«ՀԱՏՈՒԿ  ՊԵՏԱԿԱՆ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ   ԱՊԱՀՈՎՄԱՆ   ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  (Պ-372-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ` նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.

1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ oրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև` օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։ Սույն հոդվածի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետի թեկնածուն: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Սույն հոդվածի իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն` կրոնական գործիչներին վարչապետի որոշմամբ կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե՛ պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե՛ վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:

Հարկ է նշել, որ ըստ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանության՝ նշված անձանց պետական պահպանության ապահովման անհրաժեշտության հարցը թողնված է վարչապետի հայեցողությանը, և պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են՝ ելնելով անհրաժեշտության չափանիշներից, այսինքն՝ ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից: Ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ պետական պահպանությունից օգտվող անձանց շրջանակը (այդ թվում՝ կրոնական գործիչների) կարող է վերանայվել՝ կրճատվել կամ ավելացվել՝ ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից, ինչպես նաև այլ իրավիճակից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն՝ անհրաժեշտությունից ելնելով, վարչապետի որոշմամբ պետական պահպանություն կարող է տրամադրվել ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ նաև մյուս կրոնական գործիչներին, քանի որ օրենքով այդ հնարավորությունն ամրագրվել է բոլորի համար: Այդ առումով գտնում ենք, որ օրենքն առավել ճկուն կարգավորումներ է նախատեսում՝ տվյալ հարցի կարգավորումը թողնելով վարչապետի հայեցողությանը, որը որոշում է ընդունում՝ ելնելով կոնկրետ իրավիճակից:

Ամփոփելով, հաշվի առնելով բարձրացված հարցի օրենքով նախատեսված կարգավորումների առկայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: