01, 2006 թ. դեկտեմբերի 5-ի վճիռ).

- Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմնական նպատակը հանրային իշխանությունների կամայական միջամտությունից անհատի երաշխավորված իրավունքների պաշտպանությունն է (Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom, թիվ 11002/05, 2007 թ. փետրվարի 27-ի վճիռ):

Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-1304 որոշմամբ արձանագրել է, որ.

- ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս կաշկանդված է մարդու և քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով,

- անձն ազատ է հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման տեսանկյունից, սակայն հավասարակշռվածություն պետք է լինի անձի այդ իրավունքի և այլոց իրավունքների ու ազատությունների իրացման միջև: Այդ հավասարակշռվածության ապահովման պարտականությունը մի կողմից կրում է պետությունը, որը համապատասխան մարմինների (ոստիկանության) միջոցով ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, մյուս կողմից՝ հավաքին մասնակցող անձը, որը պետք է դրսևորի այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող վարքագիծ,

- յուրաքանչյուր կոնկրետ գործով իրավակիրառողի կողմից պետք է գնահատվի՝  արդյո՞ք արարքը կոպտորեն խախտում է հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, և որքանո՞վ են իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերել խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաքների ազատության սկզբունքը չիմաստազրկվի:

Հարկ  է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, սահմանադրորեն ճանաչելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, գնահատել է հայ ժողովրդի կյանքում վերջինիս բացառիկ դերն ու նշանակությունը, սակայն նման առանձնահատուկ հարաբերությունների հաստատումը դեռևս չի նշանակում, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերապահվել է հանրային իրավական կարգավիճակ, և այն դարձել է պետական, գաղափարական, սոցիալական ոլորտներում լիիրավ մասնակից, քանի որ ինչպես վերջինիս, այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների մասնավոր իրավական կարգավիճակը սահմանելիս՝ պետությունը կրոնին և եկեղեցուն վերապահել է ոչ թե պետաքաղաքական, այլ սոցիալ-մշակութային գործառույթ: Այդ առումով նախագիծն անհրաժեշտ է դիտարկել նաև կրոնական կազմակերպությունների իրավահավասարության տեսանկյունից:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է արձանագրել, որ նախագծով նախատեսված կարգավորումները կարող են վտանգել և խախտել անձի որոշակի իրավունքի և այլոց իրավունքների ու ազատությունների իրացման միջև առկա հավասարակշռությունը: Հավաքների ազատության նման արգելքի սահմանումը թեև չի բխում հասարակական կարգի պահպանության նպատակից, այդուհանդերձ այն կարող է հիմնավորված լինել այլոց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից: Հավաքների անցկացումը կարող է խախտել, օրինակ՝ կրոնական ազատության իրավունքը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ollinger v. Austria (2006) գործով` հավաքին չմասնակցող անձանց իրավունքները կարող են խախտվել հավաքի անցկացման հետևանքով: Այդպիսի իրավունքներից է կրոնական ազատության իրավունքը: Այդ հիմքով հավաքն արգելելու համար անհրաժեշտ է համոզվել, որ հավաքն անմիջականորեն խաթարում է կրոնական ազատության իրավունքի իրականացումը, ընդ որում՝ լիազոր մարմինը նման վտանգի առկայության դեպքում պետք է հավաքի կազմակերպիչների հետ քննարկի այլոց իրավունքների խախտումներից խուսափելու տարբերակները: Հետևաբար՝ Սահմանադրությամբ և «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսված՝ «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» հիմքով հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը իրավաչափ է՝ անկախ առաջարկվող հիմքը օրենքում ամրագրելուց:

Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախատեսված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանել տուգանք՝ ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման, այնպես էլ անհատապես այն անձանց նկատմամբ, ովքեր կիրականացնեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու, նրա ծիսակարգի, սրբապատկերների, հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական և վիրավորական գործողություններ՝ ներառյալ եկեղեցական պատարագների և այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը:

Հիշյալ իրավակարգավորման բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ ենք համարում այն դիտարկել ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի համակարգային վերլուծության համատեքստում:

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսերի կատարումը խոչընդոտելու համար:

Հիշյալ հոդվածի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը Սահմանադրությամբ ամրագրված՝ մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, և տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է նրանով, որ հանցավորը խոչընդոտում է՝

1) կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը կամ

2) կրոնական ծեսերի կատարումը:

Ընդ որում՝ կրոնական կազմակերպություն ասելով՝ հասկացվում են ցանկացած դավանանքի հավատացյալների հասարակական միավորումները:

Հարկ է նաև նշել, որ կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը խոչընդոտելը կարող է կատարվել ինչպես գործողությամբ, այնպես էլ՝ անգործությամբ, իսկ կրոնական ծեսերի կատարումը խոչընդոտելը կարող է արտահայտվել հավատացյալների վրա ցանկացած տեսակի ներգործությամբ, որը տեղի է ունենում նրանց կողմից որոշակի ծիսակատարությանը մասնակցելուն խանգարելու կամ տվյալ արարողության անցկացումը կամ դրա հետագա ընթացքը խափանելու համար:

Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով, հետևաբար նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Ամփոփելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծերով ներկայացված փոփոխություններից՝ ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից, և առաջարկում գործող օրենքների փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: