ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-582-29.08.2014-ՊԻ-010/0 եւ Պ-5821-29.08.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

I. «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝

1) օրենքի նախագծում հստակեցման կարիք ունի «զոհ» հասկացությունը: Օրենքի նախագիծն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ դրանում միաժամանակ օգտագործվում են թե՛  «տուժող», թե՛  «զոհ» հասկացությունները: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում օգտագործվում է «տուժող» հասկացությունը, մասնավորապես, օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաեւ այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը»: Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւս օգտագործվում է «տուժող» հասկացությունը.

2) համաձայն 2-րդ հոդվածի` սույն օրենքի իմաստով բռնությամբ կատարված հանցագործություն է համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքը, որը կատարվել է ֆիզիկական եւ հոգեկան բռնության գործադրմամբ եւ առաջացրել է տուժողի մահ կամ նրան պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնասվածք:

Սակայն պարզ չէ, թե որն է «ծանր կամ միջին ծանրության վնասվածք» արտահայտության բովանդակությունը. արդյոք խոսքը վերաբերում է միայն առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելուն, թե նաեւ այլ հանցավոր արարքներին.

3) համաձայն 4-րդ հոդվածի` փոխհատուցման պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին դիմելու իրավունք է նախատեսվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով տուժող ճանաչված՝ բռնությամբ կատարված հանցագործության զոհի, իսկ նրա մահվան կամ կամքն արտահայտելու ունակությունը կորցնելու դեպքում՝ տուժողի իրավահաջորդի համար:

4) համաձայն 5-րդ հոդվածի, եթե հանցագործություն կատարած անձը չի հայտնաբերվել կամ նրան քրեական պատասխանատվության ենթարկելն անհնար է, տուժողը փոխհատուցման պահանջ ներկայացնելու իրավունք է ստանում՝

ա. եթե հանցագործությամբ տուժողին մահ է պատճառվել եւ դեպքից անցել է մեկ տարի.

բ. եթե հանցագործությամբ տուժողին ծանր կամ միջին ծանրության վնասվածք է պատճառվել եւ դեպքից անցել է վեց ամիս:

Առաջարկվող ձեւակերպումից հետեւում է, որ փոխհատուցման պահանջ ներկայացնելու իրավունքի ծագումը կապվում է ցանկացած հանցագործության հետ, որով տուժողին պատճառվել է մահ, ծանր կամ միջին ծանրության վնասվածք՝ անկախ կատարված հանցանքի մեղքի ձեւից: Այսպիսի իրավիճակում ստացվում է, որ, եթե նույնիսկ անզգուշությամբ տուժողի առողջությանը պատճառվել է, ասենք,  միջին ծանրության վնաս, եւ վնասը պատճառվելուց հետո վեց ամսվա ընթացքում հանցանք կատարած անձը չի հայտնաբերվել, ապա տուժողն իրավունք է ստանում փոխհատուցման պահանջով դիմելու լիազոր մարմին: Ընդ որում, անձը լիազոր մարմին փոխհատուցման պահանջով կարող է դիմել տուժող ճանաչվելուց անմիջապես հետո, քանի որ այդ իրավունքի ծագումը օրենքի նախագծում կապվում է հանցագործության դեպքի հետ:

Այս առումով հասկանալի չէ, թե ինչպես է լուծվելու հարցն այն իրավիճակներում, երբ տուժողին լիազոր մարմնի կողմից փոխհատուցում տրամադրվելուց հետո նրան տուժող ճանաչելու մասին որոշումը վերացվի անհիմն, կամ անօրինական լինելու պատճառով կամ քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվի: Արդյոք այս դեպքում հնարավոր է տուժողից հետ գանձել տրված գումարները:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա է մինչեւ հանցանք կատարած անձի հայտնաբերումը կամ նրա դատապարտումը փոխհատուցման հնարավորություն, եթե կան հրատապ իրավիճակներ կամ տուժողների իրավունքները պաշտպանելու հետաձգում չհանդուրժող անհրաժեշտություն: Ընդ որում, խոսքը վերաբերում է միայն դիտավորությամբ կատարված հանցագործություններին (օրինակ՝ Լիտվա, Իսպանիա եւ այլն):

Համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերն ու ժամկետները չեն պահպանվում, եթե հանցագործություն կատարած անձն անվճարունակ է կամ մահացել է (ճանաչվել է մահացած): Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ քաղաքացին կարող է մահացած ճանաչվել նաեւ դատարանի վճռով` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների.

5) համաձայն 6-րդ հոդվածի` փոխհատուցման մեջ հաշվարկվող ծախսերում ներառված է նաեւ բարոյական վնասի փոխհատուցման գումարը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2014 թվականի մայիսի 19-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով օրենսգրքում ներդրվել է ոչ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմը: Միաժամանակ ներկայումս շրջանառության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն ուղղված է լրացնելու ոչ նյութական վնասի հատուցման նշված կառուցակարգը.

6) 7-րդ հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել «փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի մասին նշումներ» արտահայտությունը:

Համաձայն նույն հոդվածի 8-րդ մասի` փոխհատուցման չափի հաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով: Այս առումով առաջարկվող կարգավորումը գործնականում կարող է կիրառության հետ կապված խնդիրներ առաջացնել:

Նույն նկատառումը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 12-րդ հոդվածին.

7) օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ փոխհատուցումը, լիազոր մարմնի կամ նրա որոշումը բողոքարկելու դեպքում՝

ա. վարչական դատարանի կողմից կարող է նվազեցվել կամ մերժվել, եթե մինչեւ հանցագործության կատարումը տուժողն իր գործողություններով եւ վարքագծով սադրել է իր նկատմամբ կատարված հանցանքը: Առաջարկվող կարգավորման պայմաններում ստացվում է՝ լիազոր մարմինը կամ վարչական դատարանը փոխհատուցման պահանջի քննարկման յուրաքանչյուր դեպքում, քրեական վարույթը չավարտված լինելու պայմաններում, պետք է նաեւ գնահատի՝ արդյոք տուժողը սադրել է հանցագործության կատարումը: Այսպիսի կարգավորումը զուրկ է կիրառության համար իրավական հիմքերից եւ չի կարող ընդունելի լինել, քանի որ սկզբունքորեն հակասում է Հայաստանի Հանրապետության քրեադատավարական գործող համակարգի պահանջներին: Բացի դրանից՝ լիազոր մարմինը կամ վարչական դատարանը չունի եւ չի էլ կարող ունենալ անհրաժեշտ իրավական գործիքներ՝ լուծելու համար օրենքի նախագծով ներկայացվող խնդիրը,

բ. դատարանի կողմից կարող է նվազեցվել կամ մերժվել, եթե տուժողին փոխհատուցման տրամադրումը մասամբ կամ ամբողջությամբ կհակասի արդարադատության շահին: Այսպիսի կարգավորումը նույնպես չի կարող ընդունելի լինել, քանի որ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքներով կամ ինչպես է գործադիր իշխանության մարմինը որոշելու՝ արդյոք փոխհատուցման տրամադրումը համապատասխանում է արդարադատության շահին: Ավելին, օրենքի նախագծով չի հստակեցվում «արդարադատության շահ» հասկացությունը, եւ պարզ չէ, թե որոնք են լինելու դրա բովանդակությունը բացահայտող չափանիշները.

8) 10-րդ հոդվածով սահմանվում է պետության հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը: Այս առումով պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու ռեգրեսի իրավունքը, երբ քաղաքացին սնանկ (անվճարունակ) է ճանաչվում.

9) 13-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ, եւ դրա կիրառելիության ժամկետի հաշվարկումն սկսել 2002 թվականի ապրիլի 26-ից:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշման մեջ արձանագրել է, որ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը պայմանավորված է օրենսդրի հայեցողությամբ: Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) վճռում արձանագրվել է, որ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների խախտման հետեւանքներով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում: Օրենքի նախագծի հիմնավորումներում վկայակոչված՝ նշված նախադեպում հետադարձ ուժ սահմանելու՝ պետության պարտականության վերաբերյալ որեւիցե իրավադրույթ չի սահմանվել:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված ՄԻԵԴ վճիռներում եւս առկա չէ առանձին օրենքի տեսքով բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու պահանջ: ՄԻԵԴ-ը իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում միայն մատնանշել է ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի առկայության պահանջը: Բացի դրանից՝ Եվրոպական կոնվենցիայի կարգավորման առարկան եւ նպատակները չեն առնչվում այն հարցերին, որոնք կարգավորվում են «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայով:

Օրենքի նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով կոնվենցիան (որը դեռեւս չի վավերացվել) եւ կոնվենցիայում նշված կառուցակարգերն ստեղծելու ուղղությամբ մինչեւ այժմ գործուն քայլեր չձեռնարկելով, խախտում է Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 18-րդ հոդվածը: Նման տեսակետը չի բխում Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի մեկնաբանություններից, քանի որ նշված հոդվածով ամրագրվում է միայն այն, որ  պայմանագիրն ստորագրած պետությունը, մինչեւ պայմանագրի վավերացումը, պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հակառակ են պայմանագրի նպատակին եւ առարկային:

Հատկանշական է, որ առկա չէ միասնական մոտեցում այն հարցի վերաբերյալ, թե արդյոք պայմանագիրն ստորագրած, բայց դեռեւս չվավերացրած պետություններն ունեն պոզիտիվ պարտավորություն՝ կատարելու տվյալ պայմանագրից բխող գործողությունները: Նման դեպքերում պետության վրա դրվում են ոչ այնքան որոշակի գործողություններ կատարելու, որքան որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու պարտավորություն: Վիեննայի կոնվենցիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետությունների լիազոր ներկայացուցիչները եւս այս նորմը դիտարկում են որպես պայմանագրի կնքման պահին առկա իրավիճակի պահպանում, որպեսզի հետագայում պետությունն իր գործողություններով չփոփոխի այն իրավիճակը, որն առկա է պայմանագրի ստորագրման պահին:

II. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունն առկա չէ: Տուժողի՝ փոխհատուցում ստանալու իրավունքն ամրագրված է  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում, որի համաձայն տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալու քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը: Այսինքն՝ գործող քրեական դատավարության օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը՝ չսահմանափակելով դրանք հանցագործությունների կոնկրետ շրջանակով:

Հարկ ենք համարում հայտնել, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի բյուջետային լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով ծախսերի բնույթից:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի չէ, քանի որ հաշվի չի առնում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաեւ բովանդակում է կարգավորումներ, որոնք չունեն կիրառության համար բավարար հիմքեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման մասին  եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու հիմքերը, պայմաններն ու կարգը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տրամադրելու հիմքերը, պայմաններն ու կարգը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն
«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք  ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է լիազոր մարմնի որոշմամբ եւ իր սահմանած չափերով  ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին, եթե հանցագործություն կատարած անձինք չեն բացահայտվում եւ քրեական պատասխանատվության չեն կանչվում կամ նրանք անհասանելի են ՀՀ իրավապահ մարմինների համար, կամ մահացել են, կամ անվճարունակ են: Մասնավորապես նախատեսվում է փոխհատուցել`

-  կորցրած աշխատավարձը (եկամուտը),

-  առողջության քայքայման հետեւանքով ծագած ծախսերը` այդ թվում նաեւ այլ ծախսերը, որոնց համար չեն կարող ներկայացվել ֆինանսական փաստաթղթեր,

-  բարոյական վնասի հատուցման գումարը,

-  հուղարկավորության ծախսերը` այդ թվում նաեւ գերեզմանի կառուցման եւ հարդարման ծախսերը,

-  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածով սահմանված անձանց` կենսապահովման միջոցի կորուստը,

-  պահանջի ապահովմանը ուղղված` տուժողի կողմից կատարված դատական ծախսերը:

Նշված օրենքների նախագծերի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի չափը հնարավոր չէ գնահատել ելնելով ծախսերի բնույթից:

Միեւնույն ժամանակ, ելնելով այն հանգամանքից, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 19-րդ ենթակետի համաձայն նվազեցվող եկամուտ չեն համարվում կորցված եկամտի փոխհատուցումը՝ գտնում ենք, որ կորցրած աշխատավարձի (եկամտի) փոխհատուցման գումարները եկամտային հարկով հարկելու մասով նախագծերի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման: Այս դեպքում եւս կոնկրետ գնահատական հնարավոր չէ տալ, քանի որ պարզ չէ, թե նախագծերի ընդունումից հետո կորցրած աշխատավարձի (եկամտի) մասով որքան գումար կփոխատուցվի: Սակայն, ցանկացած դեպքում, պետական բյուջեի ծախսերի ավելացումը կգերազանցի եկամուտների ավելացմանը:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ նախագծերի ընդունումը համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: