ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
   պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-744-26.03.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ավելացված արժեքի հարկով հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է հացի, հացամթերքի, կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի եւ ձվի օտարման գործարքների մասով նվազեցնել ավելացված արժեքի հարկի դրույքաչափը` այն սահմանելով 15 տոկոս (13.04 տոկոս հաշվարկային դրույքաչափ): Ընդ որում, նախագծի հիմնավորման համաձայն, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենական արտադրողների գործունեության խթանման եւ հանրապետության ապրանքային շուկաներում տեղական արտադրության եւ սոցիալական բնույթի մի շարք ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնման անհրաժեշտությամբ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը`

1. Որպեսզի ներկայացված առաջարկությունը հանգեցնի նշված ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդլայնմանը, ինչպես նաեւ այդ ապրանք արտադրողների գործունեության խթանմանը, անհրաժեշտ է, որպեսզի առաջարկության ընդունման արդյունքում նվազեն այդ ապրանքների գները:

Գտնում ենք, որ առաջարկության ընդունումը գների նվազեցման չի հանգեցնի, քանի որ առաջարկության ընդունման դեպքում առաջարկվող ավելացված արժեքի հարկի նվազեցված դրույքաչափերը կիրառելի են լինելու միայն վերջնական սպառման համար նախատեսված արտադրանքի նկատմամբ, մինչդեռ դրանց արտադրության համար օգտագործվող հումքը, նյութերը եւ էներգակիրները շարունակվելու են հարկվել ավելացված արժեքի հարկի 20 տոկոս դրույքաչափով: Վերջինս նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները զրկվելու են ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի միջեւ առկա տարբերության չափով կատարվող ձեռքբերումների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցելու հնարավորությունից: Արդյունքում, տնտեսվարող սուբյեկտները, փոխհատուցելու համար մատակարարներին վճարված, սակայն չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները, դրանք ներառելու են ապրանքների ինքնարժեքի մեջ, ինչի հետեւանքով ապրանքների վերջնական գները փոփոխությունների չեն ենթարկվելու:

Նշվածը հիմնավորելու համար ներկայացնենք մեկ պարզ օրինակ. ընդունենք, որ նախագծի ընդունումից հետո հացը հարկվելու է ավելացված արժեքի հարկի 15 տոկոս դրույքաչափով: Այս պարագայում հացի գինը չի նվազելու, քանի որ հացի արտադրության համար օգտագործվող ալյուրը, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը եւ այլ նյութերը շարունակվելու են հարկվել ավելացված արժեքի հարկի 20 տոկոս դրույքաչափով եւ տնտեսվարող սուբյեկտները դրույքաչափերի միջեւ առկա տարբերության պատճառով չհաշվանցվող ավելացված արժեքի հարկի գումարները ներառելու են հացի ինքնարժեքի մեջ:

Նշված հանգամանքը համարվում է ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափի կիրառության հիմնական թերություններից մեկը եւ այդ պատճառով միջազգային պրակտիկայում վերջնական սպառման ապրանքների նկատմամբ ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափի կիրառությունը տարածված չէ: Ընդ որում, ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի միջազգային փորձի վերաբերյալ մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային պրակտիկայում նույնպես նախագծով առաջարկվող ապրանքների նկատմամբ ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափ հիմնականում չի կիրառվում:

Բացի դրանից՝ բացառված չէ, որ տնտեսվարող սուբյեկտներն ապրանքների գները կթողնեն անփոփոխ՝ չցանկանալով հրաժարվել գերշահույթ ստանալու հնարավորությունից:

2. Անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է առաջարկվում ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափը կիրառել սոցիալական նշանակության միայն մի քանի ապրանքների նկատմամբ, քանի որ այդ դեպքում պետք է առաջարկվեր նվազեցված դրույքաչափ կիրառել նաեւ սոցիալական նշանակության այլ ապրանքատեսակների նկատմամբ:

3. Նախագծով ներկայացված չեն ավելացված արժեքի հարկի համակարգում նման արմատական փոփոխությունները հիմնավորելու համար անհրաժեշտ վերլուծությունները: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելացված արժեքի հարկը համարվում է տնտեսության վրա առավել մեծ ազդեցություն ունեցող եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների հիմնական աղբյուր հանդիսացող հարկատեսակներից մեկը, նման փոփոխությունից առաջ անհրաժեշտ է վերլուծել եւ գնահատել դրա նպատակահարմարությունը մի շարք տեսանկյուններից: Մասնավորապես՝

1) նախ եւ առաջ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունը վերլուծել եւ գնահատել տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից՝ բացահայտելու համար, թե այն տնտեսության մեջ ինչ կառուցվածքային փոփոխությունների կհանգեցնի, ինչպես նաեւ, թե այն ինչպես կազդի տնտեսության սննդի արտադրության ճյուղում սպառման ծավաների աճի, հետեւաբար նաեւ նշված ճյուղում տնտեսական աճի վրա.

2) ներկայացված առաջարկությունն անհրաժեշտ է գնահատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա դրա ազդեցության եւ հարկային եկամուտների հնարավոր կորուստների փոխհատուցման հնարավորությունների տեսանկյուններից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորուստների.

3) ներկայացված առաջարկությունն անհրաժեշտ է գնահատել գործարար միջավայրի վրա դրա ազդեցության ու հարկման հավասարության եւ արդարության սկզբունքների ապահովման տեսանկյուններից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ՝

ա. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ կատարված ձեռքբերումների մասով մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցման սահմանափակումների առկայության դեպքում ներկայացված առաջարկությունն այդ գումարների հաշվանցման մասով լուրջ խոչընդոտներ է ստեղծելու նախագծով առաջարկվող արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար,

բ. նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի նվազեցված դրույքաչափը կիրառել վերջնական արտադրանքի նկատմամբ եւ այս առումով ներկայացված առաջարկությունն անխուսափելիորեն հանգեցնելու է սննդամթերքի արտադրության ճյուղում հումքային ապրանքների ներմուծմամբ կամ արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար հարկման անարդար եւ անհավասար մոտեցումների ձեւավորմանը.

4) ներկայացված առաջարկության ընդունման նպատակահարմարությունն անհրաժեշտ է վերլուծել հարկային վարչարարության արդյունավետության եւ հարկումից խուսափելու ռիսկերի կառավարման տեսանկյուններից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկությունը վերաբերելու է միայն մի քանի ապրանքատեսակների, իսկ դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ մշտապես ձեւավորվելու են իրացված այլ ապրանքատեսակները նշված ապրանքատեսակների անվան տակ ձեւակերպելու գայթակղություններ, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության նվազեցման եւ հարկումից խուսափելու ռիսկերի ավելացման:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելացված արժեքի հարկը համարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների հիմնական աղբյուր հանդիսացող հարկատեսակներից մեկը, գտնում ենք, որ ավելացված արժեքի հարկի դրույքաչափի նվազեցման առաջարկությունն առանձին քննարկվել չի կարող եւ այն անհրաժեշտ է քննարկել ավելացված արժեքի հարկի հարկման համակարգում իրականացվող համակարգային փոփոխությունների համատեքստում: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները, որոնց շրջանակներում ներկայումս վերլուծվում են նաեւ ավելացված արժեքի հարկի դրույքաչափի վերանայման հնարավորության հարցը՝ գտնում ենք, որ ավելացված արժեքի հարկով հարկման համակարգում նախագծով առաջարկվող արմատական փոփոխությունները պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում:

5. Նախագծում առկա են իրավական բնույթի մի շարք թերություններ: Մասնավորապես՝

1) 3-րդ հոդվածն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ օրենքի 18-րդ հոդվածում «շրջանառության 20» բառեր առկա չեն.

2) նախագծի 1-ին հոդվածի մասերի եւ կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին.

3) նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում անհրաժեշտ է «բառերով» բառը փոխարինել «բառերը» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջները.

4) նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «մանրամասնված» բառը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

 Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

          

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ավելացված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է ավելացված արժեքի հարկի նվազեցված դրույքաչափ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքի, մասնավորապես` հացի, հացամթերքի, մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի, ձվի հանդեպ:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում  են սննդամթերքի շուկայի հետ: Նախագծի ընդունմամբ անհավասար  մրցակցային պայմաններ կստեղծվեն նշված  շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
 

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքի, մասնավորապես` հաց, հացամթերք, միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձու ապրանքատեսակների համար սահմանել ավելացված արժեքի հարկի 15 տոկոս դրույքաչափ:

Հաշվի առնելով նշված առաջարկության վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղեկցող գրությամբ ներկայացված դիրքորոշումը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է հացի, հացամթերքի, կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի եւ ձվի օտարման գործարքների մասով նվազեցնել ԱԱՀ-ի դրույքաչափը, այն սահմանելով 15 տոկոս (13.04 տոկոս հաշվարկային դրույքաչափ):

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ Նախագծերի  ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: