ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1119-15.11.2016-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծի վերաբերյալ, որպես սկզբունքային դիտողություն, մասնավորապես հարկ է նշել, որ նախագծի 1-ին հոդվածում սահմանվում է, որ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքները եւ պարտականությունները, իսկ նախագծի  2-րդ եւ 3-րդ հոդվածներում թվարկված են պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները:

Եթե նշված նախագծի կարգավորման առարկան միայն պատգամավորի  գործունեության երաշխիքներն են (դա բխում է օրենքի վերնագրից), ապա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծում պատգամավորի իրավունքների եւ պարտականությունների մասին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: Իրավունքներն ու պարտականությունները երաշխիքներ չեն: Երաշխիքներն այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք պետք է ապահովեն պատգամավորի արդյունավետ գործունեությունը: Դրանք սահմանվում են պատգամավորի սահմանադրական կարգավիճակից բխող իրավունքների եւ պարտականությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Մինչդեռ, եթե նախագիծը նպատակ ունի ամբողջապես կարգավորելու պատգամավորի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը, ապա նախագծի վերնագիրը հարկ կլինի փոխել:

Բացի դրանից, նախագծում թվարկված իրավունքներն ու պարտականություններն  արդեն իսկ ամրագրված են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (այսուհետ՝ կանոնակարգ օրենք): Տարբերությունն այն է, որ կանոնակարգ օրենքում նախատեսված չեն այնպիսի իրավունքներ, ինչպիսին է, օրինակ, հարցումներով եւ առաջարկներով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին դիմելու, իր բարձրացրած հարցերի քննարկմանը մասնակցելու, ինչպես նաեւ գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու եւ պատգամավորի այլ իրավունքները:

Այս առումով նշված նախագծի իրավակարգավորման առարկա պետք է հանդիսանան բացառապես պատգամավորի գործունեության երաշխիքները, մինչդեռ, կարգավորման առարկան ընդլայնվել է` ընդգրկելով պատգամավորի իրավական կարգավիճակը, որը հանդիսանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորման առարկա: Ուստի, այս դեպքում առաջարկում ենք ամբողջական տեսքով միատեսակ կարգավորում  նախատեսել կանոնակարգ օրենքով՝ ձեռնպահ մնալով նախագծում նույնաբովանդակ դրույթների կրկնությունից՝ հաշվի առնելով, որ, որպես պատգամավորի կարգավիճակի հիմք, նրա իրավունքներն ու պարտականությունները նպատակահարմար է ամրագրել առավել բարձր իրավական ուժ ունեցող սահմանադրական օրենքում, ինչը կապահովի այդ իրավունքների լեգիտիմության առավել բարձր աստիճան: Նշված առաջարկը բխում է նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն, իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

Ընդհանրապես, պառլամենտական իրավունքում պատգամավորների գործունեության իրավական երաշխիքները բխում են պատգամավորի սահմանադրաիրավական կարգավիճակից: Խոսելով իրավական երաշխիքների մասին ընդհանրական եւ մասնավոր բնորոշիչներով` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ պատգամավորական իմունիտետի հարցերին: Թե գրականության մեջ եւ թե տարբեր երկրների կողմից հարցին տրված կարգավորումներից պարզ է դառնում, որ պատգամավորական իմունիտետի բաղադրիչները հիմնականում երկուսն են՝ պատգամավորական ինդեմնիթետը եւ իմունիտետը: Ընդ որում, ինդեմնիթետի երկու մեկնաբանություններն են՝ ա. պատգամավորի վարձատրության, փոխհատուցումների, արձակուրդի, կենսաթոշակի, օգնականի եւ աջակցող այլ աշխատակազմի ու նյութատեխնիկական ապահովման եւ բ. հրամայական մանդատով պայմանավորված իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար չհետապնդվելու եւ պատասխանատվության չենթարկվելու բաղադրիչները: Պատգամավորական իմունիտետին տրված առավել նեղ մեկնաբանությունը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ հարուցելու երաշխիքն է:

Ուստի, նախագծում ամրագրելով, որ օրենքի կարգավորման առարկան պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների սահմանումն է` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ նաեւ պատգամավորական իմունիտետի եւ դրա մեխանիզմների կարգավորման հարցերին:

Մյուս կողմից, եթե նկատի ունենանք, որ իմունիտետի հարցերի վերաբերյալ կարգավորումներ է պարունակում նաեւ կանոնակարգ օրենքի նախագիծը, առաջարկում ենք պատգամավորական իմունիտետի համակարգային կարգավորումները միասնական տեսքով նախատեսել կամ նախագծում կամ կանոնակարգ օրենքի նախագծում:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հարցեր» բառն անհրաժեշտ է փոխարինել  «հարաբերություններ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով»: Այդ առումով անհրաժեշտ ենք համարում նշել, որ պատգամավորի գործունեության երաշխիքներն առաջին հերթին սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Խոսքը վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը (հոդված 96), որի ընթացակարգը կարգավորվում է կանոնակարգ օրենքի նախագծով (հոդված 117): Ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով:»

4. Եզրակացության առաջին կետում նշված դիրքորոշումը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոններին եւ պատգամավորի շահերի բախմանը: Վերջիններս չեն հանդիսանում գործունեության երաշխիքներ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կարգավորման առարկա են: Ավելին, նշված ինստիտուտներն արդեն իսկ նախատեսված են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող կանոնակարգ օրենքի նախագծում (հոդված 3, 4):

5. Նախագծի 6-րդ հոդվածում նշված իրավունքներն ու նախատեսված ժամկետները պետք է համապատասխանեցվեն կանոնակարգ օրենքում նշված ժամկետների հետ:

6. Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին պատգամավորի մասնակցության կարգավորումները, հոդվածի 3-րդ մասում նշվում է Հաշվեքննիչ պալատի նիստերին պատգամավորների մասնակցության մասին: Հաշվի առնելով, որ գործող կարգավորումը նախատեսում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին պատգամավորի մասնակցությունը` առաջարկում ենք նոր մշակվող «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանակներում վերանայել նախագծի նշված կարգավորումը:

7. Նախագծի 10-րդ հոդվածով սահմանված է, որ «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին կանոնակարգով նախատեսված կարգով տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում»: Այս կապակցությամբ նշենք, որ ոչ «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող օրենքը եւ ոչ էլ նախագիծը հատուցման կարգ չեն նախատեսում: Նախագծով նախատեսված չէ նաեւ, թե, արդյոք, այդ կարգի սահմանումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի իրավասությանը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ որպես կանոնակարգ օրենքի նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսական միջոցները տնօրինողի: Բացի դրանից, հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն նախատեսում է նախագծին համապատասխան` Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման համար անհրաժեշտ միջոցներ, քանի որ նախագծից հետեւում է, որ Երեւան քաղաքում բնակարան չունեցող յուրաքանչյուր պատգամավորի համար պետք է ապահովվի ամբողջական փոխհատուցում:

8. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է պատգամավորի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, հանձնաժողովի նիստերին կամ խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ հանձնաժողովի նախագահին նախապես տեղյակ պահելու պարտականությունը: Նշված հարցը չի հանդիսանում նշված նախագծի կարգավորման առարկա եւ արդեն իսկ կարգավորված է կանոնակարգ օրենքի նախագծում (հոդված 3):

9. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերից առաջարկում ենք հանել «հերթական» բառը, քանի որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կիրառվում է «ամենամյա արձակուրդ» եզրույթը:

10. Նախագծի 13-րդ հոդվածի`

1) 5-րդ մասում սահմանվում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոնների սպառիչ ցանկը: Առաջարկում ենք հստակեցնել, թե, արդյոք, նշված պաշտոնների շրջանակը, ըստ էության, չի ընդգրկում միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ միջխորհրդարանական հանձնաժողովներում պատգամավորների զբաղեցրած պաշտոնները (այս հարցը բարձրացվել է նաեւ կանոնակարգ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված եզրակացությունում).

2) 10-րդ մասով սահմանվում է, որ «Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովելու համար պատգամավորը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին եւ իր անդամակցած հանձնաժողովի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական կամ օրենքով չարգելված այլ աշխատանքի մասին»: Առաջարկում ենք հանել «կամ օրենքով չարգելված այլ» բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պատգամավորը, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելու իրավունք չունի, եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ համապատասխան պատգամավորին համատեղությամբ կատարվող աշխատանքի մասին իրազեկելը կարեւորվում է միայն վճարովի գործունեության նշված տեսակների մասով:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
  

Հարգանքով` 
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ), որի ընդունումը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերին ընդունված  ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի պահանջով, նախատեսվում է պատգամավորի գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ, որոնք ամրագրված են Ազգային ժողովի կանոնակարգում, սահմանել առանձին օրենքով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով կարգավորվում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի իրավունքները, պարտականությունները, նրա գործունեության իրականացման իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքները, եւ Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2009   թվականի   հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման  իրականացման  կարգը  հաստատելու  մասին»  թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի  պարունակում:

Եզրակացություն

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: