ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-486-07.04.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ  հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին զբաղվելու գործունեության բաղադրիչներից թե՛ որեւէ մեկով եւ թե՛ բոլոր տեսակներով: Սկզբունքորեն համաձայն լինելով օրենքի նախագծի գաղափարին՝ նպատակահարմար ենք համարում խնդրարկվող գործունեության բաղադրիչները տարանջատելու փոխարեն դրանք ներկայացնել որպես «կամ» կամ «եւ» շաղկապով բաժանված գործունեության տեսակներ՝ տնտեսավարողներին հնարավորություն ընձեռելով նշված գործունեության տեսակներով զբաղվելու ցանկության դեպքում ներկայացնելու այդ գործունեության տեսակներից որեւէ մեկով առանձին զբաղվելու մասին հայտ: Օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ խնդրի համապարփակ կարգավորման նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի լիցենզավորման համար սահմանելով տուրքի առանձին դրույքաչափ:

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝ անհրաժեշտ է օրենքի նախագծի 1-ին հոդվածում «14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը փոխարինել «14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, իսկ 3-րդ կետում «Վտանգավոր թափոնների պահպանում» բառերը՝ «Վտանգավոր թափոնների պահում» բառերով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարներին հանձնարարվել է վերանայել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում նշված գործունեության տեսակները՝ համանման խնդիրների վերհանման եւ կարգավորման նպատակով: Պատրաստ ենք այս հարցում համագործակցել օրենքի նախագծի հեղինակի հետ՝ նրա կողմից նման ցանկության առկայության դեպքում:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարելու՝

 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման մեջ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ:

Նշված փոփոխությունները կընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

             

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) տարանջատվում են շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության բաղադրիչները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                               Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական  ազդեցություն:                                                                                                             Նախագծով տարանջատվում են շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության բաղադրիչները, ինչը կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական ծախսերի եւ վարչարարության ավելացմանը ոլորտում գործող ընկերությունների համար:                                                                                                                                             Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական ծախսերի վրա Նախագծի վերջնական ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել միայն Նախագծի ամբողջական փաթեթի առկայութան դեպքում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատման

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է տարանջատել խնդրո առարկա լիցենզավորման տեսակի բաղադրիչները` ստեղծելով առավել բարենպաստ պայմաններ  տնտեսվարողի համար:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է եւ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չհակասելու նպատակով անհրաժեշտ է ՝

- Օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝

1) «14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը փոխարինել «14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների.

2) 3-րդ կետի «Վտանգավոր թափոնների պահպանում» բառերը փոխարինել «Վտանգավոր թափոնների պահում» բառերով, քանի որ «Թափոնների մասին» ՀՀ օրենքում (հոդված 4) սահմանված է «թափոնների պահում» հասկացությունը.

- Օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում փոփոխություններ կատարել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N121-Ն որոշման մեջ,

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագծի ընդունման դեպքում` առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները.

Հայաստանի Հանրապետության ««Լիցենզավորման մասին» օրենքով լիցենզավորման գործունեության տեսակների ցանկում շրջակա միջավայրի բնագավառում տնտեսվարող սուբյեկտին լիցենզիա տրամադրվում էր մեկ բաղադրիչով`  վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման:

Հայաստանի Հանրապետության ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը կոչված է տնտեսվարող սուբյեկտի համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ` տարանջատելով գործունեության բաղադրիչները, որի արդյունքում առանձին բաղադրիչներով լիցենզիա ձեռք բերելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը կներկայացնի միայն տվյալ բաղադրիչին ներկայացվող պահանջները:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման կամ չընդունման դեպքում` դրանց կիրարկման ադյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների.

Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ  նախագծի ընդունումն այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացման, իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի վրա նախագծի ընդունումը կունենա չեզոք ազդեցություն: