ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
պարոն  ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ

 


Հարգելի պարոն Շարմազանով

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հայկ Բաբուխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-461-13.03.2014-ՊԱ-010/0) վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում հին (5 եւ ավելի տարվա արտադրության) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննnւթյան պարբերականության ժամկետը հավասարեցնել նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցի պարբերականության ժամկետին եւ գտնում է, որ տեխնիկական զննության պարբերականության ժամկետների ավելացումները չեն նպաստում տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում տեխնիկական եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության երաշխիքների ապահովմանը:

2. Նախագծով անհրաժեշտ է կարգավորել, թե տեխնիկական զննության կտրոնի բացակայության դեպքում ով եւ ինչպես է իրականացնելու վերահսկողությունը տեխնիկական զննության անցկացման նկատմամբ, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով դրա հետ կապված իրավահարաբերությունները:

3. Նախագծում պահպանված չեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է օրենքների նախագծերի փաթեթ, որն առավել համապարփակ կարգավորում է խնդրո առարկա հարցերը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ ներկայացնելու նպատակով:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 
Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22?ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության պորտում կարգավորման ազդեցության գնահատման

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14?ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները չփակցնել ավտոմեքենաների դիմապակու վրա, ինչպես նաեւ հետագա զննությունների համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարի ժամկետով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կտրոնների ժամկետների երկարաձգմանը, ինչպես նաեւ վերջիններս տրանսպորտային միջոցի դիմապակու վրա չփակցնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈՒՆ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ տրանսպորտային միջոցները՝ թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ, տեխնիկական զննություն են անցնում ոչ թե յուրաքանչյուր 2 տարին, այլ 3 տարին մեկ անգամ, իսկ այլ տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների (թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած), ինչպես նաեւ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է սահմանել, որ տեխնիկական զննություն անցնեն ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ 3 տարին մեկ անգամ:

Ընդ որում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար, ինչպես նաեւ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար նախատեսված է պետական տուրք՝ համապատասխանաբար բազային տուրքի 250 տոկոսի եւ 150 տոկոսի չափով:

Հետեւաբար «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի նվազեցման, որը կոնկրետ գնահատել հնարավոր չէ՝ քանակական տվյալների բացակայության պատճառով: