«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-375-28.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի 336-րդ, 348-րդ և 352-րդ հոդվածներում նախատեսված հանցակազմերի օրենսդրական ձևակերպումներում հստակեցնել դրանց սուբյեկտային շրջանակը, որոշակիացնել դրանցով նախատեսվող օբյեկտիվ կողմի դրսևորումները, ինչպես նաև ամբողջականացնել քրեական արդարադատության ոլորտ ներգրավված անձի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության քրեաիրավական կառուցակարգերը: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է քրեական օրենսգիրքը լրացնել նոր 3361-րդ հոդվածով՝ «Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը» վերտառությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով ստորև ներկայացված հանգամանքները.

1. Նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումներում և դրանց կից ներկայացված հիմնավորումներում մատնանշված հասարակական հարաբերություններն արդեն իսկ պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ուստի գտնում ենք, որ Նախագիծը պատշաճ հիմնավորված չէ, և դրա ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

2. Նախագծի հոդվածներում, որպես ծանրացնող հանգամանք, ամրագրված է «անզգուշությամբ անձի մահվան հանգեցնելը», որը կարծում ենք անմիջական պատճառահետևանքային կապ չունի դրսևորված հանցավոր արարքների հետ:

3. Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող և լրացվող 336-րդ հոդվածի 2-րդ, 336.1-ին հոդվածի 2-րդ և 348-րդ հոդվածի 3-րդ մասերում, որպես ծանրացնող հանգամանք, նախատեսված է արարք, որը «հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի», մինչդեռ հիշյալ հոդվածներում «առանձնապես խոշոր չափը» չի սահմանվում: