ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1049-02.09.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Համաձայն ներկայացված օրենքի նախագծի 4-րդ հոդվածի՝ արտոնության տրամադրման անհրաժեշտությունը եւ նպատակն առավելապես պայմանավորված են փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործողների պահպանման, ներդրումների ներգրավման եւ հանրային կյանքի սոցիալական խնդիրների հասցեական լուծման, հասարակության հիմքը կազմող միջին խավի ձեւավորման եւ կայացման տեմպերի արագացման պահանջներով: Թվարկված են նաեւ արտոնությունների տրամադրման նպատակները:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1) ներկայացված նախագծով հստակ ու ամբողջությամբ չեն կանոնակարգվում հարկային արտոնությունների տրամադրման գործընթացը, սահմանված չեն հարկային արտոնության տեսակները, դրանց կիրառման դեպքերն ու շրջանակները: Նման չկանոնակարգված հիմնախնդիրներով ներկայացված նախագիծը դեկլարատիվ բնույթ է կրում եւ չի կարող ծառայել օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող նպատակների իրագործմանը: 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում են հարկային արտոնությունների այն տեսակները, որոնք կարող են սահմանվել հարկային օրենսդրությամբ, մինչդեռ նախագիծը չի պարունակում որեւէ դրույթ այն մասին, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակներից որն է նախատեսվում տրամադրել փակ բաժնետիրական ընկերություններին, ուստի նախագիծն այդ մասով չի թղթակցում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների՝ պետական քաղաքականությունն իրականացվում է համապատասխան ոլորտները կարգավորող գործող օրենքներով, մասնավորապես, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ մի շարք այլ կարգավորող օրենքներով, որոնցով սահմանվում են համապատասխան ոլորտներում հարկային արտոնության հիմնական ուղղությունները եւ այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները.

 2) փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն ուղղակիորեն կհակադրվի հարկման հավասարության սկզբունքին եւ կնշանակի խտրական ու անհավասար մոտեցումների կիրառություն, քանի որ նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ միայն կազմակերպաիրավական տեսակով պայմանավորված՝ որոշ ընկերությունների տրամադրվում են հարկային արտոնություններ, իսկ միեւնույն պայմաններում գործող, սակայն կազմակերպաիրավական այլ տեսակ ունեցող ընկերություններն այդ արտոնություններից օգտվելու իրավունք չեն ստանում: Այդպիսի մոտեցումները տնտեսության մեջ առողջ մրցակցությունը խաթարելու իրական ռիսկեր են առաջացնում.

 3) նախագծով ներկայացված մեխանիզմները բավարար չեն «հարկային արտոնություններ» տրամադրելու համար եւ հակասում են «Հարկերի մասին», «Հարկային ծառայության մասին» ու առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

Բացի դրանից՝

1) նախագծի 3-րդ հոդվածով սահմանված «Փակ բաժնետիրական ընկերություն» հասկացությունը վերանայման կարիք ունի, քանի որ «օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում գրանցված առեւտրային կազմակերպությունները» ոչ միայն փակ բաժնետիրական ընկերություններ կարող են լինել, այլ նաեւ կարող են ունենալ իրավակազմակերպական այլ ձեւեր` բաց բաժնետիրական ընկերություններ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ եւ այլն (փակ բաժնետիրական ընկերության սահմանումը տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով).

2) նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է արտոնությունից օգտվողների շրջանակը, ըստ որի սույն օրենքով սահմանված արտոնությունից կարող են օգտվել այն փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց նախատեսվող տարվա տարեկան հարկվող շրջանառությունը կազմում է նվազագույնը 16 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած` նախագիծը տարածվելու է ոչ միայն փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, այլեւ առհասարական բոլոր առեւտրային կազմակերպությունների, օրինակ, բաց բաժնետիրական ընկերությունների նկատմամբ: Ընդ որում, հարկ է նկատել, որ նախագծով առաջարկվող հարկվող շրջանառության շեմի պայմաններում նախագիծը վերաբերելու է նաեւ այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները, ինչն անընդունելի է:

Նույն հոդվածում հստակ չէ, թե որ օրենքի իմաստով «տարեկան հարկվող շրջանառության» մասին է խոսքը եւ պարզ չէ, թե ինչպես եւ ով պետք է որոշի «նախատեսվող տարվա հարկվող շրջանառությունը»: Բացի դրանից, հիմնավորման կարիք ունի նաեւ նվազագույն հարկվող շեմի չափը.
3) նախագծի 7-րդ հոդվածում նշվում է, որ տնտեսավարող սուբյեկտը հարկային տեսչությանն է ներկայացնում տեղեկանք` նախատեսվող տարվա «հարկվող եկամտի» վերաբերյալ: Կարծում ենք, որ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկանքը բավարար չէ «նախատեսվող տարվա» համար նրան «հարկային արտոնություն» տրամադրելու համար.

4) նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է հարկային տեսչությունների կողմից փակ բաժնետիրական ընկերությանն արտոնությունից օգտվողի կարգավիճակ տրամադրելու կարգը, սակայն հոդվածը չի պարունակում հարկային արտոնությունից օգտվելու դիմումը մերժելու հիմքերի վերաբերյալ որեւէ դրույթ: 

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված խմբագրությամբ նախագիծը ենթակա չէ քննարկման: Նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնելու դեպքում այն լուրջ մասնագիտական քննարկման կենթարկվի: 

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության  տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման 

1 «Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

Եզրակացություն

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված կոռուպցիոն գործոններ, որոնք դրսեւորվում են լիազորությունների հայեցողական լայն շրջանակի, ինչպես նաեւ  կարգավորման բացերի առկայությամբ: 

Մասնավորապես, Նախագծի 8-րդ հոդվածում սահմանվում է հարկային տեսչությունների կողմից փակ բաժնետիրական ընկերությանն արտոնությունից օգտվողի կարգավիճակ տրամադրելու կարգը, սակայն հոդվածը չի պարունակում հարկային արտոնությունից օգտվելու դիմումը մերժելու հիմքերի վերաբերյալ որեւէ դրույթ, ինչը կարող է հանգեցնել տարածքային հարկային տեսչությունների` հարկային արտոնություն տրամադրելու իրավասության կամայական մեկնաբանման: Նախագծի 1-ին հոդվածում օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում նախատեսված է նաեւ արտոնության տրամադրման կասեցումը, մինչդեռ Նախագիծը չի պարունակում կասեցման ընթացակարգի վերաբերյալ որեւէ դրույթ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի (այսուհետ` Նախագիծ)`   տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագիծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: 
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրել հարկային արտոնություններ, մինչդեռ հասկանալի չէ, թե խոսքը ինչպիսի հարկային արտոնությունների մասին է:

Միաժամանակ, Նախագծով hարկային արտոնությունից կարող են օգտվել այն փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց նախատեսվող տարվա տարեկան հարկվող շրջանառությունը կազմում է նվազագույնը 16 միլիարդ ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ հարկային արտոնությունների տրամադրումը` կախված տնտեսավարող սուբյեկտների կազմակերպաիրավական տեսակից կամ իրացման ծավալներից, տնտեսության մեջ կստեղծի անհավասար մրցակցային պայմաններ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես` սահմանվում են արտոնությունից օգտվողների շրջանակը, արտոնության տրամադրման նպատակը, ժամկետները, կասեցումը, ինչպես նաեւ սույն արտոնությունից չօգտվող գործունեության տեսակների ցանկը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են փակ բաժնետիրական ընկերությունների կողմից արտադրվող ապրանքների, վերջիններիս կողմից կատարվող աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների շուկայի հետ (բացառությամբ` Նախագծի 5-րդ հոդվածում նշված` արտոնությունից օգտվողների շրջանակը եւ 9-րդ հոդվածում նշված` արտոնությունից չօգտվող գործունեության տեսակները): Նախագծի ընդունման պարագայում, նվազագույնը 16 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող ՓԲԸ-երի նկատմամբ կցուցաբերվի տարբերակցված մոտեցում հարկային արտոնությունի տրամադրման եղանակով, էականորեն  կնվազեն շուկայում գործող որոշ ընկերությունների ծախսերն ի համեմատ այլ գործող ընկերությունների, ինչն կհանգեցնի վերոնշյալ շուկաներում անհավասար մրցակցային պայմանների ձեւավորմանը:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա բացասական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնություններ տրամադրել փակ բաժնետիրական ընկերություններին: Միաժամանակ, նախագծով սահմանված չեն, թե ինչպիսի հարկային արտոնություններ է նախատեսվում տրամադրել փակ բաժնետիրական ընկերություններին: Մասնավորապես, սահմանված չէ, թե որ հարկատեսակների մասով ինչ արտոնություններ է նախատեսվում տրամադրել:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ներկայացված տեսքով նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի ու համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: