ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի եւ Մկրտիչ Մինասյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1055-06.09.2016-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծի 1-ին հոդվածի՝

1) 1-ին մասով, ըստ էության, առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված՝ պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմի առարկայում եւ օբյեկտիվ կողմում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նշված հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, արխիվային կամ այլ փաստաթղթերը ոչնչացնելը, վնասելը, կեղծելը կամ աղավաղելը»: Առաջարկը նպատակ ունի`

ա. հոդվածով պաշտպանվող առարկաների ցանկը լրացնել արխիվային փաստաթղթերով,

բ. ոտնձգության եղանակների շարքը լրացնել «կեղծելով» եւ «աղավաղելով»:

Առաջարկվող լրացումներից առաջինը պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող արխիվային փաստաթղթերը քրեաիրավական պաշտպանության վերցնելու նպատակի տեսանկյունից անհրաժեշտ չէ, քանի որ հանցակազմի գործող ձեւակերպման պայմաններում էլ ցանկացած՝ այդ թվում արխիվային փաստաթուղթ, ենթակա է քրեաիրավական պաշտպանության, եթե ունի պատմական կամ մշակութային առանձնակի արժեք: Իսկ քրեաիրավական պաշտպանության օբյեկտները նման արժեք չներկայացնող փաստաթղթերով համալրելու համար անհրաժեշտ է ներկայացնել համակողմանի հիմնավորում, ինչը չի արվել նախագծի հեղինակների կողմից:

Ինչ վերաբերում է առաջարկվող 2-րդ լրացմանը, ապա Հրաչյա Աճառյանի՝ Ժամանակակից հայերենի բացատրական բառարանի համաձայն՝ աղավաղել նշանակում է՝ «1. Խեղաթյուրել, իրողությունը փոփոխված ներկայացնել, 2. բնական կերպն աղճատել, դեպի վատը փոփոխել, 3. բնագիրը սխալներով վերարտադրել, 4. փչացնել, խանգարել, կործանել»: Աղավաղել բառի՝ ներկայացված բացատրության համատեքստում պարզ չէ, իսկ նախագծի հեղինակների կողմից էլ չի հիմնավորվել, թե հանցագործության առարկաներն ինչ ձեւերով կարող են աղավաղվել, որոնք չեն ընդգրկվի օրենքով սահմանված՝ վնասելու եւ ոչնչացնելու, եղանակների մեջ:

Բացի դրանից՝ աղավաղել հնարավոր է փաստաթղթի բովանդակությունը, այլ ոչ ինքը փաստաթուղթը: Ինչ վերաբերում է կեղծելուն, ապա փաստաթուղթը կեղծելն արդեն իսկ ընդգրկվում է այն վնասելու մեջ: Իսկ եթե նախագիծը նպատակ ունի քրեական պատասխանատվություն սահմանել պատմության, մշակույթի հուշարձաններ կամ պատմական, մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կեղծելու համար, այդ առաջարկը հստակորեն հիմնավորված չէ.

2) 2-րդ մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների, կամ առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթի կամ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն կամ հարստություն համարվող արժեքների (օբյեկտների, տեղեկությունների տվյալների) նկատմամբ»: Առաջարկվող լրացումը նպատակաուղղված է նշված հոդվածով պաշտպանության ենթակա առարկաների շրջանակն առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն կամ հարստություն համարվող արժեքներով (օբյեկտներ, տեղեկություններ, տվյալներ) ընդլայնելուն: Հաշվի առնելով, որ առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթուղթը կամ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն կամ հարստություն համարվող արժեքներն ինքնին առանձնակի արժեք ունեցող օբյեկտներ են, հետեւաբար, առաջարկվող լրացումն անհրաժեշտ չէ: Քննարկվող հանցակազմի՝ մատնանշված առարկաների նույնական լինելու մասին է վկայում նաեւ այն, որ նախագծով առաջարկվող լրացման մեջ եւս «մշակութային ժառանգություն կամ հարստություն համարվող արժեքներ» արտահայտությունը բացատրվում է այդ թվում «օբյեկտ» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական, արխիվային եւ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ (տվյալներ) կազմելը կամ հանձնելը, ինչպես նաեւ տվյալներն աղավաղելը կամ առանց հիմնավոր փաստերի հրապարակելը»: Առաջարկվող լրացումը նպատակ ունի արխիվային փաստաթղթերը ներառել խնդրո առարկա հանցակազմում, իսկ իբրեւ հանցակազմի օբյեկտիվ կողմի եղանակ՝ նախատեսել նաեւ տվյալներն աղավաղելը կամ առանց հիմնավոր փաստերի հրապարակելը: Առաջին լրացման առնչությամբ հարկ է նշել, որ պաշտոնեական կեղծիքը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն է, եւ դրանով պայմանավորված՝ դրա առարկան պաշտոնական փաստաթղթերն են: Այս համատեքստում այն արխիվային փաստաթղթերը, որոնք նաեւ պաշտոնական են, գործող ձեւակերպման պայմաններում արդեն իսկ պաշտպանվում են քննարկվող հոդվածով: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական փաստաթուղթ չհամարվող արխիվային փաստաթղթերին, ապա դրանք քննարկվող հանցակազմի օբյեկտով պայմանավորված՝ չեն կարող համարվել պաշտոնեական կեղծիքի առարկա: Անդրադառնալով օբյեկտիվ կողմում «աղավաղել» եղանակն ավելացնելու առաջարկին՝ պետք է նշել, որ դրան եւս վերաբերելի են եզրակացության 1-ին կետում համանման առաջարկի վերաբերյալ արված դիտարկումները:

Ինչ վերաբերում է քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը «առանց հիմնավոր փաստերի հրապարակել» եղանակով համալրելու առաջարկին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ հրապարակումը պաշտոնեական կեղծիքի հատկանիշ չէ եւ չի տեղավորվում այդ հանցակազմի բովանդակության մեջ: Հետեւաբար, նման արարքի համար քրեական պատասխանատվություն չի կարող նախատեսվել խնդրո առարկա հոդվածով:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումներով նախատեսվել եւ աշխատանքային խմբի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: Ուստի առաջարկում ենք ներկայացված նախագիծը քննարկել նշված նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, արխիվային կամ այլ փաստաթղթերը ոչնչացնելը, վնասելը, կեղծելը կամ աղավաղելը դարձնել քրեորեն պատժելի:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն եւ հարստություն համարվող արժեքները, ինչպես նաեւ առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթերը ոչնչացնելը, վնասելը, կեղծելը կամ աղավաղելը համարել քրեորեն պատժելի:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքներն` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն, իսկ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: