ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-812-11.06.2015-ՊԻ-010/0 եւ Պ-8121 -11.06.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքն իրացնել նաեւ նույնականացման քարտի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Նույնականացման պլաստիկ քարտում քաղաքացու՝ ընտրություն կատարելու հանգամանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է համապատասխան նշում կատարող սարք:»:

Առաջին առաջարկության մասով առարկություն չունենք, իսկ երկրորդ մասով ներկայացված առաջարկությունը, կարծում ենք, որ խիստ թերի է եւ չի պարունակում բազմաթիվ հարցերի վերաբերյալ պատասխաններ: Մասնավորապես՝

1) կարգավորված չէ, թե անձը հաստատող տարբեր փաստաթղթերով քվեարկությանը մասնակցելիս քվեարկության կարգը (մեխանիզմը) պետք է լինի միասնակա՞ն, թե՞ հնարավոր է երկու տարբեր կարգերի կիրառում: Գտնում ենք, որ քվեարկության տարբեր կարգերի կիրառումն անթույլատրելի է, քանի որ դրանով կարող է վտանգվել քվեարկության կազմակերպումը: Գործող ընտրական օրենսգիրքը (63-66-րդ հոդվածներ) առավելագույն մանրամասնությամբ կանոնակարգել է քվեարկության ամբողջ ընթացքը, եւ աոաջարկվող նոր մեխանիզմի ներդնումը եւս պահանջում է մանրակրկիտ կանոնակարգումներ: Մասնավորապես, որտե՞ղ է տեղադրվելու սարքը, ո՞ր փուլում (քայլում) է նշում կատարվելու, եթե վստահված անձի մոտ առաջանում է նշում կատարելու հանգամանքն ստուգելու անհրաժեշտություն, ապա ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է դա իրականացնելու, քանի՞ սարք է տրամադրվելու ընտրական տեղամասին, շրջիկ արկղով քվեարկության ժամանակ սարքը տեղամասից դու՞րս է բերվում, թե՞ ոչ, եւ այլն.

2) պարզ չէ, թե ինչ է լինելու այն դեպքերում, երբ քվեարկության ընթացքում սարքը խափանվի կամ քվեարկության ժամանակ պարզվի, որ անձի նույնականացման քարտի կրիչը վնասված կամ փչացված է, եւ տեղադրված սարքը չի կարողանում այդ քարտի հետ կատարել որեւէ գործողություն եւ այլն: Նման դեպքերում օրենքը պետք է նախատեսի այլընտրանքային լուծումներ:

Բացի դրանից, ելնելով տեխնիկական տեսանկյունից, հարկ ենք համարում նշել, որ նույնականացման քարտերի միջոցով քվեարկության ընթացքում անմիջապես քարտի կամ դրա էլեկտրոնային կրիչի վրա նշում կամ գրառում կատարելն անվտանգության տեսանկյունից ընդունելի չէ եւ պարունակում է բազմաթիվ հարակից ռիսկեր: Նման մոտեցումը նախատեսում է թանկարժեք գրառող սարքավորումների կիրառում, ինչը բավականաչափ ծախսատար է եւ չի կարող զսպել անկառավարելի ռիսկերի առաջացումը՝ նույնականացման քարտը հետագայում իր հիմնական նպատակով՝ պետության կողմից հավաստված տվյալ անձի ինքնության հաստատումը կատարելու համար: Այսպես, նույնականացման քարտում հատուկ գրառող սարքերի միջոցով էլեկտրոնային գրառումների կատարման հնարավորության տրամադրումն ընտրական տեղամասի մակարդակով տեխնիկական տեսանկյունից որեւէ եղանակով չի կարող կանխել մեկ այլ տեղամասում նույն քարտի էլեկտրոնային կրիչի տվյալներում քվեարկության մասնակցության մասին կատարված գրառման ջնջումը եւ այն քվեարկության համար կրկին ներկայացնել նույն տեղամաս: Բացի դրանից, նույնականացման քարտի էլեկտրոնային քարտի կրիչի վրա փոփոխություններ կատարելու հնարավորությունը կարող է հանգեցնել ինքնին նույնականացման քարտի էլեկտրոնային տվյալների կորստի կամ դրանց խեղման:

Ընտրական գործընթացում, մի կողմից, անհրաժեշտ է ստանալ հավաստի եւ ստույգ տվյալներ, որի ապահովումը հնարավոր է իրականացնել քվեարկության ամբողջ գործընթացի վերահսկմամբ, մյուս կողմից՝ անհրաժեշտ է պահպանել քվեարկության գաղտնիությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ ընտրական գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրման եւ արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ու փորձագիտական կառույցների հետ պետության համաձայնեցված աշխատանքը՝ տեխնիկական, կազմակերպական եւ իրավական խնդիրների հաղթահարման համար: Այդ առումով անհրաժեշտ է ուսումնասիրել նման սարքերի կիրառման միջազգային փորձը, կիրառվող մոդելները եւ պարզել, թե որ մոդելն առավել կիրառելի կլինի Հայաստանի Հանրապետության համար:

Այդուհանդերձ, անդրադառնալով բարձրացված խնդրի կարգավորմանը, կարծում ենք, որ ընտրությունների ժամանակ նույն անձին պատկանող նույնականացման քարտի կամ անձնագրերի միջոցով կրկնակի քվեարկությունը բացառելու համար հնարավոր է մշակել ու ներդնել որոշակի ծրագրային եւ ապարատային հենքի վրա հիմնված տեխնիկական լուծում, ինչը հնարավոր կդարձնի ցանկացած տեղամասում տվյալ քաղաքացու ընտրության իրավունքի առավել թափանցիկ եղանակով իրականացումը՝ արդեն իսկ իրականացված լինելու փաստը հաշվառելու առումով: Ընդ որում, լիարժեք համակարգչային անվտանգություն ապահովելու նպատակով, կարծում ենք, նման լուծում կիրառելու պարագայում ծրագրային ապահովում պարունակող եւ տվյալ տեղամասում տեղադրված համակարգիչը պարտադիր պետք է գործի ավտոնոմ՝ առանց տեղական կամ ինտերնետային ցանցին միանալու: Տվյալ համակարգիչը պետք է ներբեռնված լինի համապատասխան ծրագրային ապահովմամբ, ինչը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացման քարտ ու անձնագիր կարդացող սարքի միջոցով ստուգելու եւ հաշվառելու տվյալ տեղամասում քվեարկության ներկայացած անձանց՝ այդ անձանց փաստաթղթերի տվյալները համեմատելով նախապես՝ մինչեւ քվեարկությանը նախորդող որոշակի ժամկետը, բնակչության պետական ռեգիստրից բեռնված ընտրողների համապատասխան ցուցակներում առկա տվյալների հետ: Ծրագրում ներբեռնված տվյալների շտեմարանը պետք է պարունակի նաեւ տվյալ քաղաքացուն տրամադրված բոլոր տեսակի շաղկապված անձնագրերի եւ նույնականացման քարտերի տվյալները: Այսպես, քաղաքացին, ընտրության մասնակցելիս, ներկայացնում է իր նույնականացման քարտը կամ անձնագիրը, որն ընթերցվում է կարդացող սարքի միջոցով եւ այն տվյալ տեղամասում գրանցված լինելու պարագայում ծրագիրն ավտոմատ կերպով համապատասխան նշագրում է կատարում տվյալ համակարգչում տեղադրված ընտրողների ցուցակում՝ միաժամանակ արգելափակելով տվյալ անձին պատկանող այլ անձնագրերով կամ քարտերով երկրորդ անգամ ընտրության ներկայանալու հնարավորությունը: Ընդ որում, գործընթացն առավել թափանցիկ իրականացնելու համար հնարավոր է նախատեսել նաեւ համակարգի գործունեության տեսանելի ազդանշանային համակարգ՝ կանաչ եւ կարմիր լույսերի կիրառմամբ, ինչը կհրավիրի հանձնաժողովի բոլոր անդամների ուշադրությունը՝ նախապես ամրագրված որոշակի ստանդարտից շեղված ընթացակարգ կիրառելու դեպքում: Պետք է, սակայն, արձանագրել, որ մեր կողմից ներկայացված լուծումը նույնպես նախատեսում է զգալի չափով ֆինանսական միջոցների հատկացում: Խիստ նախնական հաշվարկով յուրաքանչյուր տեղամասում նույնիսկ մեկ նման համակարգ տեղադրելու պարագայում անհրաժեշտ կլինի կատարել մինչեւ 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրում: Հետեւաբար, նման լուծումներ կիրառելու պարագայում, կարծում ենք, անհրաժեշտ է իրականացնել պիլոտային փորձարկումներ, օրինակ, ՏԻՄ-երի ընտրությունների մակարդակով, ինչը հնարավորություն կընձեռի լիարժեք բացահայտելու հնարավոր կազմակերպչական եւ տեխնիկական բնույթի ռիսկերը՝ առանց լայնածավալ ներդրումներ կատարելու:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ողջունելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի նպատակադրումը, այնուամենայնիվ, գտնում է, որ այն թերի է եւ այդ տեսքով ընդունելի չէ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում


«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը իրացնել նաեւ նույնականացման քարտի միջոցով` միաժամանակ սահմանելով համապատասխան սարքերի ներդրման պարտադիր պահանջ կրկնակի քվեարկությունից խուսափելու համար:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը իրացնել նաեւ նույնականացման քարտի միջոցով` միաժամանակ սահմանելով համապատասխան սարքերի ներդրման պարտադիր պահանջ կրկնակի քվեարկությունից խուսափելու համար եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվում է.

1. ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը իրացնել նաեւ նույնականացման քարտի միջոցով,

2. սահմանել, որ նույնականացման պլաստիկ քարտում քաղաքացու ընտրություն կատարելու հանգամանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է համապատասխան նշում կատարող սարք:

Ելնելով վերը նշվածից հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ կետով սահմանվող դրույթի ընդունումը` տեղամասային ընտրական հանձնաժողովներին համապատասխան նշում կատարող սարք հատկացնելու վերաբերյալ, կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որի կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով, իսկ Նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: