ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահե Էնֆիաջյանի ՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1053-06.09.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է իրականացնել Գյումրի քաղաքում գրանցված եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը պետական աջակցություն` դրանով իսկ խթանելով նորաստեղծ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինովացիոն գործունեությանը, արտահանմանը, բնակարանային շինարարությանը: Մասնավորապես, նախատեսվում է օրենքի նախագծով սահմանված ֆինանսական աջակցությունն իրականացնել պետական սուբսիդավորման, դրամաշնորհների տրամադրման, ծախսերի մասնակի փոխհատուցման ձեւերով:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1. օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ օրենքի նախագծի նպատակը Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության աջակցության հիմնական ուղղությունները սահմանելն է, իսկ 2-րդ հոդվածում սահմանվում են այդ ուղղությունները, որոնք են՝ նորաստեղծ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը, ինովացիոն գործունեության, արտահանման, բնակարանային շինարարության խթանումը: Հարկ է նկատի ունենալ այն, որ նշված ուղղություններով վարվող պետական քաղաքականությունը ներկայումս իրականացվում է համապատասխան ոլորտները կարգավորող գործող օրենքներով, մասնավորապես, «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության մասին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցության մասին» եւ մի շարք այլ կարգավորող օրենքներով, որոնցով սահմանվում են համապատասխան ոլորտներում պետական աջակցության հիմնական ուղղությունները եւ այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ինովացիոն գործունեության տեսակները բազմաթիվ եւ բազմապիսի են, կլինեն տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ՝ ընկերության գործունեությունն ինովացիոն համարել, թե՝ ոչ.

2. օրենքի նախագծի 3-րդ հոդվածով ամրագրված են ձեռնարկատիրական գործունեությանը պետական աջակցության հիմնական ձեւերը` ֆինանսական, ենթակառուցվածքային, տեղեկատվական եւ ինովացիոն, իսկ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում տրված է ձեռնարկատիրական գործունեությանը ֆինանսական աջակցության ձեւերի բացվածքը, որից ակնհայտ է, որ օրենքի նախագծում շեշտը դրված է պետական աջակցության բյուջետային աջակցության ձեւի վրա:

Բյուջետային աջակցության ձեւերի նման մանրամասնեցված ամրագրումն օրենքով կանխորոշելու դեպքում էականորեն կնվազեցնի օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանվող օրենքի նպատակի իրագործման գործիքակազմի, մեխանիզմների ընտրության եւ կիրառման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ճկունությունը.

3. օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի որոշ կետերով նախատեսվում է պետական սուբսիդավորում, ինչի հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «սուբսիդիա» հասկացությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման կարգը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եւ դրամաշնորհների հատկացման կագը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգով, որի համաձայն «Կարգի իմաստով սուբսիդիան` պետության հանձնարարությամբ եւ որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ կազմակերպության համար կապիտալ ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը եւ կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է։»:

Տեղին է նշել, որ գործնականում անհնար է որոշել օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ եւ 7-րդ ենթակետերով սահմանված պետական սուբսիդավորման չափը (շրջանառության հարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի մասով):

Այսպես՝

1) նորաստեղծ, մինչեւ 3 աշխատող ունեցող եւ շրջանառության հարկ վճարող հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած հարկի չափով պետական սուբսիդավորման մասով հստակեցված չէ, թե ինչպես է իրականացվելու հարկի չափով սուբսիդավորումը` հաշվետու տարում աշխատողների թվի փոփոխությունների դեպքում.

2) անհասկանալի է, թե ինչպես է որոշվելու Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների արտահանումից ստացվող շահույթից հաշվարկվող շահութահարկը, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի վարչական տարածքում իրականացված բնակարանային նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների մասով ավելացված արժեքի հարկը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող շահութահարկը եւ ավելացված արժեքի հարկը հաշվարկվում են ոչ թե առանձին վայրերում իրականացվող գործունեությունից կամ առանձին գործառնություններից, այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող բոլոր գործունեության տեսակներից (գործառնություններից) ստացվող եկամուտների (հարկվող շրջանառությունների) եւ կատարված ծախսերի (ձեռքբերումների) հիման վրա:

Հարկ է նկատի ունենալ նաեւ այն, որ ֆինանսական աջակցության արդյունքում տրամադրվող դրամաշնորհների, սուբսիդիաների, ծախսերի փոխհատուցման դեպքերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց մոտ կառաջանան լրացուցիչ հարկային պարտավորություններ («Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդված եւ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդված)։

Կարծում ենք, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից իրականացվող գործունեության արդյունքում ստեղծվող նոր արդյունքից հարկերի տեսքով պետությանը հասանելիք մասը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելուց հետո կրկին տնտեսվարող սուբյեկտին վերադարձնելու՝ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը բավարար հիմնավորված չէ:

Բացի դրանից՝ կարծում ենք նաեւ, որ օրենքի նախագիծը պետք է վերաբերի բացառապես Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին:

Օրենքի նախագծի ընդունումը կառաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն, որի չափը ներկայումս գնահատել հնարավոր չէ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել, իրականացնում եւ առաջիկայում կշարունակի իրականացնել ձեռնարկատիրական գործունեությանը պետական աջակցության զանազան ծրագրեր, եւ, օրենքի նախագծով նախատեսվող հիմնական ուղղություններին համապաստասխան, Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեությանը պետական աջակցությունը նույնպես պետք է իրականացվի այդ ծրագրերի շրջանակներում՝ բյուջետային հնարավորությունների սահմաններում՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված չափերով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի Նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀօրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին ուղղված պետական աջակցության ձեւերն ու ուղղությունները, մասնավորապես` ինովացիոն գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքների մինչեւ հիսուն տոկոսի, շրջանառության հարկի եւ շահութահարկի սուբսիդավորում, Գյումրի քաղաքում սոցիալական ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին պետական դրամաշնորհների, լիզինգային ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրում, ինչպես նաեւ արտահանվող ապրանքների արտահանման ռիսկերի պետական ապահովագրություն:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են անշարժ գույքի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքում առեւտրատնտեսական գործունեության շրջանակներում գործող որոշ շուկաների (ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների) հետ։ Նախագծի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա կարող է ունենալ դրական եւ բացասական ազդեցություն.

Դրական ազդեցություն`

Նախագծով առաջարկվող արտոնություններն ուղղված են Գյումրի քաղաքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, արտահանող կազմակերպությունների, բնակարանային շինարարություն իրականացնող տնտեսվարողների կողմից իրականացվող գործունեության խթանմանը, ինչի արդյունքում կընդլայնվեն վերջիններիս հնարավորությունները կազմակերպելու իրենց սեփական արտադրական գործընթացը, ինչն էլ կարող է հանգեցնել նշված շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների քանակի ավելացմանը:

Բացասական ազդեցություն`

Նախագծի ընդունման պարագայում, կցուցաբերվի տարբերակցված մոտեցում նշված արտոնություններից օգտվող սուբյեկտների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ տնտեսվարողների միջեւ` կարող են ձեւավորվել անհավասար մրցակցային պայմաններ, ինչն էլ կարող է հանգեցնել նշված շուկաներում մատակարարների (տնտեսվարողների) միմյանց հետ մրցելու հնարավորությունների սահմանափակմանը:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն` պայմանով, որ Նախագծով ներկայացված արտոնություններից կարող են օգտվել միայն Գյումրի քաղաքում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկությունները, մասնավորապես` նրանք, որոնց շրջանառությունը չի գերազանցում 115,0 մլն ՀՀ դրամը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)՝ տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության աջակցության հիմնական ուղղությունները, ձեւերը:

Նախագծով ներկայացված ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական աջակցության գաղափարն՝ ուղղված ՓՄՁ-ների, արտահանող կազմակերպությունների, բնակարանային շինարարություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրականացվող գործունեության խթանմանը, ընդհանուր առմամբ, գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարող է ունենալ դրական ազդեցություն: Միաժամանակ, առավել նպատակահարմար է Նախագծով սահմանվող դրույթները վերանայել ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ նաեւ տնտեսական զարգացման առումով Երեւանին էապես զիջող մյուս բոլոր համայնքների համար:

Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական աջակցության նպատակով որեւէ տարածաշրջանի առանձնացումն, ինքնըստինքյան, կարող է խնդիրներ առաջացնել հավասար մրցակցային պայմաններ ապահովելու տեսանկյունից. Գյումրի քաղաքի վարչական սահմաններից դուրս ցանկացած այլ համայնքում գործող տնտեսավարող հայտնվելու է անհավասար մրցակցային պայմաններում` գործելով տնտեսական նույն կամ համանման միջավայրում:

Միեւնույն ժամանակ, արտոնությունների տրամադրումը երկարաժամկետ եւ կարճաժամկետ հատվածում կարող է բացասաբար անդրադառնալ ընկերությունների մրցունակության խթանների բարելավման վրա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի ընդունումը այլ հավասար պայմաններում կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը ներկայումս գնահատել հնարավոր չէ:

Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կլինի չեզոք: