ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-322-04.09.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, իսկ նախագծի 2-րդ հոդվածով՝ օրենքի 8-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կարգավորված չեն պետական հատուկ մարմին՝ պարետատուն ստեղծելու հետ կապված հարաբերությունները:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ եւ 14-րդ կետերի պահանջները, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահն օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում եւ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն պարետային ժամի սահմանումն արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառում է, իսկ նշված միջոցառման իրականացման համար համապատասխան պետական հատուկ մարմնի ստեղծումն արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող միջոցառումների իրականացման կարեւոր եւ անհրաժեշտ պայման է:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված «պարետատուն» պետական մարմին նախատեսված չէ, հետեւաբար օրենքով այն ստեղծվել չի կարող, Սահմանադրությամբ այն չկա նաեւ կառավարության կազմում ու կառուցվածքում» արտահայտության կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարետատունն իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, իսկ պարետատունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նշանակած պարետը, ինչը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված նորմերի ամրագրումն է օրենքում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետը եւ նույն հոդվածի 2-րդ մասը, իսկ նախագծի 4-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 9-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցներն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով չեն կարող օգտագործվել: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը Սահմանադրությամբ չունի գործադիր իշխանության մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավորապես սահմանափակման կամ կասեցման լիազորություն, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով զինված ուժերի գործադրման լիազորություն: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ, 8.2-րդ հոդվածների եւ 55-րդ հոդվածի 14-րդ կետի պահանջները: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որպես օրինականության սկզբունքի կարեւոր բաղադրիչ` այս դրույթը պահանջում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում գերակայող իրավական ակտերով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանել հանրային իշխանության մարմինների լիազորությունները:

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետում ուղղակիորեն սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի (սահմանադրական) լիազորությունը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ դրա մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Ի տարբերություն ռազմական դրության ժամանակ ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու եւ զինված ուժերի օգտագործման մասին որոշում ընդունելու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված դեպքերի, արտակարգ դրություն հայտարարելը, իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացումը եւ ուղերձով ժողովրդին դիմելը Հայաստանի Հանրապետության Նախագահի ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություններ են: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով ամրագրվում է «իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացման» պարտադիր պահանջ, ինչը սահմանադրական մակարդակով Հայաստանի Հանրապետության Նախագահին պարտավորեցնում է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք համարժեք են ստեղծված իրավիճակին: Նման միջոցառումներ կարող են հանդիսանալ գործադիր իշխանության մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակումը, ինչպես նաեւ այդ լիազորությունների կասեցումը եւ այլն: Այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառումը կարող է լինել նաեւ այդ միջոցառումներից մեկը, փաստվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկ այլ` 8.2-րդ հոդվածի համարժեք վերլուծությամբ: Սահմանադրության այս հոդվածում, ի թիվս այլ հարցերի կարգավորման, սահմանվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործունեության սահմանադրական նպատակները, որոնց շրջանակների վերազանցումն անթույլատրելի է: Ըստ այդմ, զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Այդ առումով նշված դրույթներում խոսքը գնում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության ապահովման մասին: Սա միանգամայն համահունչ է նաեւ Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությանը, որում խոսվում է պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ հանրային արտակարգ դրության մասին ("In time of war or other public emergency threatening the life of the nation…"): Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր առաջին` Լոուլեսն ընդդեմ Իռլանդիայի (Lawless./.IRL) գործով որոշման մեջ, խոսքն այնպիսի արտակարգ դրության մասին է, որը վերաբերում է ամբողջ բնակչությանը եւ սպառնում է կարգավորված հանրային կյանքին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով ամրագրվում է զինված ուժերի օգտագործման հնարավորությունը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել կամ չեզոքացնել Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանն սպառնացող այնպիսի վտանգը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն անվանում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ:

Սահմանադրական կարգը ներառում է պետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, կառավարման ձեւը, մարդու իրավունքները եւ ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Նշված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը հայտարարում է արտակարգ դրություն եւ իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ՝ գործադիր իշխանության մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավորապես սահմանափակում կամ կասեցում, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով զինված ուժերի գործադրում եւ այլն: Ուստի, Հայաստանի Հանրապետության Նախագահն արտակարգ դրություն հայտարարելիս հենվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` վերը նշված հիմքերի վրա, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավասու է նախատեսել նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումներ: Հակառակ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանադրական լիազորության իրականացումը կլինի անբովանդակ, իսկ միայն արտակարգ դրություն հայտարարելն առանց համապատասխան միջոցառումների իրականացման կլինի անարդյունավետ եւ չի ծառայի իր բուն նպատակին: Մասնավորապես, պետությունը սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգներին պետք է կարողանա արձագանքել իր ամբողջ կարողություններով, այդ թվում` զինված ուժերի գործադրմամբ, եւ դա բացառելը կլիներ կոպիտ ռազմավարական սխալ: Իսկ զինված ուժերի ներգրավումը անհրաժեշտ է հատկապես տարերային աղետների, համաճարակների հետեւանքով քաոսի, անկառավարելի իրավիճակների առաջացման, հատուկ պահպանության օբյեկտներն ահաբեկչական խմբերի հնարավոր հարձակումներից պահպանելու կամ, օրինակ, զինված բախումների իրական վտանգը կանխելու համար: Նման գործողություններին զինված ուժերի ներգրավումը եւ թույլատրելի է եւ անհրաժեշտ, քանի որ միայն այդ եղանակով կարելի է վերացնել սահմանադրական կարգի խաթարման վտանգը: Այդ նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8.2-րդ հոդվածն ամրագրում է զինված ուժերի ներգրավման հնարավորությունը նաեւ անվտանգության նկատառումներով, իսկ սահմանադրական կարգին սպառնացող վտանգներն ուղղակի սպառնալիք են մեր ներքին անվտանգությանը:

Ուժի կիրառումն ընդհանրապես պայմանավորվում է համաչափության հիմնարար (սահմանադրական) սկզբունքով, որն ուղղակիորեն բացառում է ուժի անհամաչափ կիրառումը հանրային իշխանության` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ներգրավված բոլոր ուժերի` ոստիկանության, ազգային անվտանգության եւ, իհարկե, զինված ուժերի կողմից:

Նկարագրված դրույթները կազմում են ամբողջական համակարգ, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգը` ոչ ի վնաս մարդու իրավունքների եւ ոչ էլ ի վնաս պետության կառավարելիության: Ավելին, ուժի կիրառման կոնկրետ եւ հստակ սահմանների առկայությամբ այն անձինք, ում իրավունքները հնարավոր է, որ խախտվել են, կարող են դիմել դատարան, որն այլեւս վերստուգելի կոնկրետ չափանիշների հիման վրա կարող է գնահատել այդ խախտումների հարցը:

Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ հայտարարված պատերազմի եւ ռազմական դրություն հայտարարելու դեպքում, այնպես էլ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում:

3. Հարկ ենք համարում նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված ձերբակալումը չի հանդիսանում վարչական պատասխանատվության տեսակ, քանի որ այն անհրաժեշտ կանխարգելիչ միջոց է, որը կիրառվում է արտակարգ դրության պայմաններում որոշակի նպատակով:

Նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով որպես խափանման միջոց նախատեսված ձերբակալումը քրեական պատասխանատվության տեսակ չի հանդիսանում: Այդ առումով ընդունելի չէ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, համաձայն որի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին:

4. Նախագծում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված չեն: Այսպես՝ նախագծի 5-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն պարետային ժամի կանոնները խախտած անձինք բերման են ենթարկվելու արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից: Այսինքն՝ նշված դրույթներով սահմանափակվում են նշված անձանց իրավունքները եւ ազատությունները, քանի որ բերման ենթարկելը ենթադրում է նաեւ անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավորապես սահմանափակում: Մինչդեռ նշված դրույթներով կարգավորված չեն որոշ հարաբերություններ, մասնավորապես, պարետային ժամի կանոնները խախտած եւ բերման ենթարկված անձանց պահելու ժամկետները, բերման ենթարկելու նպատակները, ինչպես նաեւ բերման ենթարկելու որոշում ընդունող պաշտոնատար անձանց շրջանակը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներ ՀՀ Սահմանադրությանը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխանեցնելուն, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը եւ կամ չընդունումը բյուջետային բնագավառում թե մուտքերի եւ թե ելքերի գծով կարգավորման ազդեցության չի հանգեցնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ կվերացվեն գործող օրենքի եւ Սահմանադրության, ինչպես նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի միջեւ առկա հակասությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: