ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-411-03.12.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետները 2014 թվականի հունվարի 1-ից սահմանել`

ա. շենքերի, շինությունների եւ փոխանցող հարմարանքների համար` ներկայումս գործող 20 տարվա փոխարեն 15 տարի,

բ. հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական եւ ուսումնական հաստատությունների շենքերի եւ շինությունների համար` ներկայումս գործող 10 տարվա փոխարեն 8 տարի,

գ. չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` ներկայումս գործող 3 տարվա փոխարեն սահմանել 2 տարի:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով ոչ ընթացիկ ակտիվների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներն արդեն իսկ ենթադրում են արագացված ամորտիզացիայի համակարգի կիրառություն, քանի որ այդ ժամկետները նկատելիորեն ավելի կարճ են, քան համապատասխան ոչ ընթացիկ ակտիվների օգտակար ծառայության ժամկետներն են: Այսինքն, նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված` ոչ ընթացիկ ակտիվներն առավել կարճ ժամկետում արդիականացնելու ու վերարտադրելու նպատակադրումը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել նաեւ գործող օրենքի շրջանակներում:

2. Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն համակարգի կատարելագործման, դրա գծով հարկային հաշվառման կանոնների պարզեցման, ինչպես նաեւ ամորտիզացիոն նվազագույն ժամկետների առավել կրճատման խնդիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքով: Մասնավորապես, նշված օրենքի 7-րդ հոդվածով ?Շահութահարկի մասին? Հայաստանի Հանրապետության օրենքը լրացվել է նոր` 12.1-ին հոդվածով, որի համաձայն, 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) ոչ ընթացիկ ակտիվների մասով ներդրվել է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող` ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման փուլինգային համակարգ: Վերջինս ենթադրում է, որ նշյալ ոչ ընթացիկ ակտիվների մասով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկվելու են ելնելով ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքներից: Ընդ որում, նոր համակարգը մշակված է այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի հարկ վճարողներն ոչ ընթացիկ ակտիվի շահագործման առաջին տարիներին ավելի մեծ չափով ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն ունենան: Նոր համակարգի շրջանակներում կիրառվելիք ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքները սահմանվել են ոչ թե ներկայումս կիրառվող մեկ տարվան բաժին ընկնող ամորտիզացիոն տոկոսադրույքների չափով, այլ շուրջ 1.5 անգամ ավելի մեծ չափով: Օրինակ, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված շենքերի եւ շինությունների համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 20 տարի (ինչը նշանակում է, որ տարեկան կտրվածքով կարող է ամորտիզացվել շենքի արժեքի առավելագույնը 5 տոկոսը), մինչդեռ 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված) նույն շենքերի եւ շինությունների համար ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանված է 7.5 տոկոս:

Բացի դրանից, կարեւորելով երկրի տնտեսության վրա գիտության զարգացման ազդեցությունը եւ հաշվի առնելով ներկայիս գիտատեխնիկական զարգացման աճի արագ տեմպերը` վերոնշյալ օրենսդրական փոփոխությամբ խրախուսվել է նաեւ գիտական առաջընթացի ներդրումը «բիզնեսի» մեջ: Այսպես, եթե մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը նվազեցման ենթակա էին բացառապես գործունեության մեջ շահագործվող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները (այսինքն` հաշվի էր առնվում միայն «ֆիզիկական» մաշվածքը), ապա 2013 թվականի հունվարի 1-ից հետո նշված սահմանափակումը հանվեց եւ այժմ, ֆիզիկական մաշվածքի հետ զուգահեռ, նվազեցման ենթակա է նաեւ հիմնական միջոցների «բարոյական» մաշվածքը: Դա նշանակում է, որ հարկ վճարողին հնարավորություն է ընձեռված` արդիականացնել իր հիմնական միջոցները` կիրառելով գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան հիմնական միջոցներ՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նվազեցնել գործունեության մեջ այլեւս չօգտագործվող հիմնական միջոցների ամորտիզացիան:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան, ըստ անհրաժեշտության, անդրադառնալ որոշակի ժամանակահատված անց, օրենքի 12.1-ին հոդվածի գործնական կիրառման արդյունքների վերլուծությունից հետո:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Oրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող ձեռնարկությունների հիմնական միջոցների, այդ թվում շենքերի եւ շինությունների ամորտիզացիայի ժամկետների կրճատումը կհանգեցնի բժշկական կազմակերպությունների կողմից կատարվող տարեկան ամորտիզացիոն մասհանումների գումարի ավելացմանը: Վերջինս էլ, որպես հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից կատարվող նվազեցում, կպակասեցնի կազմակերպության հարկվող շահույթը, եւ որպես հետեւանք` շահութահարկի գումարը:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին? ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում են ամորտիզացիոն մասհանումների գումարի հաշվարկման հիմք հանդիսացող հիմնական միջոցների որոշ խմբերի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է կրճատել կազմակերպությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետները` սահմանելով առավել արագ ամորտիզացիոն ժամկետներ, ինչը հնարավորություն կտա կրճատել ֆինանսական ծախսերի մեծությունը, ինչպես նաեւ խթանել հիմնական միջոցների արդիականացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետները 2014 թվականի հունվարի 1-ից սահմանել`

ա) շենքերի, շինությունների եւ փոխանցող հարմարանքների համար` ներկայումս գործող 20 տարվա փոխարեն 15 տարի,

բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական եւ ուսումնական հաստատությունների շենքերի եւ շինությունների համար` ներկայումս գործող 10 տարվա փոխարեն 8 տարի,

գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` ներկայումս գործող 3 տարվա փոխարեն սահմանել 2 տարի:

Մեր կողմից կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամորտիզացիոն նվազագույն ժամկետների կրճատումը կհանգեցնի տարեկան ամորտիզացիոն մասհանումների գումարի ավելացմանը, ինչի արդյունքում կնվազի տնտեսավարող սուբյեկտների տարեկան հարկվող շահույթը, հետեւաբար նաեւ բյուջե վճարվելիք շահութահարկի գումարը:

Հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն, որը սակայն հնարավոր չէ կոնկրետ գնահատել` հաշվի առնելով շահութահարկ վճարող իրավաբանական անձանց պատկանող ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ տեղեկատության բացակայությունը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: