ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1074-28.09.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1) մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով ապառքներ եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ ունեցող հարկ վճարողները, ովքեր, ըստ հաստատված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի, կկատարեն պարտավորությունները, կազատվեն հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից.

2) արտոնության կիրառման նպատակով հարկ վճարողները հարկային պարտավորությունների ժամանակացույց ստանալու համար մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն դիմում.

3) դիմումն ստանալուց հետո հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում եւ հաստատում է հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է հարկային պարտավորությունները կատարել մինչեւ համապատասխան ժամկետը: Կախված պարտավորության գումարի չափից՝ առաջարկվում է սահմանել պարտավորությունների մարման համապատասխան ժամկետներ եւ ամսական չափեր (մինչեւ 70 մլն դրամի դեպքում` պարտավորության մեկ վեցերորդի չափով, մինչեւ 2017 թվականի հունիսի 30-ը, 70 մլն դրամից ավելիի դեպքում` մեկ տասերկուերորդի չափով, մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը):

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ներկայացված խմբագրությամբ օրենքի նախագծով հստակ չի կանոնակարգվում հարկային արտոնությունների տրամադրման գործընթացը, օրենքի նախագծի հոդվածների միջեւ առկա են անհամապատասխանություններ, որի հետեւանքով, օրենքի նախագծի ընդունման պարագայում արտոնությունների կիրառման առումով այն կարող է առաջացնել խնդրահարույց հարցեր: Մասնավորապես`

1. 2-րդ հոդվածով սահմանվում են նոր հասկացություններ, որոնք տարբերվում են գործող հարկային օրենսդրությամբ նույն հասկացությունների համար տրված սահմանումներից: Մասնավորապես, օգտագործվում է «շահառու» հասկացությունը, եւ այդ հասկացության մեջ առանձնացվում են կազմակերպությունը, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպությունները.

2. 2-րդ հոդվածի համաձայն շահառու են հանդիսանում կազմակերպությունները: Այսինքն` օրենքի նախագծով առաջարկվող հարկային արտոնություններից կարող են օգտվել նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունները, ինչը անհասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ, օրենքի նախագծի հիմնավորման համաձայն, օրենքի նախագծի նպատակը ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացումն է.

3. 2-րդ հոդվածի համաձայն շահառու համարվելու համար հիմք է ընդունվում շահութահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի մասով պարտավորություններ ունենալը: Այսինքն` օրենքի նախագծի համաձայն շահառու կարող են հանդիսանալ միայն նշված հարկատեսակների, հաստատագրված վճարի եւ պետական տուրքի մասով պարտավորություններ ունեցող հարկ վճարողները: Օրենքի նախագծով ներկայացված «հարկային պարտավորություն» հասկացության սահմանման համաձայն, սակայն, ստացվում է, որ հարկային պարտավորություն են համարվում ոչ միայն նշված հարկատեսակների եւ վճարատեսակի մասով պարտավորությունները, այլ առհասարակ բոլոր պարտադիր վճարների գծով պարտավորությունները (օրինակ՝ բնապահպանական կամ բնօգտագործման վճարը եւ այլն): Ստացվում է, որ շահառու համարվելու համար հիմք է ընդունվում առանձին հարկատեսակների գծով պարտավորություններ ունենալու հանգամանքը, իսկ որպես հարկային պարտավորություն, որի նկատմամբ նախատեսվում է կիրառել արտոնություն՝ ընդհանրապես հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով ապառքները եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տուգանքները:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու են շահառու համարվելու համար հիմք ընդունվում միայն որոշ հարկատեսակների եւ, առանձնապես, տարեկան պետական տուրքի գծով ժամկետանց պարտավորությունները: Խնդիրը, հատկապես, այն է, որ տարեկան պետական տուրքի մասով առաջարկվող արտոնության կիրառության հետեւանքով առաջանալու են մի շարք խնդիրներ, որոնք օրենքի նախագծով կարգավորված չեն: Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն, տարեկան պետական տուրքի գծով չկատարված պարտավորությունները հիմք են տնտեսվարող սուբյեկտներին տրված լիցենզիաների գործողությունը կասեցնելու համար: Օրենքի նախագծով, սակայն, չեն կարգավորվել  առաջարկվող արտոնությունների կիրառությունից հետո կասեցված լիցենզիաների հետ կապված հարցերը.

4. օրենքի նախագծից պարզ չէ, արդյոք պարտավորությունների մասնակի մարումների դեպքում արտոնությունները կիրառվելու են այդ մարումներին համամասնորեն, թե՝ ոչ եւ, հետեւաբար, պարզ չէ նաեւ ժամանակացույցի խախտումների դեպքում ինչ գումարների մասով են վերականգնվելու հարկային պարտավորությունները, օրինակ՝ տույժերը: Բացի դրանից՝ հարկ է նկատել, որ, օրենքի նախագծի 5-րդ հոդվածի համաձայն, ժամանակացույցի խախտման դեպքում հարկային մարմինն իրավասու է դիմելու դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, մինչդեռ գործող օրենսդրության համաձայն, հարկային պարտավորությունների բռնագանձումն իրականացվում է արտադատարանական կարգով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված խմբագրությամբ օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ  Դավիթ Անանյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`        
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

 Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է` սահմանել հարկային պարտավորությունների վճարման կարգ` մինչեւ 70 միլիոն եւ 70 միլիոնից ավելի ՀՀ դրամ հարկային պարտավորություն ունեցող շահառուների (հարկ վճարողներ) համար:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են մի շարք ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի`  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, նախատեսվում է սահմանել մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ հարկային եւ (կամ) այլ պարտադիր վճարների գծով ապառքներ եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ ունեցող տնտեսավարողների եւ հարկային մարմնի միջեւ այդ պարտավորությունների մարման ժամանակացույցի կնքման պարտադիր նորմեր:

Ներկայումս ՀՀ օրենսդրությունը սահմանում է հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի սահմանման հնարավորություն, սակայն այն կրում է հայեցողական բնույթ եւ հարկային մարմնին տրված է սուբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առանձին հարկատեսակների, պետական տուրքի գծով ապառքներ, տույժեր եւ տուգանքներ ունեցող հարկ վճարողները, ովքեր ըստ հաստատված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի կկատարեն պարտավորությունները, կազատվեն հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: