ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1033-30.06.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված տույժը հաշվարկվում է ոչ թե ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15, այլ 0.075 տոկոսի չափով: Միաժամանակ՝ առաջարկություն ներկայացնելը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ԵՏՄ-ի անդամ պետություններում հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում տույժերը հաշվարկվում են՝ ելնելով տույժերի հաշվարկման պահին Կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման դրույքաչափից կամ հաշվարկային դրույքից:

Շարադրվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի քննարկման շրջանակներում տույժի դրույքաչափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացվել են նաեւ այլ պատգամավորների կողմից, ինչի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնվել խնդրո առարկա հարցը քննարկելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Միաժամանակ՝ հարկ ենք համարում ընդգծել, որ մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրենքի նախագծի հիմնավորմամբ նշված ԵՏՄ-ի անդամ պետություններում, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ պետություններում գործող տույժերի հաշվարկման ընթացակարգերը Հայաստանի Հանրապետությունում սահմանված ընթացակարգերից տարբերվում են ոչ միայն նրանով, որ այդ պետություններում տույժերը հաշվարկվում են ավելի փոքր դրույքաչափերով, այլ նաեւ՝ նրանով, որ այդ երկրներում տույժերի հաշվարկման առումով ժամկետային սահմանափակումներ սահմանված չեն: Դա նշանակում է, որ այդ պետություններում հարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում տույժերը հաշվարկվում են ոչ թե առավելագույնը 365 օրվա համար, այլ՝ անսահմանափակ օրերի համար՝ մինչեւ հարկի գումարի գծով առկա հարկային պարտավորության վերջնական մարումը:

Հաշվի առնելով շարադրվածը, ինչպես նաեւ՝ այն, որ օրենքի նախագծով առաջարկվում է միայն նվազեցնել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվող տույժի դրույքաչափը՝ առանց տույժի հաշվարկման առավելագույն ժամկետները վերանայելու, գտնում ենք, որ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ընթացակարգերի վերանայման հարցն առավել նպատակահարմար է քննարկել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծով հարկային համակարգում առաջարկվող  մի շարք արմատական փոփոխությունների համատեքստում:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումն այս պահին համարում է ոչ նպատակահարմար եւ առաջարկում է դրան անդրադառնալ  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի քննարկման շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության   պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հայտնում ենք նաեւ, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարվող տույժ սահմանել` ժամանակին չմուծված հարկի գումարի  նախկինում սահմանված «0.15 տոկոսի» փոխարեն` «0.075 տոկոսի» չափով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարվող տույժ սահմանել` 0.075 տոկոսի չափը` ներկայիս 0.15 տոկոսի փոխարեն:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Եզրակացություն
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժը հաշվարկվում է ոչ թե ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի, այլ 0.075 տոկոսի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ծախսերի վրա` չեզոք: