ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
                                                            պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-947-12.02.2016-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ եւ չեն հարկվում եկամտային հարկով:

Շարադրվածի կապակցությամբ հայտնում ենք, որ`

1) նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը եւ հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Ավելին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է առավելագույնս կրճատել հարկային արտոնությունների շրջանակը եւ ընդլայնել հարկման բազաները, որը հարկային համակարգի երկարաժամկետ զարգացման հիմնական ուղղություններից մեկն է.

2) գործող օրենսդրությամբ սահմանված՝ ազատ տնտեսական գոտու շահագործողների կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները միայն շահութահարկից ազատելու մոտեցումը բխում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակի իրագործման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակադրումից: Մասնավորապես, ինչպես հայտնի է, ազատ տնտեսական գոտիներն ստեղծվում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Այս առումով, անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ գործնականում օտարերկրյա ուղղակի ներդրումները կատարվում են կազմակերպությունների ստեղծմամբ եւ նրանց կողմից բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման շրջանակներում, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում օտարերկրյա ներդրումների ներգրավման գործուն մեխանիզմներ չկան: Հետեւաբար, անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման.

3) անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի վճարումից օրենքի ուժով ազատելը խախտում է նրանց՝ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներից օգտվելու իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ եկամտային հարկ վճարելու հանգամանքով է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի՝ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներից օգտվելու իրավունքը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                                           

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եկամտային հարկի մասին»   Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման  

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ (այսուհետ` Նախագիծ) նվազեցվող եկամուտ  կհամարվի`  ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող հարկ վճարողի` ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են ազատ տնտեսական գոտու տարածքում մատուցվող ծառայությունների շուկայի հետ: Նախագծի ընդունումը կնպաստի ազատ տնտեսական գոտիների զարգացմանը, արտահանման խթանմանը, ինչպես նաեւ նշված գոտիներում մատակարարների քանակի ավելացմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի  ընդունմամբ կվերացվեն հարկման անհավասար պայմանները ազատ տնտեսական գոտու շահագործող անհատ ձեռնարկատերերի համար, ինչը հնարավորություն կստեղծի զարգացնելու ազատ տնտեսական գոտիները, որոնք ուղղված են արտահանման խթանմանը եւ նպաստում են տնտեսական զարգացմանը: Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Եզրակացություն
 
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ եւ չեն հարկվում եկամտային հարկով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա` չեզոք: