ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1010-18.05.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը եւ իրացումը:

Ընդ որում, նախագծի հիմնավորման համաձայն, նշված առաջարկության ներկայացումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետեւանքով առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ձեռքբերման համար բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1. Սոցիալ-տնտեսական իրավիճակից կախված՝ բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հասցեական, որպեսզի նշյալ միջոցառումների շրջանակներում իրականացվող աջակցության ծրագրերից օգտվեն բնակչության այն շերտերը, որոնք իրականում ունեն աջակցության կարիք: Նախագծի ընդունման դեպքում, սակայն կստացվի այնպես, որ նախագծով առաջարկվող` ԱԱՀ-ից ազատման արտոնությունից կօգտվեն ոչ միայն այն անձինք, որոնք ունեն նման աջակցության կարիք, այլ նաեւ այն անձինք, որոնք չունեն դրա կարիքը:

2. Որպեսզի ներկայացված առաջարկությունը հանգեցնի նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակի իրականացմանն, անհրաժեշտ է, որ առաջարկության ընդունման արդյունքում նվազեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված դեղերի գները: Այս առումով հայտնում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգամանքը, որ նշված ցանկում ընդգրկված դեղերի ներմուծումը եւ իրացումը ԱԱՀ-ից ազատելու արդյունքում այդ դեղերի գները կնվազեն: Ավելին` ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում գերշահույթներ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտները չեն նվազեցնում ապրանքների գները կամ նվազեցնում են չնչին չափով: Նշյալ դիտարկումն առավելագույնս վերաբերում է այն ապրանքներին (օրինակ՝ հաց կամ դեղ), որոնց պահանջարկը գնից կախված չի փոփոխվում:

Արդյունքում նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի նախագծի առջեւ դրված նպատակների իրագործմանը, այլեւ դեղեր ներմուծող եւ իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, ինչպես նաեւ կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

3. Ներկայացված առաջարկության ընդունումն ստեղծելու է հարկումից խուսափելու ռիսկեր, որոնց արդյունավետ կառավարումը դժվար լուծելի խնդիրներ է ստեղծում հարկային մարմինների համար` հանգեցնելով նոր վարչարարական ծախսերի: Մասնավորապես, նախագծի ընդունման արդյունքում կստացվի այնպես, որ ԱԱՀ-ից ազատման նպատակով դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտները կսկսեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում չընդգրկված դեղերը իրացնել որպես նշյալ ցանկում ընդգրկված դեղեր եւ նշյալ ցանկում չընդգրկված դեղերի մասով ազատվել ԱԱՀ-ից: Միաժամանակ, ներկայացված առաջարկության ընդունումը տնտեսվարող սուբյեկտների համար ենթադրում է նաեւ բարդ հարկային հաշվառում, քանի որ ԱԱՀ-ից ազատված եւ չազատված դեղեր իրացնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները պարտավորված կլինեն այդ դեղերի մասով վարել առանձնացված հաշվառում: Արդյունքում, մի կողմից հարկային արտոնությունները չեն ունենա անհրաժեշտ հասցեականություն, մյուս կողմից հարկային արտոնությունների կիրառության հետեւանքով պետության կրած կորուստները բազմապատիկ անգամ կգերազանցեն արտոնության հնարավոր շահառուների օգուտները:

4. Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը եւ հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը:

5. Բնակչության սոցիալապես խոցելի շերտերի՝ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռքբերման կապացկությամբ հայտնում ենք, որ պետության կողմից արդեն իսկ իրականացվում են աջակցության համապատասխան ծրագրեր, որոնք առավել հասցեական եւ առավել ընդգրկուն են, քանի որ այդ ծրագրերը վերաբերում են միայն որոշակի սոցիալական խմբերում ներառված անձանց անհրաժեշտ բոլոր դեղերին, եւ այդ դեղերը հատկացվում են անվճար կամ դեղի գնի կեսը վճարելու պայմանով: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի N 1717-Ն որոշման շրջանակներում ցուցաբերվող աջակցության ծրագրի մասին է:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի N 17-Ն հրամանի 1-ին կետով հաստատվել է հիմնական դեղերի ցանկը, որում ընդգրկված են բնակչության առաջնահերթ կարիքների բավարարման համար անհրաժեշտ դեղերը: Նշված ցանկում «առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված» դեղերն առանձնացված չեն, ուստի պարզ չէ, թե նախագծի համաձայն՝ որ դեղերի ներմուծումն ու իրացումն է առաջարկվում ազատել ավելացված արժեքի հարկից: Ավելին` ներկայումս առկա չէ առավել տարածված հիվանդություններն սպառիչ սահմանող որեւէ նորմատիվ իրավական ակտ, իսկ նախագծում բացակայում է նշված հիվանդությունների սահմանման կարգի կամ այդ կարգը սահմանելու լիազորություն ունեցող մարմնի վերաբերյալ որեւէ դրույթ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա կունենա դրական  ազդեցություն: Նախագծում սահմանված դեղերի  ներմուծումն ու իրացումը ավելացված արժեքի հարկից ազատելու դեպքում, բնակչության եւ բժշկական կազմակերպությունների համար դեղերի ֆինանսական եւ ֆիզիկական մատչելիության աստիճանի բարձրացմամբ որոշակի չափով կբարելավվի հիվանդությունների կանխարգելման եւ բնակչության առողջության  պահպանման, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման գործընթացը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության   օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման  իրականացման  կարգը  հաստատելու  մասին»  թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

 Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում  է ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը եւ իրացումը ազատել ԱԱՀ-ից, որը կնպաստի տվյալ ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների  շրջանառու միջոցների ավելացմանը եւ  բնակչության սպառողական ծախսերի կրճատմանը: Տնտեսվարող սուբյեկտների ավելացված  շրջանառու միջոցները կարող են ուղղվել ներդրումների իրականացմանը, իսկ բնակչության կրճատված սպառողական ծախսերը` սպառմանը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն տնտեսական ակտիվության բարձրացմանը: Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը եւ իրացումը ազատել ԱԱՀ-ից:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են դեղերի եւ դեղերի շուկայում մատուցվող ծառայությունների շուկաների հետ: Նախագծի ընդունումն ուղղված է բարելավելու բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ օժանդակելու սոցիալական խոցելի խմբերին առաջին անհրաժեշտության դեղերի ձեռք բերման հարցում:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Բացի այդ, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխությանը, որի գնահատականը հնարավոր չէ տալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունումը կամ չընդունումը համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնի: