ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

   

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-847-18.08.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը քրեականացնելուն: Հարկ ենք համարում նշել, որ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անելով: Ընդ որում, կոչերը դրսեւորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը եւ այլն: Կարծում ենք գործող հոդվածի դիսպոզիցիան արդեն իսկ քրեական պատասխանատվություն է նախատեսում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար, հետեւաբար այս մասով նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է:

Բացի դրանից, հարկ ենք համարում առաջարկվող իրավական կարգավորումը դիտարկել «պետության սահմանադրական կարգ» եւ «պետության ինքնիշխանության» հասկացությունների փոխհարաբերակցության համատեքստում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր` 2008 թվականի հոկտեմբերի 14-ի
ՍԴՈ-766 որոշման 6-րդ կետում անդրադարձել է «Սահմանադրական կարգ» հասկացությանը` վերջինս մեկնաբանելով որպես հասարակության հիմնարար հարաբերությունների կանոնակարգման, պետական իշխանության կազմակերպման, անհատ-պետություն փոխհարաբերությունների սահմանադրորեն ամրագրված համակարգ:

Պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական-իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ եւ արտաքին հարաբերություններում անկախությամբ: Պետության մենաշնորհային իրավունքն է իրականացնել օրենսդիր, գործադիր եւ դատական գործառույթներ երկրի ներսում:

Այս պայմաններում, կարծում ենք, որ պետության ինքնիշխանությունը պետության սահմանադրական կարգի բաղկացուցիչ մասն է եւ չի կարող դիտարկվել եւ մեկնաբանվել դրանից անջատ:

Միաժամանակ հարկ է նշել, որ «հայտարարություն» եւ «կոչ» հասկացությունների միջեւ առկա է որոշակի տարանջատվածություն: Մասնավորապես, հայտարարության տեսքով արված քննադատությունը չի կարող որակվել բռնության կոչ, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ եւ ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման: Նշված դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնահատվի միայն ու միայն իրական սպառնալիքի եւ դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերը կարող են արգելվել համաձայն այն բացառությունների, որոնք նախատեսված են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում:

Այս իմաստով գործող օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարքի փաստական կողմը ոչ թե «հրապարակային կոչի», այլ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերի» համար պատասխանատվության սահմանումն է: Հետեւաբար, հրապարակային կոչերի համար, որոնք չեն պարունակում նշված հատկանիշները, քրեական պատասխանատվություն չի կարող նախատեսվել:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 
Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի բյուջետային բնագավառում  կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծածսերի ավելացման, սակայան ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ կանխատեսել համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: