ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-615-01.10.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է պետական տուրքը վերադարձնել, եթե մինչեւ դատաքննությունն սկսելն ամբողջությամբ կատարվել է պարտավորությունը: Համաձայն օրենքի նախագծի հիմնավորման` օրենսգրքում նշված լրացումը կատարվում է գործնականում առկա օրենսդրական բացը վերացնելու եւ օրենքները միմյանց համապատասխանեցնու համար: Նշվում է նաեւ, որ դատարանն առանց դատաքննություն կազմակերպելու, այսինքն` արդարադատություն չիրականացնելով, ընդամենը գործն ավարտում է` հաստատելով պետական տուրքի գանձումը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հայցադիմումը վարույթ ընդունելու համար գանձվող պետական տուրքը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, «պետական մարմնինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող` օրենքով սահմանված պարտադիր վճար է»: Օրենքի նշված դրույթից հետեւում է, որ հայցադիմումի համար գանձվող պետական տուրքը գանձվում է դատական մարմինների մատուցած համապատասխան ծառայությունների դիմաց եւ պայմանավորված չէ մինչեւ դատաքաննությունն սկսելը ներկայացված պահանջի կատարումով:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի դրույթները, որոնց համաձայն հայցադիմումը վարույթ ընդունելու կարեւոր նախապայման է հանդիսանում սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարված լինելը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական տուրքի վճարումը պայմանավորված է պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ, համաձայն չենք օրենքի նախագծի հիմնավորման այն պնդմանը, որ դատարանն առանց դատաքննություն կազմակերպելու, արդարադատություն չիրականացնելով` ընդամենն ավարտում է գործը` հաստատելով պետական տուրքի գանձումը:

Միաժամանակ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ, որպես օրինակ, նշվում է, որ, եթե գումարի բռնագանձման վերաբերյալ հայց է ներկայացվում, իսկ մինչեւ դատավարությունն սկսելը պատասխանող կողմը վճարում է պահանջվող գումարը, ապա դատարանը պետք է կարճի գործը եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետի համաձայն տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում վերադարձնի վճարված պետական տուրքը, այլ ոչ թե ավարտի գործը եւ պետական տուրքի վճարումը դնի պատասխանող կողմի վրա, որը մինչեւ դատավարությունն սկսելն արդեն իսկ կատարել է իր պարտավորությունը: Համաձայն oրենքի նախագծի հիմնավորման` այս դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ հայցվոր կողմը մինչեւ դատավարությունն իր պահանջի մասով ամբողջ ծավալով բավարարում ստանալով, չի հրաժարվում հայցից, շարունակում է մասնակցել դատավարությանը, դատարանում պնդում է իր պահանջն ու դատարանի վճռով կրկնակի բավարարում է  ստանում: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ, եթե մինչեւ դատավարությունն սկսելը, այսինքն` հայցը վարույթ ընդունելուց հետո, պատասխանող կողմն ամբողջությամբ վճարում է պահանջվող գումարը, իսկ հայցվորը հայցից չի հրաժարվում, ապա դատավարության փուլում պատասխանող կողմը հնարավորություն ունի ներկայացնելու համապատասխան ապացույցներ (վճարման անդորրագիր) իր պարտավորությունը լրիվ ծավալով կատարելու մասին, ինչի արդյունքում դատարանը մերժում է հայցը` հօգուտ պատասխանողի: Փաստորեն, գործնականում հայցվորը, պնդելով իր պահանջը, ուղղակիորեն չի կարող կրկնակի բավարարում ստանալ իր կողմից ներկայացված պահանջի համար:

Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ օրենքի նշված կետը հստակ սահմանում է, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակիորեն կամ լրիվ` տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճ լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը: Նշված հոդվածի դրույթներից հետեւում է, որ միանշանակ չէ պետական տուրքը վերադարձնելը բոլոր այն դեպքերում, եթե հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ պատասխանողը մինչեւ դատավարությունն սկսելն արդեն իսկ կատարել է իր պարտավորությունը:

Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2013 թվականի հունվարի 29-ի N 129 որոշումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկային, որի 35-րդ կետում հստակ նշված է, որ, եթե ներկայացվել է հայցապահանջ, որի համար հայցվորը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն կամ այլ հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, ապա տվյալ գործերով հայցը մերժվելու դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ բավարարվելու դեպքում` պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է գանձել պետական տուրք` բավարարված հայցապահանջներին համամասնորեն` բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն, որ օրենքի նախագծով նախատեսված դրույթները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կարճման հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ հանգամանքների վերացումն ինքնին հայցը մերժելու հիմք է հանդիսանում, իսկ այն դեպքում, երբ հայցվորը հրաժարվում է հայցից, ապա օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված է գործի վարույթի կարճման նման հիմք: Հետեւաբար, օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով շարադրվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ պետական տուրքը վերադարձնելու հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  մասին եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պետական տուրքը լրիվ կամ մասնակիորեն վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքների հստակեցմանը  եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են դատական ծախսերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ լրացվում են գործի վարույթի կարճման հիմքերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի ելքերի եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, սակայն ազդեցության հստակ չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշված այն առանձնահատուկ դեպքերը ու դրանց հետ կապված գանձվող պետական տուրքի գումարները, երբ հայցվորը, պահանջի բավարարում ստանալով, չի հրաժարվում հայցից կամ չի կնքում  հաշտության համաձայնություն, որի արդյունքում դատարանը չի կարճում գործի վարույթը եւ վճարված պետական տուրքի գումարը չի վերադարձվում: