«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-376-28.09.2018-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Նախագծի 1-ին հոդվածում «մայիսի 8-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «ապրիլի 14-ի» բառերով՝ նկատի ունենալով, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է  1999 թվականի ապրիլի 14-ին: Առաջարկում ենք նաև հանել «, եռամսյակների» բառը, քանի որ ըստ եռամսյակների ուսման գանձումների դեպքում բուհերի համար կստեղծվեն հնարավոր ֆինանսական բարդություններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բուհերում ակադեմիական տարին բաղկացած է 2 հիմնական ուսումնական կիսամյակներից՝ ուսումնական տարվա ընթացքում համապատասխան ուսումնական, քննաշրջանի և պարտադիր արձակուրդների շաբաթներով: Հետևաբար, բուհերի կողմից ուսման վարձավճարների գանձումները, ինչպես նաև ուսանողների տեղափոխության և վերականգնումների գործընթացները (վերջինիս հետ կապված համապատասխան վճարումները՝ նաև կրեդիտներով պայմանավորված) իրականացվում են ըստ կիսամյակների:
  2. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք միացնել 1-ին հոդվածին՝ նկատի ունենալով, որ երկու հոդվածներն էլ վերաբերում են օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին: Միաժամանակ, «6-րդ կետից հանել 6-րդ պարբերությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «6-րդ կետի 6-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել» բառերով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջների:
  3. Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ի մասի պահանջներին:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որից բխող այլ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ առաջարկվող կարգավորմամբ: