ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-343-30.09.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին եւ պայմաններին, որի նպատակն է ապահովել անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն այլ անձանց ոտնձգություններից, հստակեցնել զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը եւ համարժեք դարձնել պատասխանատվությունը: Ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի չէ, քանի որ նախագծի 1-ին հոդվածի`

1. 1-ին կետով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասի 1-ին ենթակետը, որը վերաբերում է վիրավորանքի դեպքում հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտականությանը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն նշված փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «մարդուն ներողություն խնդրելուն հարկադրելը մարդու կարծիքից հրաժարվելուն հարկադրելու օրինակ է» եւ, հետեւաբար, «հարկադրել հրաժարվել կարծիքից, եթե անգամ այդ կարծիքը վիրավորական է, չի կարելի»: Նախագծի հեղինակների կարծիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածին, որի համաձայն արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից: Այսպես՝ մարդու արժանապատվության ճանաչումը, որպես պետության կողմից պաշտպանվող սահմանադրական արժեք, հանդիսանում է անձի իրավական կարգավիճակի կարեւորագույն բնութագիրը: Մարդու իրավունքները հիմնված են բացառապես մարդկային անհատի արժեքի հիման վրա, իսկ անձի արժանապատվությունը հանդիսանում է մարդու իրավունքների հիմքը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Նշված դրույթը սահմանում է անձի իրավաչափ վարքագիծը, այսինքն, այդ վարքագիծն իրավաչափ է, քանի դեռ չեն խախտվել այլ անձանց իրավունքներն ու ազատությունները: Նշված դրույթը համակարգային կապի մեջ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի հետ, որի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

«Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի համաձայն կարծիքի ազատությունից օգտվելը հանգեցնում է հատուկ պարտավորությունների եւ պատասխանատվության, ուստի այն ենթակա է որոշակի սահմանափակումների: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն կարծիքի արտահայտման ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար:

Հետեւաբար՝ արարքն արգելվում է, եթե այն խախտում է այլ անձանց իրավունքները եւ ազատությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի համաձայն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտության կատարած անձի դեմ՝ նաեւ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել:

Ելնելով նշվածից՝ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով պաշտպանվող բարձրագույն արժեքներ են, որոնք պաշտպանելու համար նախատեսված է ոչ նյութական պատասխանատվություն՝ ներողություն խնդրելու ձեւով: Հետեւաբար՝ վիրավորանքի դեպքում ներողություն խնդրելու ձեւով պատասխանատվություն նախատեսելն իրավաչափ եւ համարժեք է անձին հասցված ոչ նյութական վնասին, քանի որ կարծիքն արտահայտելու անձի ազատության իրավունքը բացարձակ բնույթ չի կրում եւ կարող է սահմանափակվել այլ անձանց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դեպքերում, ինչը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն մարդու եւ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

2. 2-րդ եւ 3-րդ կետերով տասնապատիկ անգամ նվազեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի՝ 7-րդ մասի 3-րդ եւ 8-րդ մասի 2-րդ ենթակետերով նախատեսված վնասի փոխհատուցման չափերը, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն` պատասխանատվության համաչափության սկզբունքից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են, որոնց ճանաչումը որպես պետության կողմից պաշտպանվող սահմանադրական արժեք, հանդիսանում է անձի իրավական կարգավիճակի կարեւորագույն բնութագիրը:

Վերլուծելով նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 14-րդ եւ նշված մյուս հոդվածները, գտնում ենք, որ խոսքի ազատության ու մարդու պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության սահմանադրական իրավունքների իրացման համար պետությունը պարտավոր է ապահովել հավասարակշռված մոտեցում` չգերագնահատելով եւ չթերագնահատելով մեկը մյուսի նկատմամբ, ինչը, մեր կարծիքով, ապահովում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը փոխհատուցման չափի նվազեցման մասով պետք է մատնանշեր ծանրակշիռ փաստեր իրավակիրառ պրակտիկայում օրենսգրքի 1087.1-ին հոդվածի դրույթների ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ:

3. 4-րդ կետով լրացվող՝ օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 9.1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունից, եթե դատարանում բացահայտում է տեղեկատվության աղբյուրը: Հետեւաբար՝ լրատվական գործունեություն իրականացնողը նույնիսկ այն դեպքերում, երբ հրապարակված տեղեկատվությունը պարունակում է վիրավորանք կամ զրպարտություն, այսինքն, լրատվական գործունեություն իրականացնողի կողմից օրենքի պահանջների խախտմամբ իրականացվող գործունեության դեպքում, ազատվում է պատասխանատվությունից: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ, 27-րդ եւ 43-րդ հոդվածներին համապատասխանության հարցին, նշել է, որ մամուլի միջոցով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով կարգավորվող հարաբերությունների շրջանակում անձին իրավական պատասխանատվության ենթարկելը հետապնդում է ողջամիտ եւ սահմանադրաիրավական նպատակ, քանի որ կոչված է երաշխավորելու պատասխանատվության անխուսափելիությունը ու համաչափությունը խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսեւորումների դեպքում, իսկ խոսքի ազատության իրավունքը համակարգային կապի մեջ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի հետ: Բացի դրանից` «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հետեւաբար՝ լրատվական գործունեություն իրականացնողին պատասխանատվությունից ազատելը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքից:

Ամփոփելով հարկ ենք համարում նորից նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի սահմանադրականության հարցն արդեն իսկ քննարկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում եւ վերջինիս 2011 թվականի նոյեմբերի 15-ի N ՍԴՈ-997 որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ է մտել ու պարտադիր է բոլորի համար: Մինչդեռ, ներկայացված օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմանը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է վիրավորանքի եւ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված փոխհատուցման շեմը իջեցնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ կփոփոխվեն դատաիրավական պրակտիկայում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը եւ թե չընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: