ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Միքայել Մելքումյանի, Բազմասեր Առաքելյանի, Մուրադ Գուլոյանի եւ Մելիք Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-377-04.11.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն:

Ներկայացված առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար` հետեւյալ նկատառումներով:

Նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված չէ այնպիսի տեղեկատվություն կամ վերլուծություն, որով կհիմնավորվեր վերոնշյալ արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափի ցածր լինելը: Այս առումով, պարզ չէ, թե արտոնության տրամադրումից մինչեւ այժմ քանի տնտեսավարող սուբյեկտներ են պատրաստակամություն ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել գործարար ծրագրեր, սակայն չեն ներկայացրել` պայմանավորված միայն այն հանգամանքով, որ արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափը ցածր է: Միաժամանակ, հայտնի չէ, թե որքան աշխատատեղեր պետք է ստեղծվեին այդ ծրագրերի շրջանակներում, որքան լրացուցիչ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ պետք է կատարվեին այդ աշխատատեղերի մասով եւ այդ գումարը համապատասխան հաշվետու տարվա շահութահարկի քանի տոկոսը պետք է կազմեր:

Պարզ չէ նաեւ, թե ներկայացված առաջարկության ընդունումն ինչպես կազդի արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարքագծի վրա եւ արդյոք արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափի վերանայումը ինքնանպատակ չի լինի:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ միայն համապատասխան վերլուծության արդյունքների ու անհրաժեշտ տեղեկատվության առկայության դեպքում կարելի է եզրահանգումներ կատարել արտոնության համար նախատեսված սահմանաչափի մեծության հիմնավորվածության վերաբերյալ:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն նախագծի ընդունումը կխթանի գործարար ծրագրերի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչի արդյունքում կկրճատվի գործազրկության մակարդակը:

Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ միայն վերոնշյալ արտոնությունն առանձին վերցրած բավարար չէ նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար: Մեր կարծիքով այդ արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափի բարձրացումը որեւէ նշանակալի խնդիր լուծել չի կարող` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերոնշյալ արտոնության կիրարկումն ապահավող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաեւ այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի ապրիլի 26-ից, սակայն մինչեւ այժմ որեւէ կազմակերպություն չի դիմել գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով շահութահարկի արտոնությունից օգտվելու համար:

Հետեւաբար խնդիրն արտոնության համար նախատեսված սահմանաչափի մեծության մեջ չէ: Նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը պետք է իրականացվի գործարար միջավայրի շարունակական բարելավման այնպիսի համալիր ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք յուրաքանչյուր տարվա համար ընդունվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Oրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա::
 
 

                          ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով բարձրացվում է ՀՀ ռեզիդենտների կողմից գործարար ծրագրերի իրականացման համար շահութահարկի գծով գումարի նվազեցման առավելագուն շեմը, ինչը կհանգեցնի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրերն իրականացնող ռեզիդենտների ծախսերի կրճատմանը եւ գործունեության իրականացման համար հավելյալ դրամական միջոցների ներգրավմանը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նվազեցվում է  ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի գործարար ծրագրի մեկնարկման եւ դրան հաջորդող երկու տարիների շահութահարկի գումարը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Եզրակացություն
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

Եզրակացություն
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով, ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաեւ այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 346-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի ապրիլի 26-ից, սակայն մինչեւ այժմ որեւէ կազմակերպություն չի դիմել գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով շահութահարկի արտոնությունից օգտվելու համար, ինչպես նաեւ այն, որ պարզ չէ, թե ներկայացված առաջարկության ընդունումը ինչպես կազդի արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարքագծի վրա եւ արդյոք արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափի վերանայումը ինքնանպատակ չի լինի, գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: