ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-264-24.05.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող, շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտները շրջանառության հարկը հաշվարկում են ոչ թե գործող` 3.5 տոկոս դրույքաչափով, այլ`

1) 3 տոկոս դրույքաչափով, եթե առեւտրական գործունեության ընթացքում ձեռք բերված ապրանքների առնվազն հիսուն տոկոսը հիմնավորված է փաստաթղթերով.

2) 2.5 տոկոս դրույքաչափով, եթե առեւտրական գործունեության ընթացքում ապրանքների ձեռքբերումն ամբողջությամբ հիմնավորված է փաստաթղթերով:

Համաձայն օրենքի նախագծի ընդունման հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի`

1) խթանելու գործարքների փաստաթղթավորման գործընթացը.

2) նվազեցնելու առեւտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման, կաԲմ առաքվող, կաԲմ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ փաստն արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ խախտման երրորդ եւ ավելի փաստեր արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով:

Հետեւաբար, եթե տնտեսավարող սուբյեկտները, չփաստաթղթավորելով իրենց գործարքները, կրում են ապրանքների գնի 50, 100 կամ 200 տոկոսի չափով տուգանք վճարելու ռիսկը, ապա ապրանքների գնի 0.5 կամ 1 տոկոսի չափով հարկի գումարի նվազեցումը չի կարող գործարքների փաստաթղթավորման խթան հանդիսանալ:

Մյուս կողմից, հատկանշական է այն, որ խնդիրն առավելապես պայմանավորված է ոչ թե շրջանառության հարկ վճարողների կողմից փաստաթղթեր չպահանջելով, այլ խոշոր մատակարարների կողմից փաստաթղթեր չտրամադրելով: Հետեւաբար, օրենքի նախագծի ընդունման դեպքում կարող են ստեղծվել հարկման անհավասար պայմաններ, քանի որ շրջանառության հարկ վճարող համարվող որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները եւ, դրանով իսկ, օգտվել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափ կիրառելու հնարավորությունից, իսկ որոշ հարկ վճարողներ այդպես էլ չեն կարողանա փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները, քանի որ նրանց մատակարարները չեն տրամադրում համապատասխան փաստաթղթեր.

2) ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու եւ դրանով իսկ վճարվող հարկի մեծությունը կրճատելու համակարգ նախկինում սահմանված է եղել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սակայն, հարկման անհավասար պայմանների ձեւավորման հետ կապված, նշված խնդրի պատճառով այդ համակարգը փոխարինվել է ուղղակիորեն շրջանառության մեծության հիման վրա հարկի հաշվարկման համակարգով.

3) օրենքի նախագծի ընդունումը խնդրահարույց է նաեւ դրա կիրառության տեսանկյունից, եւ, այս առումով, օրենքի նախագծի ընդունումը կստեղծի լուրջ վարչարարական խնդիրներ, քանի որ ընդհանուր ձեռքբերումները եւ հատկապես դրա` փաստաթղթերով չհիմնավորված մասի տեսակարար կշիռը որոշելը լուրջ դժվարություններ են ստեղծելու եւ՛ հարկ վճարողների, եւ՛ հարկային մարմինների համար:

Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչպես է որոշվելու ընդհանուր ձեռքբերումների կառուցվածքում փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների տեսակարար կշիռը, եթե ընդհանուր ձեռքբերումների մեջ կարող են լինել նաեւ փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումներ, որոնց մասով ոչ՛ ապրանքների քանակը եւ ոչ՛ էլ գները հնարավոր չէ որոշել:

Բացի դրանից, օրենքի նախագծում հստակեցված չէ, թե մեթոդաբանական առումով ինչպես է որոշվելու փաստաթղթերով հիմնավորված կամ չհիմնավորված ձեռքբերումների տեսակարար կշիռը: Մասնավորապես, պարզ չէ` արդյոք, այն որոշվելու է միայն ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների շրջանակներու՞մ, թե՞ ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանի ձեռքբերումների շրջանակներում ընդհանրապես` առանց իրացման հանգամանքը հաշվի առնելու: Այս առումով, գտնում ենք, որ եթե տեսակարար կշիռը որոշվելու է միայն ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների շրջանակներում, ապա առաջարկվող համակարգի կիրառության համար պետք է բավական բարդ հաշվառում վարել, քանի որ մի հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքները կարող են իրացվել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում: Վերջինս գործնականում կնշանակի, որ հարկ վճարողներն ամեն անգամ ստիպված են լինելու անդրադարձ կատարել նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին` պարզելու համար այդ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումների` փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքը: Մյուս կողմից, եթե տեսակարար կշիռը որոշվելու է ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանի ձեռքբերումների շրջանակներում ընդհանրապես` առանց իրացման հանգամանքը հաշվի առնելու, ապա ամբողջությամբ խախտվում է օրենքի նախագծի հիմքում դրված տրամաբանությունը, քանի որ հարկ վճարողը կարող է որեւէ հաշվետու ժամանակաշրջանում ունենալ փաստաթղթերով հիմնավորված շատ ձեռքբերումներ եւ այդ հաշվետու ժամանակաշրջանում օգտվել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափից, մինչդեռ այդ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վաճառված ապրանքները կարող են նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված լինել առանց փաստաթղթերի եւ հակառակը` հարկ վճարողը կարող է որեւէ հաշվետու ժամանակաշրջանում ունենալ փաստաթղթերով հիմնավորված քիչ ձեռքբերումներ, դրանով իսկ հնարավորություն չունենալով օգտվելու շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափից, մինչդեռ այդ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վաճառված ապրանքները կարող են նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ ձեռք բերված լինել փաստաթղթերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու եւ այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի համաձայն` ծախսերի հաշվեգրման համար նյութական եւ ոչ նյութական ակտիվների, ինչպես նաեւ ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ իրականացված գործարքները հավաստող փաստաթուղթ կարող է համարվել նաեւ միակողմանի գնման ակտը: Հետեւաբար, ձեռքբերումների մասով միակողմանի գնման ակտ կազմելու դեպքում կստացվի, որ ապրանքների ձեռքբերումը հիմնավորված է փաստաթղթերով, եւ հարկ վճարողը հնարավորություն կստանա օգտվելու շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափերից, մինչդեռ միակողմանի գնման ակտն այնպիսի փաստաթուղթ է, որը կազմվում է ապրանքներ ձեռք բերողի կողմից, եւ որում ապրանքներ վաճառողի վերաբերյալ որեւէ տվյալ չի նշվում: Արդյունքում կստացվի, որ օրենքի նախագծի ընդունումը, ըստ էության, չի խթանի հանրապետությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման գործընթացը եւ, միաժամանակ, հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի անհիմն ձեւով նվազեցնելու շրջանառության հարկի դրույքաչափը.

5) ինչ վերաբերում է հարկային բեռի վերանայմանը, ապա գտնում ենք, որ տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի գնահատականը պետք է տրվի ավելի լայն տեսանկյունից` հաշվի առնելով ոչ միայն վճարվող հարկերի մեծությունը, այլ նաեւ հարկային հաշվառման վրա ծախսվող ռեսուրսների ծախսը: Այս իմաստով` գտնում ենք, որ, առեւտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների` շրջանառության հարկի գծով հարկային բեռը գնահատելիս, անպայման պետք է հաշվի առնել նաեւ այն, որ`

ա. շրջանառության հարկ վճարողներն ազատվել են չփաստաթղթավորված ձեռքբերումների մասով, որպես հարկային գործակալ, 11 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից,

բ. շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային հաշվառման գործընթացը նկատելիորեն պարզեցվել է, ինչն ինքնին նշանակում է, որ շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտները կրճատել են հարկային հաշվառման վրա ծախսվող ռեսուրսները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Oրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունումը եւ դրա կիրարկումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ Նախածգով նախատեսվում է ձեռքբերված ապրանքների ամբողջությամբ կամ առնվազն հիսուն տոկոսը փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում հարկային պակաս դրույքաչափի կիրառում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափ այն հարկ վճարողների համար, որոնց կողմից ձեռքբերված ապրանքների առնվազն 50 տոկոսը հիմնավորված են փաստաթղթերով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«« Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող, շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտները շրջանառության հարկը հաշվարկում են ոչ թե գործող` 3.5 տոկոս դրույքաչափով, այլ`

3) 3 տոկոս դրույքաչափով, եթե առեւտրական գործունեության ընթացքում ձեռքբերված ապրանքների առնվազն հիսուն տոկոսը հիմնավորված է փաստաթղթերով,

4) 2.5 տոկոս դրույքաչափով, եթե առեւտրական գործունեության ընթացքում ապրանքների ձեռքբերումն ամբողջությամբ հիմնավորված է փաստաթղթերով:

Նախագծի ընդունումը գործնականում տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռի ամբողջ ձեռքբերումները ներկայացնել որպես փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ եւ օգտվել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափ կիրառելու հնարավորությունից: Արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կկրճատվեն շուրջ 2-2.5 մլրդ դրամի չափով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա կլինի չեզոք: