ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Կարինե Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-713-05.02.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Կամավորականությունը մշտապես եղել եւ մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը եւ, միանշանակ, ամբողջ աշխարհում կարեւորվում է դրա  դերը եւ նշանակությունը: Կամավորականությունը, որպես քաղաքացիական ակտիվության տեսակ, գործում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում: Կամավորականության հարաբերությունների իրավական կարգավորումը տարբեր երկրներում իրականացվում է տարբեր կերպ: Որոշ երկրներում այս ինստիտուտի իրավական կարգավորումն իրականացվում է մեկ իրավական ակտի շրջանակներում, իսկ մի շարք երկրներում այն կարգավորվում է տարբեր իրավական ակտերով:

Հարկ է նշել, որ նշված ինստիտուտի պրակտիկ կիրառումը կարող է հանգեցնել չարաշահումների:  Մտավախությունը կայանում է նրանում, որ կամավորականությունը կարող է չարաշահվել տարբեր կազմակերպությունների կողմից՝ ֆինանսական եւ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով: Նշված չարաշահումներից խուսափելու համար կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս փուլում կամավորականության օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլ առ փուլ՝ այս հարցի կարգավորումը նախատեսելով տարբեր իրավական ակտերով` նպատակ ունենալով հասնել հարցի ամբողջական, հստակ օրենսդրական կարգավորմանը: Այսպես՝

1-ին փուլ՝ «Բարեգործության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ սահմանված են Հայաստանի Հանրապետությունում կամավորներին աշխատանքի ներգրավելու հետ կապված հարաբերությունների որոշակի կարգավորումներ (կամավորի հասկացությունը, կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների շրջանակը, ինչպես նաեւ կամավորների աշխատանքի կարգավորման վերաբերյալ այլ դրույթներ): Հարցերի որոշակի խումբ նախատեսվում է կարգավորել «Հասարակական կազմակերպությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ:

2-րդ փուլ՝ նշված օրենքների կիրառման արդյունքների համակողմանի վերլուծություն եւ գնահատում:

3-րդ փուլ՝ հաշվի առնելով կամավորականության կարգավորման առաջին երկու փուլերի արդյունքները, ըստ անհրաժեշտության, կարելի է կամ նախաձեռնել փոփոխություններ առկա օրենսդրության դրույթներում, կամ մշակել կամավոր աշխատանքի ոլորտը կարգավորող մեկ միասնական իրավական ակտ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է նաեւ, որ՝

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2001 թվականի դեկտեմբերի 5-ի 56/38 բանաձեւը կոչ է անում պետություններին ստեղծել համապատասխան օրենսդրական հիմք՝ ոգեշնչելով մարդկանց կամավորական գործունեություն իրականացնելու հարցում:

Եվրոպայի խորհուրդը եւս խրախուսում է պետությունների կողմից կամավորական գործունեության իրավական կարգավորումը՝ ընդգծելով վերջինիս ուսուցողական եւ սոցիալական դերակատարությունը եւ կոչ է անում անդամ պետություններին՝ իրենց բոլոր օրենքներից եւ պրակտիկայից հանել բոլոր այն արգելքները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով խոչընդոտել անձանց կամավորական գործունեությամբ զբաղվելուն:

Կամավորական գործունեությունը հստակ կարգավորված է մի շարք երկրներում՝ Խորվաթիա, Լեհաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Իսպանիա, Գերմանիա եւ այլն: Կամավորական գործունեությունը կարգավորվում է կամ առանձին իրավական ակտով, կամ հասարակական կազմակերպությունների մասին, կամ հիմնադրամների մասին օրենքներով: Միջազգային ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ կամավորականության մասին դրույթները, որպես կանոն, կիրառվում են ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից՝ կամավորներին ներգրավելով սոցիալական օգնության, մշակութային, կրթության բնագավառներում եւ բարեգործական այլ նպատակների իրականացման համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առկա են չկարգավորված, հստակեցման եւ խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝

1) ներկայացված նախագիծը չհիմնավորված սահմանափակումներ է նախատեսում տարբեր անձանց, կազմակերպությունների համար, ինչը հետագայում օրենքի ընդունումից հետո կարող է բարդացնել կամավոր աշխատանքի իրականացումը.    
               
2) նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն նշված օրենքի գործողությունը չի տարածվում կուսակցությունների, առեւտրային եւ կրոնական կազմակերպությունների օգտին եւ (կամ) նրանց նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության օգտին իրականացվող կամավոր աշխատանքի վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում են ոչ միայն առեւտրային կազմակերպությունները, այլ նաեւ անհատ ձեռնարկատերերը, անհրաժեշտ է նախագծով սահմանել, որ նշված օրենքի գործողությունը չի տարածվում նաեւ անհատ ձեռնարկատերերի օգտին եւ (կամ) նրանց նախաձեռնությամբ իրականացվող կամավոր աշխատանքի վրա.

3) նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»բառերը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ  կամավոր աշխատանքի հետ կապված դրույթներ նախատեսված չեն.

4) նախագծի 5-րդ հոդվածի՝

ա. 2-րդ մասի համաձայն կամավոր աշխատանքների կարող են ներգրավվել 16 տարին լրացած անձինք: Գտնում ենք, որ նշված սահմանափակումը հիմնավորված չէ, քանի որ դպրոցական տարիքի երեխաներն ակտիվ կերպով մասնակցում են տարբեր բնույթի բնապահպանական միջոցառումներին եւ այլն,

բ. 3-րդ մասի եւ 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջեւ առկա է ներքին հակասություն: Մասնավորապես, 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օտարերկրյա պետություններում կամավոր աշխատանքի կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում բնակվող տասնութ տարին լրացած անձինք, իսկ 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպություններն իրավունք ունեն օտարերկրյա պետություններում կամավոր աշխատանք իրականացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամավորների մասնակցությամբ:

Բացի դրանից, հարկ է քննարկել նաեւ օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանք կատարելու համար տարիքային սահմանափակում նախատեսելու նպատակահարմարության հարցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ դեպքերում օտարերկրյա պետությունում իրականացվող կամավոր աշխատանքը կազմում է կրթական որեւէ ծրագրի բաղկացուցիչ մասը,

գ. 4-րդ մասի համաձայն կամավոր աշխատանք կարող է կազմակերպել ոչ առեւտրային կազմակերպությունը, եթե կամավոր աշխատանք կազմակերպելու հնարավորություն նախատեսված է վերջինիս կանոնադրությամբ: Միաժամանակ, նախագծով նախատեսված չեն կամավոր աշխատանքի ընդունման սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են առանց սահմանափակման կամավոր աշխատանք կատարելու պայմանագրեր կնքել:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նման մոտեցումների ընդունման դեպքում կարող են ստեղծվել հարկումից խուսափելու ռիսկեր: Մասնավորապես, ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են իրենց ոչ կամավոր աշխատանք կատարողներին ձեւակերպել որպես կամավոր աշխատանք կատարողներ եւ չվճարել այդ աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ միջոցներից հաշվարկվող եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարները: Ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է նախագծով սահմանել որոշակի սահմանափակումներ, օրինակ, քանակական.

5) նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա. 3-րդ կետի համաձայն կազմակերպությունն իրավունք ունի ստանալու տեղեկություններ կամավորի կողմից կատարված աշխատանքների մասին, սակայն նշված ձեւակերպումից պարզ չէ, թե ում կողմից են տրամադրվում նշված տեղեկությունները,

բ. 4-րդ կետով նախատեսված կազմակերպության կամավորների` կամավոր աշխատանքի հետ կապված օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու կազմակերպության իրավունքը սահմանող դրույթն անհրաժեշտ է նախատեսել 9-րդ հոդվածում` որպես կազմակերպության պարտականություն.

6) նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է խմբագրել՝  տարընթերցումների տեղիք չտալու համար.

7) նախագծի 10-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասի համաձայն կամավոր աշխատանքի պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը,

 բ. 2-րդ մասում «գրավոր ձեւով»բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «2 օրինակից»բառերով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի կարգավորումները.

8) նախագծի 11-րդ հոդվածով սահմանվում է կամավոր աշխատանքի պայմանագրի բովանդակությունը: Այդ առումով գտնում ենք, որ նշված հոդվածում անհրաժեշտ էր նախատեսել նաեւ կամավոր աշխատանքի պայմանագիրը փոփոխելու եւ դադարեցնելու վերաբերյալ դրույթներ:

Հոդվածի 2-րդ մասում կիրառվող «քիմիական կանխարգելում»հասկացությունը պարզաբանման կարիք ունի.

9) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարեգործության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը եւս սահմանում է «կամավորի»հասկացությունը, կարծում ենք, որ համապատասխան կարգավորման բացակայության դեպքում պրակտիկայում կարող են առաջանալ հակասություններ «Բարեգործության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի եւ նախագծի միջեւ.

10) նախագծի 14-րդ հոդվածում անհրաժեշտ է կամավոր աշխատանքի պայմանագիրը փոփոխելու եւ դադարեցնելու հիմքերի եւ կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում նախատեսել:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նպատակադրումը, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս փուլում կամավոր աշխատանքի կազմակերպման եւ իրականացման գործընթացները չբարդացնելու եւ գործնականում չսահմանափակելու, ինչպես նաեւ ֆինանսական եւ հարկային պարտավորություններից խուսափելու ռիսկերը նվազագույնին հասցնելու նպատակով կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորումը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է իրականացնել փուլ առ փուլ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Կամավոր աշխատանքի մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Կամավոր աշխատանքի մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Եզրակացություն
«Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը `

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են կամավոր աշխատանք իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանվում են կամավոր աշխատանքի ոլորտները, իրականացման իրավական հիմքերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են կամավոր աշխատանք իրականացնելու իրավական հիմքերը, ինչպես նաեւ  կարգավորվում են կամավոր աշխատանք իրականացնելու հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` սահմանվում են կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց իրավունքները ու պարտականությունները եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի  պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կամավոր աշխատանքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերոնշյալ օրենքի գործողությունը չի տարածվում կուսակցությունների, առեւտրային եւ կրոնական կազմակերպությունների օգտին եւ (կամ) նրանց նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության օգտին իրականացվող կամավոր աշխատանքի վրա: Դրա հետ մեկտեղ Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ կամավոր աշխատանք կարող է կազմակերպել ոչ առեւտրային կազմակերպությունը, եթե կամավոր աշխատանք կազմակերպելու հնարավորություն նախատեսված է վերջինիս կանոնադրությամբ: Այս առումով, հարկային վարչարարության տեսանկյունից, դժվարություն կառաջանա իրական կամավոր աշխատողներին ոչ իրական կամավոր աշխատողներից (առանց վարձատրության) տարանջատելու համար: Մասնավորապես, ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են իրենց ոչ կամավոր աշխատանք կատարողներին ձեւակերպել որպես կամավոր աշխատանք կատարողներ եւ արդյունքում խուսափել նրանց համար եկամտային հարկ եւ նպատակային սոցիալական վճարներ վճարելուց:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն:

Միաժամանակ գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: