ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-446-19.02.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ըստ նախագծին կից հիմնավորման` նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողների շահերը եւ թույլ չտալու, որպեսզի մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ: Այդ նպատակով առաջարկվում է՝

1) հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության եւ պարտադիր նորմերին ուղղված վճարները) վճարումները կատարել մատակարարող կազմակերպության կողմից գրավոր (փոստային կամ էլեկտրոնային) եղանակով ծանուցում ստանալուց հետո.

2) գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սպառման ցուցիչների արկղերը, կապարակնիքները բացել կամ վերակապարակնքել միայն սպառողի ներկայությամբ՝ տալով համապատասխան տեխնիկական լուծումներ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1. Աղբահանությանն ու պարտադիր նորմերին ուղղված վճարները «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) կարգավորման առարկայի շրջանակներից դուրս են: Բացի դրանից` աղբահանության վճարը մեկ մարդու համար սահմանված հաստատուն թիվն է՝ բազմապատկած ընտանիքի անդամների թվով եւ այդ առումով ծանուցման անհրաժեշտությունը բացակայում է:

2. Ջրի մատակարարման ոլորտում վճարումներին վերաբերող հարցերի կանոնակարգումը դուրս է նշված օրենքի իրավասությունների շրջանակից եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված կարգով:

Բացի դրանից` հարկ է նկատի ունենալ, որ բաժանորդների սեփականությունը հանդիսացող ջրաչափերը տեղադրված են հիմնականում սպառողների բնակարաններում կամ նրանց պատկանող տարածքներում, հետեւաբար, օրենսդրական նախաձեռնության նպատակը հասանելի է, եւ հարցի` օրենքով կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:

3. Էլեկտրաէներգիայի սպառման ցուցիչների արկղերի կապարակնիքները միայն սպառողի ներկայությամբ բացելու կամ վերակապարակնքելու պահանջը տեխնիկապես հնարավոր չէ ապահովել, քանի որ մի արկղում բազմաթիվ բաժանորդների հաշվիչներ են տեղադրված, որոնց միաժամանակյա ներկայությունը գործնական չէ:

Հարկ ենք համարում նշել, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ցուցիչների հետ կապված առաջարկվող խնդիրներն արդեն իսկ կարգավորված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխանաբար 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարաման եւ օգտագործման կանոններով (ԷՄՕԿ-ի 46-րդ կետ) եւ 2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ հաստատված` բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով (ԳՄՕԿ-ի 6.4-րդ եւ 8.5-րդ կետեր):

Ըստ նշված կանոնների` սպառողը կարող է իր գրավոր դիմումի համաձայն ստանալ տեղեկատվություն սպառած քանակի եւ արժեքի մասին փոստով կամ էլեկտրոնային փոստով: Ծանուցումը փոստով առաքելու պահանջի դեպքում մատուցված ծառայության համար վճարում է սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով ծանուցումն իրականացվում է անվճար: Բացի դրանից` նման տեղեկատվություն կարելի է ստանալ թեԲ հեռախոսով, թեԲ համապատասխան կայքերի միջոցով: Այժմ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ օգտվում են նշված բոլոր ծառայություններից: Ընդ որում, սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքելու սպառման ցուցիչները:

4. Նախագծից պարզ չէ, թե մատակարարող կազմակերպությունը վճարման պարտավորությունն առաջանալուց հետո ինչ ժամկետում է սպառողին ծանուցելու վճարումների մասին, ինչպես նաեւ սպառողները ծանուցումն ստանալուց հետո ինչ ժամկետում են կատարելու համապատասխան վճարումները:

5. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն, առկա են հստակեցման եւ խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Օրենքի նախագծում «տալ այնպիսի տեխնիկական լուծումներ» արտահայտությունը չի բավարարում օրենքին ներկայացվող լեզվաոճական պահանջներին:

6. Ներկայացված օրենքի նախագիծը նոր հարցադրումներ է հարուցում տեխնիկաֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախսեր պարտադրելով սպառողներին եւ բիզնեսին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ oրենքի շրջանակներում օրենսդրական նախաձեռնության նպատակները, սպառողների համար առկա տեխնիկական պայմաններում, առավելագույնս հասանելի են, եւ օրենքով կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով` 
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

                    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հանրային ծառայությունների վճարումների, ինչպես նաեւ  գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սպառման ցուցիչների արկղերի բացվելու կամ վերակապարակնքվելու հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) ուղղված է պաշտպանելու սպառողների շահերը, մասնավորապես` թույլ չտալու, որպեսզի մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն գազի, ջրի եւ էլեկտրոէներգիայի սպառման հաշվիչների հետ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները.

ՀՀ կառավարության «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողների շահերը եւ թույլ չտալու մատակարարող կազմակերպությունների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարելու հաշվիչների հետ:

 Միաժամանակ Նախագծով առաջարկվում է վճարումները կատարել մատակարարող կազմակերպությունների կողմից գրավոր (փոստային կամ էլեկտրոնային) եղանակով ծանուցում ստանալուց հետո:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման կամ չընդունման դեպքում` դրանց կիրարկման ադյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների.

Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կամ չընդունումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն, իսկ պետական բյուջեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում կարող են առաջացնել ծախսեր, որի չափերը հնարավոր չէ գնահատել թվային տվյալների բացակայության պատճառով: