ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-375-01.11.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է նվազեցնել առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը մինչեւ 2.5 տոկոս, իսկ այլ գործունեության տեսակներից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 5 տոկոս դրույքաչափը՝ 4 տոկոս:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն, շրջանառության հարկի նշված դրույքաչափերի նվազեցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դիտարկումների համաձայն, առեւտրի, արտադրության եւ ծառայությունների ոլորտում տնտեսավարող սուբյեկտների շահութաբերությունը ցածր է, իսկ հարկային բեռն ավելացել է, որի հետեւանքով բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ կամ դադարեցրել են կամ պատրաստվում են դադարեցնել իրենց գործունեությունը:

Ներկայացված առաջարկությունների ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար` հետեւյալ նկատառումներով:

1. Գտնում ենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ուսումնասիրությունը պետք է կատարվի ոչ միայն շրջանառության հարկի դրույքաչափերի տեսանկյունից, այլ նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից իրականացվող հարկային հաշվառմանն ու փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների տեսանկյունից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանառության հարկի ներդրումը հնարավորություն է ընձեռել պարզեցնել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից իրականացվող հարկային հաշվառումն ու փաստաթղթավորումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն է ընձեռել տնտեսել հարկային հաշվառման վրա ծախսվող նկատելի աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսներ: Այս առումով, կարծում ենք, որ շրջանառության հարկի համակարգի ներդրմամբ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ավելացում տեղի չի ունեցել, քանի որ`

1) շրջանառության հարկի դրույքաչափերը հաշվարկվել են` հիմք ընդունելով նախորդ տարիների արդյունքներով տարեկան մինչեւ 58.35 մլն դրամ համախառն եկամուտ ունեցած տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացված` եկամտահարկի եւ շահութահարկի պարզեցված հաշվարկներում արտացոլված եկամուտների կառուցվածքում նշված տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված եկամտահարկի եւ շահութահարկի տեսակարար կշիռները: Նմանատիպ հաշվարկներ կատարվել են նաեւ 2012 թվականի գործունեության արդյունքների հիման վրա, ինչի արդյունքում պարզվել է, որ`

ա. արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող, մինչեւ 58,35 մլն դրամ համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունների 2012 թվականի գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը համախառն եկամտի նկատմամբ միջինը կազմում է 6 տոկոս (վերլուծությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարբեր վարչատարածքներում եւ արտադրության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող 25 կազմակերպությունների կտրվածքով), մինչդեռ շրջանառության հարկի գծով արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար սահմանված է ընդամենը 3.5 տոկոս դրույքաչափ: Այսինքն, գործող օրենքով արդեն իսկ նախատեսված է առավել ցածր դրույքաչափ,

բ. գործունեության այլ տեսակներից, մասնավորապես, հիմնավորման մեջ նշված ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մասով, շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն արդարացված չէ այն պարզ պատճառով, որ նշված ոլորտը չի պատկանում ծախսատար ոլորտների շարքին եւ այդ ոլորտում շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափը ենթադրում է շատ ցածր հարկային բեռ,

գ. առեւտրի ոլորտում ներգրավված հարկ վճարողների հարկային բեռի հնարավոր փոփոխությունը գնահատելու համար շատ կարեւոր է, որպեսզի մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը եւ դրանից հետո հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի հանրագումարային մեծությունները համադրվեն հարկ վճարողների գործունեության նորմալ շահութաբերության պայմաններում: Հակառակ պարագայում, եթե առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողը 2012 թվականին ունեցել է հարկային վնաս կամ չափազանց ցածր հարկվող շահույթ կամ հարկվող եկամուտ (աշխատել է վնասով կամ ցածր շահութաբերությամբ), եւ, հետեւաբար, 2012 թվականի հաշվետու տարվա համար վճարել է միայն նվազագույն շահութահարկ կամ եկամտահարկ, ապա ներկայումս նրա կողմից վճարվող շրջանառության հարկը կարող է ավելի մեծ լինել, քանի որ վերջինս արդեն կախված չէ գործունեության շահութաբերությունից եւ հաշվարկվում է իրացման շրջանառությունների հիման վրա: Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված նախագծի հեղինակների այն նկատառումը, որ առեւտրի ոլորտում հարկային բեռը բարձրացել է.

2) շրջանառության հարկ վճարողներն ազատվել են փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից.

3) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել է, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները եկամտային հարկը հաշվարկում եւ վճարում են ամսական 5 հազ. դրամի չափով, որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.

4) շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկի հաշվարկը հարկային մարմին են ներկայացնում եռամսյակային պարբերականությամբ` դրանում ներառելով նաեւ տվյալ եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ներկայացվում էին ամսական պարբերականությամբ` առանձին հաշվետվությամբ.

5) շրջանառության հարկ վճարողներն ազատվել են առաքվող կամ տեղափոխվող ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի մասով գրանցման գրքերում գրանցումներ կատարելու պարտավորությունից:

2. Նախագծի ընդունման հիմնավորմամբ բացահայտված եւ հիմնավորված չեն ներկայացված նախագծի ընդունումից փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ պետության հնարավոր օգուտները: Մասնավորապես, պարզ չէ, թե արդյոք այն կխրախուսի իրական շրջանառությունների հայտարարագրումը եւ գործարքների լիարժեք փաստաթղթավորումը: Կարծում ենք, որ եթե հայտարարագրվող շրջանառություններն ավելանան, ապա դրանց աճը կլինի առավելագույնը մինչեւ գործող դրույքաչափին համապատասխանող հարկի գումարին համապատասխանող չափով, իսկ ձեռքբերումները կրկին չեն փաստաթղթավորվի` ավելացված արժեքի հարկի շեմը չգերազանցելու նպատակով:

Մյուս կողմից, պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ նախագծով առաջարկվող չափերով շրջանառության հարկի դրույքաչափերի նվազեցումը մեծ ազդեցություն չի ունենա շրջանառության հարկի գծով տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի վրա: Մասնավորապես, նախագծով ներկայացված առաջարկների ընդունման դեպքում մինչեւ 10 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար դրույքաչափի նվազեցումը օրական կտրվածքով հարկի մեծությունը կրճատելու է առավելագույնը 274 դրամի չափով, մինչեւ 20 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար` առավելագույնը 548 դրամի չափով, մինչեւ 30 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար` առավելագույնը 822 դրամի չափով:

3. Միաժամանակ, հատկանշական է այն, որ շրջանառության հարկի համակարգի ներդրումը չի սահմանափակում հարկ վճարողների` հարկման համակարգի ընտրության իրավունքը: Մասնավորապես, շրջանառության հարկ վճարող համարվելու` օրենքով նախատեսված չափանիշներին բավարարող հարկ վճարողները կարող են կամավորության սկզբունքով հարկային մարմին ներկայացվող հայտարարությամբ համարվել ավելացված արժեքի հարկ վճարողներ: Արդյունքում, նշված հարկ վճարողները հնարավորություն կունենան հարկային պարտավորությունները հաշվարկել եկամուտների եւ ծախսերի տարբերության հիման վրա, ինչը նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտի հարկային բեռի մեծությունը կորոշվի նրա գործունեության շահութաբերության արդյունքների հիման վրա:

4. Այդուհանդերձ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկման համակարգին առնչվող դիտարկումները ցույց են տալիս, որ առկա են որոշ խնդիրներ: Մասնավորապես, խոշոր հարկ վճարողները պնդում են, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ցանկանում կատարված ձեռքբերումները փաստաթղթավորել, ինչը մի կողմից խոշոր հարկ վճարողների համար ստեղծում է իրացումները հիմնավորելու խնդիրներ, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ձեռքբերումները չփաստաթղթավորելու հիմնական նպատակն ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմը չգերազանցելն է: Ընդ որում, դրան մեծապես նպաստում է նաեւ չհիմնավորված ձեռքբերումների համար 11 տոկոս եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից ազատված լինելու հանգամանքը:

Հետեւաբար, գտնում ենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումները պետք է կատարվեն համակարգային ձեւով` քննության առարկա դարձնելով ոչ միայն հարկման դրույքաչափերը, այլ նաեւ շրջանառության հարկի շեմի մեծությունը եւ գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրները: Վերջիններս արդեն իսկ քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մասնակցությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպումների շրջանակներում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգում առկա խնդիրները համալիր ձեւով լուծելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ, նախագծի հեղինակին ու շահագրգիռ այլ անձանց նույնպես հրավիրում ենք միանալու մեր կողմից ձեռնարկված աշխատանքներին:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Oրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է իջեցնել առեւտրով, արտադրական եւ այլ գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային դրույքաչափը: Նախագիծը կնպաստի առեւտրի ոլորտում զբաղված ՓՄՁ սուբյեկտների գործունեության զարգացմանը, ոլորտում զբաղված տնտեսվարող սուբյեկտների քանակի աճին եւ կապահովի հավասար հարկային դաշտ բոլոր ՓՄՁ սուբյեկտների համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում են շրջանառության հարկի դրույքաչափերը :

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի` ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափի փոխարեն սահմանել 2.5 տոկոս, իսկ այլ գործունեության տեսակներից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի` ներկայումս սահմանված 5 տոկոս դրույքաչափի փոխարեն սահմանել 4 տոկոս դրույքաչափ:

Մեր կողմից կատարված նախնական հաշվարկների համաձայն, նախագծի ընդունման արդյունքում, այլ հավասար պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների տարեկան կորուստը կկազմի շուրջ 3.3 մլրդ դրամ:

Միաժամանակ, նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: