ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-604-23.09.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 152.1-ին հոդվածով, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման համար: «Վարչական ռեսուրսի օգտագործում» հասկացությունը, համաձայն օրենքի նախագծի 1-ին հոդվածի, ներառում է քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավի աշխատանքներում պետական կամ համայնքային ծառայողի ներգրավումը, քարոզչության նպատակով պետական միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբների տեղակայումը:

Հարկ է նշել, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածում որպես հանցագործության սուբյեկտ է նշվում պետական կամ համայնքային ծառայողի վերադասը: Այդ առումով պարզ չէ «վերադաս» հասկացությունը: Այսպես՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հանրային ծառայությունը  ներառում է ինչպես պետական, այնպես էլ` համայնքային ծառայությունը: Միաժամանակ նույն օրենքով տրված չէ «պետական ծառայող» հասկացության սահմանումը, սակայն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, ինչպես նաեւ օրենքներով նախատեսված այլ ծառայություններ։ Ինչպես երեւում է, «պետական ծառայություն» հասկացությունը չափազանց լայն ընդգրկում ունի, եւ գործնականում պետական ծառայողի համար կարող են գոյություն ունենալ տարբեր վերադասներ: Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջանալ տարակարծություններ` տվյալ հանցագործության սուբյեկտների շրջանակը որոշելիս: Մինչդեռ նշված հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է, այսինքն` հանցագործության տվյալ տեսակի համար կարող են  պատասխանատվության ենթարկվել ֆիզիկական ոչ բոլոր մեղսունակ եւ օրենքով սահմանված տարիքի հասած անձինք, այլ միայն նրանք, ովքեր իրենց աշխատանքի բնույթին կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխան կատարում են հատուկ պարտականություններ: Հետեւաբար, արարքի որակման համար չափազանց կարեւոր նշանակություն ունի հանցագործության սուբյեկտի՝ «վերադաս» հասկացության պարզաբանումը:

Հարկ է նշել նաեւ, որ քննարկվող հանցակազմի պարագայում նույն «վերադասը» պետք է հանդես գա որպես սուբյեկտ դիսպոզիցիայում նշված բոլոր արարքների կատարման համար: Մինչդեռ նշված հոդվածում տարբեր արարքների միջեւ կապն ապահովելու համար օգտագործվում է «ինչպես նաեւ» շաղկապը: Այդ առումով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ եթե  իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ: Ստացվում է, որ հոդվածի սկզբնական հատվածում նկարագրված սուբյեկտը չի կարող համարվել սուբյեկտ` «ինչպես նաեւ» արտահայտությունից հետո մատնանշված արարքի կատարման համար: Այսինքն՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելու հանցակազմի սուբյեկտը չի կարող հանդիսանալ նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբներ տեղակայելու հանցակազմի սուբյեկտ:

Բացի դրանից, խնդրո առարկա հոդվածում մատնանշված արարքներն իրենց էությամբ կա՛մ պաշտոնական լիազորությունների չարաշահում են, կա՛մ դրանց վերազանցում, որոնց պարագայում, եթե կատարված կոնկրետ արարքը ներառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի դիսպոզիցիայի շրջանակներում, արարքը որակվում է հենց այդ հոդվածով: Հակառակ դեպքում կիրառելի են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանող իրավադրույթները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելը, ինչպես նաեւ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսվանից մինչեւ մեկ տարի ժամկետով:  Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում` երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով`  նույն արարքները պաշտոնական դիրքն օգտագործելով կատարելու համար: Հետեւում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ պատասխանատվություն է սահմանում (ընդ որում, ավելի խիստ, քան առաջարկվում է օրենքի նախագծի հեղինակի կողմից): Այլ հարց է, որ, եթե օրենքի նախագծի հեղինակը ցանկանում է ավելի մեղմ պատասխանատվություն սահմանել նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման համար, կարող է առանձնացնել նշված հանցակազմը`  նշված նկատառումների հաշվառմամբ, սակայն ապահովելով առավել սպառիչ եւ հստակ ձեւակերպումներ:

Ավելի քան երեք տասնյակ երկրների քրեական օրենսդրությունն ուսումնասիրելով` չի հաջողվել գտնել որեւէ երկիր, որտեղ առկա կլիներ օրենքի նախագծով նախատեսված հանցակազմը:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկայումս մշակման փուլում է գտնվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածում եւս փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանալու: Հետեւաբար, հոդվածով ներկայացված առաջարկության ընդունման հնարավորությանը կարելի է անդրադառնալ  նշված օրենսդրական փաթեթի քննարկումների շրջանակներում:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:  

  Հարգանքով`    
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


                                ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է «վարչական եզրույթ» հասկացությունը, ինչպես նաեւ հստակեցվում են նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքում քրեական պատասխանատվության սահմանմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: