ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-445-13.03.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի` ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչեւ 1.5 տոկոսի:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն, շրջանառության հարկի նշված դրույքաչափերի նվազեցման արդյունքում առեւտրային (առք ու վաճառքի) եւ արտադրական գործունեություն իրականացնող փոքր եւ գերփոքր ձեռնարկությունները հնարավորություն կունենան մրցակցել նույն ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր եւ գերխոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը:

1. Գտնում ենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ուսումնասիրությունը պետք է կատարվի ոչ միայն շրջանառության հարկի դրույքաչափերի տեսանկյունից, այլ նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից իրականացվող հարկային հաշվառմանն ու փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների տեսանկյունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանառության հարկի ներդրումը հնարավորություն է ընձեռել պարզեցնել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից իրականացվող հարկային հաշվառումն ու փաստաթղթավորումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն է ընձեռել տնտեսել հարկային հաշվառման վրա ծախսվող նկատելի աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսներ: Այս առումով, կարծում ենք, որ շրջանառության հարկի համակարգի ներդրմամբ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ավելացում տեղի չի ունեցել, քանի որ`

1) շրջանառության հարկի դրույքաչափերը հաշվարկվել են` հիմք ընդունելով նախորդ տարիների արդյունքներով տարեկան մինչեւ 58.35 մլն դրամ համախառն եկամուտ ունեցած տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացված` եկամտահարկի եւ շահութահարկի պարզեցված հաշվարկներում արտացոլված եկամուտների կառուցվածքում նշված տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված եկամտահարկի եւ շահութահարկի տեսակարար կշիռները: Նմանատիպ հաշվարկներ կատարվել են նաեւ 2012 թվականի գործունեության արդյունքների հիման վրա, ինչի արդյունքում պարզվել է, որ արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող, մինչեւ 58,35 մլն դրամ համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունների 2012 թվականի գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը համախառն եկամտի նկատմամբ միջինը կազմում է 6 տոկոս (վերլուծությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարբեր վարչատարածքներում եւ արտադրության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող 25 կազմակերպությունների կտրվածքով), մինչդեռ շրջանառության հարկի գծով արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար սահմանված է ընդամենը 3.5 տոկոս դրույքաչափ: Այսինքն, գործող օրենքով արդեն իսկ նախատեսված է առավել ցածր դրույքաչափ.

2) շրջանառության հարկ վճարողներն ազատվել են փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից.

3) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել է, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները եկամտային հարկը հաշվարկում եւ վճարում են ամսական 5 հազ. դրամի չափով, որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.

4) շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկի հաշվարկը հարկային մարմին են ներկայացնում եռամսյակային պարբերականությամբ` դրանում ներառելով նաեւ տվյալ եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ներկայացվում էին ամսական պարբերականությամբ` առանձին հաշվետվությամբ.

5) շրջանառության հարկ վճարողներն ազատվել են առաքվող կամ տեղափոխվող ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի մասով գրանցման գրքերում գրանցումներ կատարելու պարտավորությունից:

2. Նախագծի ընդունման հիմնավորմամբ բացահայտված եւ հիմնավորված չեն ներկայացված նախագծի ընդունումից փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ պետության հնարավոր օգուտները: Մասնավորապես, պարզ չէ, թե արդյոք այն կխրախուսի իրական շրջանառությունների հայտարարագրումը եւ գործարքների լիարժեք փաստաթղթավորումը: Կարծում ենք, որ եթե հայտարարագրվող շրջանառություններն ավելանան, ապա դրանց աճը կլինի առավելագույնը մինչեւ գործող դրույքաչափին համապատասխանող հարկի գումարին համապատասխանող չափով, իսկ ձեռքբերումները կրկին չեն փաստաթղթավորվի` ավելացված արժեքի հարկի շեմը չգերազանցելու նպատակով:

3. Միաժամանակ, հատկանշական է այն, որ շրջանառության հարկի համակարգի ներդրումը չի սահմանափակում հարկ վճարողների` հարկման համակարգի ընտրության իրավունքը: Մասնավորապես, շրջանառության հարկ վճարող համարվելու` օրենքով նախատեսված չափանիշներին բավարարող հարկ վճարողները կարող են կամավորության սկզբունքով հարկային մարմին ներկայացվող հայտարարությամբ համարվել ավելացված արժեքի հարկ վճարողներ: Արդյունքում, նշված հարկ վճարողները հնարավորություն կունենան հարկային պարտավորությունները հաշվարկել եկամուտների եւ ծախսերի տարբերության հիման վրա, ինչը նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտի հարկային բեռի մեծությունը կորոշվի նրա գործունեության շահութաբերության արդյունքների հիման վրա:

4. Այդուհանդերձ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկման համակարգին առնչվող դիտարկումները ցույց են տալիս, որ առկա են որոշ խնդիրներ: Մասնավորապես, խոշոր հարկ վճարողները պնդում են, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ցանկանում կատարված ձեռքբերումները փաստաթղթավորել, ինչը մի կողմից խոշոր հարկ վճարողների համար ստեղծում է իրացումները հիմնավորելու խնդիրներ, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ձեռքբերումները չփաստաթղթավորելու հիմնական նպատակն ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմը չգերազանցելն է: Ընդ որում, դրան մեծապես նպաստում է նաեւ չհիմնավորված ձեռքբերումների համար 11 տոկոս եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից ազատված լինելու հանգամանքը:

Այս առումով ներկայումս աշխատանքներ են իրականացվում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգում առկա խնդիրները համալիր ձեւով լուծելու ուղղությամբ: Մասնավորապես, 2014 թվականի փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում քննարկվել է առեւտրային գործունեության մասով շրջանառության հարկի բեռն իջեցնելու եւ զուգահեռաբար գործարքների փաստաթղթավորումը խթանելու հետեւյալ մոտեցումը:

 Առեւտրական գործունեության մասով շրջանառության հարկը շարունակվում է հաշվարկվել 3.5 տոկոս դրույքաչափով, սակայն հարկի հաշվարկված գումարը նվազեցվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերում նշված ծախսերի 3 տոկոսի չափով: Ընդ որում, եթե այս եղանակով հաշվարկված հարկի գումարն ստացվում է ավելի փոքր, քան իրացման շրջանառության 1 տոկոսն է, ապա վերջնական հարկային պարտավորությունը հաշվարկվում է իրացման շրջանառության 1 տոկոսի չափով (շրջանառության հարկի նվազագույն դրույքաչափ):

Նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը վերը նշված օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելուց հետո: Միաժամանակ առաջարկում ենք նախագծի հեղինակներին՝ համագործակցել ՓՄՁ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ նշված նախագծերի մշակման գործում՝ մեկ միասնական, փոխհամաձայնեցված նախագծերի փաթեթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

          

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Շրջանառության հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

  Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է նվազեցնել առեւտրական եւ արտադրական գործունեություններից եկամուտների տեսակի համար սահմանված դրույքաչափը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է իջեցնել առեւտրով, արտադրական եւ այլ գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային դրույքաչափը: Նախագիծը կնպաստի առեւտրի ոլորտում զբաղված ՓՄՁ սուբյեկտների գործունեության զարգացմանը, ոլորտում զբաղված տնտեսվարող սուբյեկտների քանակի աճին եւ կապահովի հավասար հարկային դաշտ բոլոր ՓՄՁ սուբյեկտների համար:

Եզրակացություն
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք   ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի` ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափի փոխարեն սահմանել 1.5 տոկոս:

Մեր կողմից կատարված նախնական հաշվարկների համաձայն, նախագծի ընդունման արդյունքում, այլ հավասար պայմաններում, ՀՀ պետական բյուջեի եկամուտների տարեկան կորուստը կկազմի շուրջ 5.9 մլրդ ՀՀ դրամ:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: