ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թեւան Պողոսյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(Պ-612-29.09.2014-ՏՀ-010/0 եւ Պ-6121 -29.09.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջը սահմանել 2016 թվականի հունվարի 1-ից՝ մինչեւ այդ կիրառելով փաստաթղթավորման կամավորության սկզբունքը եւ 1 տոկոս կամ 3.5 տոկոս դրույքաչափերի ընտրության հնարավորությունը:

Զուգահեռաբար, առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչեւ 150 մլն դրամի:

Օրենքների նախագծերն սկզբունքորեն անընդունելի են` հետեւյալ նկատառումներով.

Պարտադիր փաստաթղթավորման պահանջը 2016 թվականի հունվարի 1-ից կիրառելու վերաբերյալ.

Արդեն իսկ մշակվել եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի քառօրյա օրակարգ է ներառվել համապատասխան օրենքի նախագիծ, որով առաջարկվում է առեւտրական գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողների կողմից իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետը (2014 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում) տեղափոխել մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: Այսինքն, ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու գործընթացի սկսման հետ կապված խնդիրներն առաջարկվում է լուծել նշված օրենքի ընդունման շրջանակներում:

Այս առումով, ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ձգձգումն անընդունելի է, քանի որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ 2014 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է, որի շրջանակներում նախատեսվում է սահուն ձեւով ամրապնդել ձեռքբերումները փաստաթղթավորելու պահանջը:

Շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը մինչեւ 150 մլն դրամ բարձրացնելու առաջարկության վերաբերյալ.

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը բարձրացնել ոչ միայն առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով, այլ գործունեության բոլոր տեսակների մասով առհասարակ: Ընդ որում, առաջարկվում է շեմը բարձրացնել` անկախ այն հանգամանքից, թե առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողը հարկման որ կարգն է ընտրում` հարկի 3.5 տոկոս դրույքաչափ` ազատվելով ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջից, թե հարկի 1 տոկոս դրույքաչափ` պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը:

Առաջարկության ընդունման դեպքում`

1) ավելի կխորանա առանց այդ էլ լայնորեն տարածված` արտադրողներից ու ներմուծողներից կատարվող ձեռքբերումների դիմաց դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից հրաժարվելու խնդիրը: Մասնավորապես, եթե ներկայումս այդ խնդիրն առկա է առավելապես այն հարկ վճարողների մոտ, որոնք մոտ են գտնվում շրջանառության հարկի գործող` 58.35 մլն դրամ շեմին եւ հաշվարկային փաստաթղթերից հրաժարվում են իրենց հետագա իրացումները նվազեցնելու ակնկալիքով, ապա շրջանառության հարկի շեմի բարձրացման պարագայում այդպիսի վարքագիծ են սկսելու դրսեւորել արդեն նոր` ավելի բարձր շեմին մոտ գտնվող ու մի քանի անգամ ավելի խոշոր տնտեսավարող սուբյեկտները: Ընդ որում, այն հանգամանքը, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներն այդպիսի վարքագիծ ունեն, հաստատվում է նաեւ նախագծի ընդունման հիմնավորմամբ: Մասնավորապես, նշվում է, որ որոշ գնահատումներով շրջանառության իրական ծավալները հայտարարագրվող ծավալները գերազանցում են 5-6, իսկ երբեմն էլ` 10-12 անգամ.

2) նախագծի ընդունման հիմնավորմամբ արտադրողներից ու ներմուծողներից կատարվող ձեռքբերումների դիմաց դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից հրաժարվելու հանգամանքը մեկնաբանվում է այլ տեսանկյունից եւ նշվում է, որ շրջանառության հարկի շեմի բարձրացման պարագայում ներկայումս շեմին մոտ գտնվող հարկ վճարողները կսկսեն հայտարարագրել իրենց իրացման շրջանառությունները, ինչի արդյունքում լրացուցիչ հարկվող օբյեկտներ կառաջանան: Նշված եզրահանգումը կատարելիս, սակայն, հաշվի չի առնվել այն կարեւոր հանգամանքը, որ շրջանառության հարկի շեմի բարձրացման պարագայում ներկայումս ավելացված արժեքի հարկ վճարող համարվող շուրջ 9400 հարկ վճարողներից շուրջ 7000 հարկ վճարողներ կտեղափոխվեն շրջանառության հարկի համակարգ: Հետեւաբար, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ շրջանառության հարկի համակարգը` որպես իրապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկման համակարգ, ենթադրում է ավելի ցածր հարկային բեռի սահմանում, քան հարկման ընդհանուր համակարգում առաջացող հարկային բեռն է, ստացվում է, որ նախագծի ընդունումը ոչ թե դրական, այլ խիստ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների վրա: Մասնավորապես, մեր կողմից կատարված հաշվարկների համաձայն, նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կկրճատի տարեկան շուրջ 39 մլրդ դրամով.

3) թեեւ արտադրողներից ու ներմուծողներից կատարվող ձեռքբերումների դիմաց դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից հրաժարվելու երեւույթը լայն տարածում ունի, այդուհանդերձ մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ ձեռքբերումների ու իրացման շրջանառությունների իրապես փոքր ծավալներ ունեցող հարկ վճարողները (տարեկան մինչեւ 10 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողներ, որոնք շրջանառության հարկի շեմը չգերազանցելու, հետեւաբար նաեւ` ձեռքբերումներն ու իրացումները թաքցնելու խնդիր առանձնապես չունեն) կազմում են շրջանառության հարկ վճարողների 81 տոկոսը, իսկ միայն առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվողների պարագայում` 82 տոկոսը: Հետեւաբար, շրջանառության հարկի համակարգի շուրջ 2 տարիների կիրառության վիճակագրությամբ նույնպես շրջանառության հարկի շեմը շուրջ 3 անգամ բարձրացնելու առաջարկությունը որեւէ կերպ չի հիմնավորվում: Այլ կերպ ասած` ստացվում է, որ նախագծի ընդունման նպատակադրումը ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին հասցեական օժանդակություն տրամադրելն է, այլ խոշոր ձեռնարկատիրության հատկանիշներով բնութագրվող հարկ վճարողների համար լիարժեք հարկումից խուսափելու հնարավորությունների ստեղծումն է.

4) շրջանառության հարկի շեմը շուրջ 3 անգամ բարձրացնելու պարագայում կտրուկ կընդլայնվեն խոշոր տնտեսավարող սուբյեկտների` արհեստականորեն տրոհվելու եւ շրջանառության հարկի համակարգից անհարկի ձեւով օգտվելու հնարավորությունները: Մասնավորապես, եթե ներկայումս, օրինակ, տարեկան կտրվածքով 300 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտի տրոհվելու հնարավորությունները գործնականում շատ սահմանափակ են, քանի որ օգտվելու համար շրջանառության հարկի համակարգից այդ տնտեսավարող սուբյեկտը պետք է բաժանվի 5-6 տնտեսավարող սուբյեկտների, ապա առաջարկության ընդունման պարագայում բավարար կլինի պարզապես այդ տնտեսավարող սուբյեկտը 2 առանձին տնտեսավարող սուբյեկտների բաժանելը.

5) շրջանառության հարկի շեմի բարձրացումը չի հիմնավորվում նաեւ միջազգային փորձի տեսանկյունից: Մասնավորապես, շրջանառության հարկի շեմի վերանայման` նախկինում ներկայացված առաջարկությունների կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող շեմն աննախադեպ բարձր է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ եվրոպական երկրներում կիրառվող նմանատիպ շեմերի համեմատությամբ (շրջանառության հարկի կամ ավելացված արժեքի հարկի` միջազգային պրակտիկայում կիրառվող շեմերի մեծության վերաբերյալ տեղեկանքը կցվում է):

Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության շրջանակներում կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքի վերաբերյալ.

Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության շրջանակներում կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքի ներդրումը նույնպես համարում ենք ոչ նպատակահարմար` հետեւյալ հիմնական նկատառումներով՝

1) ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքի կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ առաջարկվող մոտեցումը կենսունակ չէ եւ հեռանկար չունի: Մասնավորապես, մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը կիրառության մեջ եղած` «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության որոշակի փուլում գործել է կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը: Վերջինիս կիրառության փորձը, սակայն, ցույց է տվել, որ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման եւ ստվերային շրջանառությունների դեմ պայքարի տեսանկյունից այդ մոտեցման արդյունավետությունը խիստ ցածր է: Այն գործնականում նշանակում է լրացուցիչ հաշվառման իրականացում, ինչը, սակայն, հնարավորություն չի ընձեռում լուծել գործարքների փաստաթղթավորման խնդիրը: Այդ նկատառումներով պայմանավորված՝ այս մեխանիզմը կիրառությունից հանվեց.

2) եթե նախագծի ընդունման նպատակը համահունչ է ստվերային շրջանառությունների դեմ պայքարի` իրականացվող քաղաքականությանը եւ նպատակ ունի ապահովելու տնտեսության մեջ կատարվող գործարքների փաստաթղթավորման բարձր մակարդակ, ապա նախագծի հիմքում պետք է դրվի ձեռքբերումների փաստաթղթավորման պարտադիր պահանջի գաղափարը, հակառակ պարագայում ստացվում է, որ նախագծի ընդունմամբ ընդամենը ձգձգվում է փաստաթղթավորման խնդրի լուծումը եւ մեծ հարված է հասցվում ստվերային շրջանառությունների դեմ պայքարի գործընթացին: Այդ առումով հասկանալի չէ նաեւ գործող օրենքը մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը հետաձգելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող օրենքի կարգավորումները նախատեսում են սահուն անցում գործարքների փաստաթղթավորմանը.

3) մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ հարկ վճարողները սովորաբար հայտարարագրում են այնքան իրացման շրջանառություն, որը համապատասխանում է նրանց մոտ առկա` ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթերին ու նրանց կողմից կիրառվող` առեւտրային վերադիրների միջինացված մեծություններին: Իրական շրջանառությունները, սակայն, անհամեմատ ավելի մեծ են: Հետեւաբար, ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքի կիրառությունը չի կարող արդյունավետ գործիք լինել իրացման շրջանառությունների իրական մեծությունների հայտարարագրումն ապահովելու եւ դրանով իսկ` ստվերային շրջանառությունները բացահայտելու տեսանկյունից.

4) ձեռքբերումների փաստաթղթավորման կամավորության սկզբունքի կիրառությունը որեւէ կերպ չի նպաստի իրապես փոքր հարկ վճարողներին բացահայտելու եւ նրանց համար հասցեական աջակցության ծրագրեր եւ ավելի մեղմ հարկային համակարգեր ներդնելու քաղաքականությանը: Այլ կերպ ասած` քանի դեռ իրապես փոքր հարկ վճարողները հստակ բացահայտված ու առանձնացված չեն իրացման շրջանառություններ թաքցնող ու փոքր շրջանառություններ հայտարարագրող հարկ վճարողներից, քանի դեռ սահմանափակված չեն փոքր հարկ վճարողների խմբում արհեստականորեն «տեղավորվելու» հնարավորությունները, փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հետագա բարելավումները խիստ վտանգավոր են, քանի որ քաղաքականության այդ ուղղությունն իրական հասցեատերերին առանձնապես չի օժանդակի, փոխարենը, սակայն, հարկման արտոնյալ պայմաններից կօգտվեն ավելի խոշոր տնտեսավարող սուբյեկտները` հանգեցնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորստի.

5) ձեռքբերումների փաստաթղթավորման խնդրի օպտիմալ լուծում մշակելու նպատակով մեր կողմից ուսումնասիրվել է այս ոլորտի միջազգային փորձը: Ուսումնասիրության արդյունքների ընդհանրացմամբ կարելի է նկատել, որ բոլոր այն երկրները, որոնք կիրառում են ձեռքբերումները փաստաթղթավորելու կամավորության սկզբունք, զուգահեռաբար կիրառում են հարկման այլընտրանքային համակարգերից դուրս գալու եւ հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու տարբեր սահմանափակումներ` կապված ապրանքային մնացորդների հետ: Մասնավորապես, Վրաստանի պարագայում գործում է հետեւյալ կարգավորումը. առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող` փոքր բիզնեսի սուբյեկտները ձեռքբերումները փաստաթղթավորում են կամավորության սկզբունքով, եւ եթե համախառն եկամտի ու աշխատավարձի ֆոնդի տարբերության առնվազն 60 տոկոսը հիմնավորվում է փաստաթղթերով, հարկի դրույքաչափը
 5 տոկոսից նվազում է 3 տոկոս: Փոխարենը, սակայն, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված է այս խմբի հարկ վճարողների մոտ առկա ապրանքային մնացորդի թույլատրելի առավելագույն չափ: Մասնավորապես, եթե տարվա ընթացքում` որեւէ պահի դրությամբ, այդ մնացորդը գերազանցում է 150 հազ. վրացական լարին (շուրջ 36.5 մլն դրամ), ապա փոքր բիզնեսի ներկայացուցիչը, անկախ իրացման շրջանառության մեծությունից, տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ: Հատկանշական է այն, որ այս խմբի հարկ վճարողների մոտ ապրանքային մնացորդի մեծության նկատմամբ հսկողությունն անխուսափելիորեն ենթադրում է առանց սահմանափակման ստուգումների, ուսումնասիրությունների եւ գույքագրումների իրականացում փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ, ինչն անհարկի անհանգստություն է պատճառում այս խմբի հարկ վճարողներին: Հաշվի առնելով նշված նկատառումները` Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է շրջանառության հարկի` վարչարարության ու հարկային հաշվառման տեսանկյունից անհամեմատ առավել պարզեցված համակարգ.

6) ձեռքբերումները փաստաթղթավորելու կամավորության սկզբունքի ներդրմամբ որեւէ խնդիր չի լուծվի: Մասնավորապես, նախագծի ընդունման արդյունքում կստացվի, որ շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 անգամ իջեցվում է այն հարկ վճարողների համար, որոնք, այսպես թե այնպես, կարողանում են փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տարեկան կտրվածքով կրում է 4-6 մլրդ դրամ հարկային եկամուտների կորուստ, ինչը որեւէ կերպ չի փոխհատուցվում արտադրողների կամ ներմուծողների կողմից հայտարարագրվող լրացուցիչ շրջանառությունների հաշվին: Այլ կերպ ասած` ստացվում է, որ նախագծի ընդունմամբ նվազեցվում է հարկային բեռն այն հարկ վճարողների համար, որոնք օբյեկտիվորեն մշտապես ունեն ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր, փոխարենը դրա հետեւանքով առաջացող՝ հարկային եկամուտների կորուստը չի փոխհատուցվում չփաստաթղթավորված շրջանառությունների կրճատման հաշվին:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծերում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`

 ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

       

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ընդհանուր առմամբ դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը բարձրացվում է 58,35 մլն ՀՀ դրամից մինչեւ 150 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ մինչեւ 2016թ. հունվարի 1-ը` առեւտրական գործունեության ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում ընտրել առաջարկվող երկու տարբերակներից մեկը` 1 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափ ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի պարտադիր հաշվառմամբ կամ 3.5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափ` առանց ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի հաշվառման, ինչը տնտեսվարող սուբյեկտների համար հարկային բեռի տեղաբաշխում կապահովի վարչարարական եւ ֆինանսական առումներով:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` բարձրացվում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար շեմը, ինչպես նաեւ առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները պետք է մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը` 2014 թվականի համար եւ 2015 թվականի հունվարի 20-ը` 2015 թվականի համար, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կարող է կազմել 43-45 մլրդ դրամ:

Միաժամանակ Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: