ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
 պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-282-11.06.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծում առկա են խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Այսպես` նախագծի   1-ին հոդվածով խմբագրվող` օրենսգրքի 242-րդ հոդվածի 1.1-ին մասն անհրաժեշտ է խմբագրել: Մասնավորապես` «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողած անձի կողմից» ձեւակերպումից բխում է, որ մինչեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը պետք է արդեն թողած լինի, մինչդեռ հիշյալ հոդվածում խոսքը պետք է գնա ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից նախ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու եւ հետո նոր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մասին:

Այդ առումով առաջարկում ենք նախագծի հիշյալ հոդվածի 1.1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ.

2) զուգորդվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով»:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 242-րդ հոդվածի 2.1-ին եւ 3.1-ին մասերին:

2.  Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես` նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող` օրենսգրքի 242-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին կետում,  2.1-ին մասի 1-ին կետում եւ 3.1-ին մասի 1-ին կետում` «ազդեցության տակ» բառերից հետո նշված «կամ» բառն անհրաժեշտ է հանել:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

Նախագծի կարգավորման արդյունքը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի  Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի  Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգրքում, որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                                                      Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ խախտելը որպես ծանրացնող հանգամանք դիտարկելուն, ինչպես նաեւ տվյալ արարքը ինչպես ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ գտնվող անձի, այնպես էլ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողած անձի կողմից կատարելու համար միեւնույն պատասխանատվությունը սահմանելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

 Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածում, որպես ծանրացնող հանգամանք, նախատեսել ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ եւ արարքը կատարած անձի  կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, որոնց համար ֆինանսական պատժամիջոց չի նախատեսվում: Բացի այդ, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը, որով նախատեսված պատժամիջոցների կազմում ներառված է նաեւ տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով (նույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում): Ուստի, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել իրավախախտումների գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազման, որի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով եկամտատեսակի բնույթից:

Նախագծի ընդունումը կարող է առաջացնել պետական բյուջեի ելքերի ավելացման,  որի չափը հնարավոր չէ գնահատել` քանակական տվյալների բացակայությամբ պայմանավորված:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխման չի հանգեցնում: