ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-530-21.05.2014-ՊԻ-010/0 եւ Պ-5301 -21.05.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ.

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել`

1) գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը (նախագծի 1-ին հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդված).

2) հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը (նախագծի 2-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մաս):

Այդ առումով նշված արարքներն ապաքրեականացնելը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31.1-ին ու 45-րդ հոդվածների պահանջներից եւ տեղին չէ՝ ելնելով նշված արարքների հանրային վտանգավորությունից: Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածն անմիջականորեն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը, իսկ 205-րդ հոդվածը՝ պարտավորություններին եւ տնտեսական գործունեության պաշտպանությանը:

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով (35-40 մլն), կամ չվճարված գումարի եռապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Հաշվի առնելով, որ ըստ նախագծի 2-րդ հոդվածի` առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը (20 մլն) գերազանցող գումարը, գտնում ենք, որ նախատեսված պատիժը խիստ անհամաչափ է արարքի վտանգավորությանը: Այդ առումով նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված  պատիժները խիստ անհամաչափ են եւ չեն բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված պատասխանատվության համաչափության սկզբունքից, ինչպես նաեւ կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար համաչափ պատիժ նշանակելու` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության սկզբունքից, որի համաձայն հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

Հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը միայն նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի (քսան միլիոն դրամի) չափով՝ արարքը կատարելու համար, չի բխում նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից, առաջարկվող փոփոխության հիմքում չեն դրվում մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաեւ հաշվի չեն առնվում նշված փոփոխության հետեւանքով ստվերային տնտեսության ծավալների մեծացման ռիսկերը:

Բացի դրանից` անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է խրախուսական նորմ օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի գործող խմբագրությունը պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պարզ չէ, թե որն է «հարկերը, տուրքերը կամ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը»: Արդյո՞ք օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերը մեկ անգամ թե՞ երկու եւ ավելի անգամ չներկայացնելն է համարվում հարկերը, տուրքերը կամ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել: Հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի կիրառելիության շրջանակները հստակեցման կարիք ունեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիան:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծի ընդունումը բավարար հիմնավորված չէ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ.

1. 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 47.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին մոլորեցնելու համար նախատեսված է պատիժ՝ տուգանք կամ կալանք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, բացի կալանքից, նախատեսվում է նաեւ ազատազրկում: Այսինքն, նախագծի նշված դրույթների համաձայն վարչական իրավախախտում հանդիսացող արարքի համար նախատեսվում է պատիժ, մինչդեռ պատիժը հանդիսանում է քրեաիրավական ներգործության միջոց, իսկ «պատիժ» ինստիտուտը բնորոշ է միայն քրեական իրավունքին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ եւ արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: Հետեւաբար՝ պատիժը, որպես պետական հարկադրանքի միջոց, կարող է նշանակվել միայն քրեական օրենսգրքով որպես հանցագործություններ նախատեսված արարքների համար: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ կալանքը եւ որոշակի ժամկետով ազատազրկումը պատժի տեսակներ են:

Հարկ է նշել նաեւ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է` նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները պահպանելու, ինչպես նաեւ կանխել նոր իրավախախտումների կատարումը: Այսինքն՝ վարչական իրավախախտման համար կիրառվող հարկադրանքի միջոցը տույժն է, այլ ոչ թե պատիժը:

Բացի դրանից` նախագծի նշված հոդվածով, որպես վարչական պատասխանատվության տեսակ, նախատեսված է կալանքը եւ ազատազրկումը, ինչը չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի պահանջներից, քանի որ կալանքը եւ ազատազրկումը վարչական տույժի տեսակներ չեն:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 2-րդ հոդվածին:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից քսանհազարապատիկը: Այսինքն, նշված դրույթների համաձայն, վարչական իրավախախտում հանդիսացող արարքը դիտվում է որպես հանցագործություն, ինչը նույնպես չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջներից:

Հետեւաբար, ներկայացված նախագիծը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծի ընդունումը բավարար հիմնավորված չէ:

Ներկայացված նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել օրենսգրքի անվանումը: Մասնավորապես, նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» բառերով, իսկ նախագծի 1-ին հոդվածում նշված «ընդունված N-355-11 06.12.1985 թվ.» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները.

2) նախագծի 1-ին հոդվածի համաձայն օրենսգրքի 48-րդ հոդվածը լրացվում է նոր` 47.8-րդ հոդվածով: Ստացվում է, որ հոդվածը կարող է լինել մեկ այլ հոդվածի կառուցվածքային միավոր, ինչը չի բխում  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Այդ առումով նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումը վերանայման կարիք ունի:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 2-րդ հոդվածին.

3) նախագծի 2-րդ`

ա. հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին» եւ «ընդունված N-355-11, 06.12.1985 թվ.» բառերն անհրաժեշտ է հանել, իսկ «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները,

բ. հոդվածով լրացվող օրենսգրքի 170.3-րդ հոդվածում նշված «գանձվող» բառն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն պետական  տուրքը  պետական  մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության  պետական  եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված է հստակեցնել տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը՝ ապահովելով քրեական, վարչական եւ քաղաքացիական պատասխանատվության հավասարակշռված օրենսդրական կարգավորումներ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

 Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:              Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է տնտեսական խախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը փոխարինել վարչական պատասխանատվությամբ` ավելացնելով խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով  (այսուհետ` Նախագծեր) առաջարկվում է տնտեսական, հաշվապահական խախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության փոխարեն կիրառել վարչական պատասխանատվություն` էապես ավելացնելով սահմանված տուգանքների չափերը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ համայնքային բյուջեների ծախսերի ու եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: