ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-227-21.03.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացվող հիմնավորման` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշման այն դրույթից, որի համաձայն «...որեւէ սահմանափակում չի կարող խոչընդոտել ընտրական գործընթացի վերահսկմանն օրենքով սահմանված կարգով մասնակցող իրավասուբյեկտների գործունեությունը, ինչի արդյունավետ իրականացումով է մեծապես պայմանավորված հանրային վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ: Հետեւաբար, ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում վերահսկողական համապատասխան իրավասությամբ օժտված իրավասուբյեկտների համար ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որեւէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել` առավել եւս նման տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու առնչությամբ»:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումը վերաբերում է ընտրական գործընթացի վերահսկմանն օրենքով սահմանված կարգով մասնակցող իրավասուբյեկտների գործունեությանը: Այսինքն` տվյալ պարագայում խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ եւ 33-րդ հոդվածներում նշված ընտրական գործընթացին մասնակցող սուբյեկտներին (դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, վստահված անձինք)՝ ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որեւէ տեղեկատվության տրամադրման արգելքի անթույլատրելիությանը:

Ինչ վերաբերում է ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման սահմանափակմանը, ապա այս հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր՝ 2003 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-412 որոշման մեջ կոնկրետ իրավական դիրքորոշում է հայտնել` շեշտելով, որ պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002 թվականի հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված ու լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը եւ հրապարակման ենթակա չեն: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր՝ 2012 թվականի մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշման մեջ, անդրադառնալով ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման սահմանափակմանը, նշել է. «Տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից են մշակվել այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները: Բոլոր դեպքերում ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը փնտրվում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաեւ այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ նման մոտեցումը համահունչ է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը:»:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ եւ բացատրական զեկույց» 30.10.2002 թ.
(CDL-AD (2002) 23) փաստաթղթի 4-րդ կետի (գաղտնի ընտրական իրավունք (c)-րդ ենթակետում շեշտվում է, որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»: Միաժամանակ քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախտումը գնահատվում է որպես քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում: Ի դեպ, այդ փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից (Ցուցումները` 03.07.2002 թ., Բացատրական զեկույցը` 16.10.2002 թ.), հետագայում հաստատվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320(2003) բանաձեւով եւ հավանության է արժանացել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչակագրով` գնահատելով դրանում ամրագրված ցուցումները՝ որպես եվրոպական ընտրական ժառանգության հիմնարար սկզբունքների արտացոլում:

ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը եւ Վենետիկի հանձնաժողովն այս հարցին անդրադարձել են նաեւ մի շարք այլ փաստաթղթերում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ CDL-EL (2010)003, 2010 թվականի փետրվարի 3-ի համատեղ դիտողություններում կրկին անդրադառնալով ընտրական հարցերով կանոնագրքի բացատրական զեկույցում նշված 54-րդ կետին` վերահաստատել է դրանում արտահայտված դիրքորոշումը: 2010 թվականի դեկտեմբերի 22-ի CDL-AD(2010)043 զեկույցում հիմնավորվում է, որ ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային հսկողության, դրանց հրապարակայնության ապահովման պահանջները վերաբերում են քվեարկությանը նախորդող ժամանակահատվածին: Նշվում է, որ ընտրացուցակները պետք է մատչելի լինեն ողջամիտ ժամանակահատվածում եւ վայրերում, որպեսզի ընտրողներին հնարավորություն տրվի ստուգելու իրենց մասին անձնական տվյալները, իսկ ընտրական գործընթացի մասնակիցները կարողանան դրանք ուսումնասիրել եւ անհրաժեշտ հսկողություն իրականացնել: Ընտրողների գրանցման գործընթացի նկատմամբ մոնիթորինգի ԵԱՀԿ/ԺՄԻԳ CDL-EL(2009)015 փաստաթղթում նշվում է. «Ընտրողների գրանցման գործընթացի թափանցիկությունը հանրային վստահության ապահովման առանցքային միջոց է: Այս գործընթացի թափանցիկությունն ապահովում է ընտրողների ցուցակների մատչելիությունը մինչեւ ընտրությունը»: Հատուկ կարեւորվում է նաեւ ընտրողների անհատական տվյալների պաշտպանության հանգամանքը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հրապարակման ենթակա չեն» արտահայտությանն իրավակիրառական պրակտիկայում սահմանադրաիրավական առումով չի կարող այնպիսի տարածական մեկնաբանություն տրվել, ինչը կխոչընդոտի ազատ ընտրությունը կամ կարգելափակի ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը դրա իրավասությունն ունեցող սուբյեկտների համար:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված՝ ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու արգելքը բացարձակ չէ, եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-րդ հոդվածի հիմքով դրա սահմանափակումը պայմանավորված է նաեւ այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ: Հետեւաբար, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման սահմանափակումն իրավաչափ նպատակ է հետապնդում: Գործող իրավական ակտերի սահմաններում, օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրած ցուցակները մատչելի են, եւ վերջիններս իրենց իրավունքները պատշաճ իրականացնելու դեպքում կարող են նպաստել ընտրողների գրանցման գործընթացի թափանցիկությանը` հանրային վuտահության տեսանկյունից, միաժամանակ ապահովելով քվեարկության գաղտնիության uկզբունքն ու ընտրողների անհատական տվյալների պաշտպանությունը:

Ելնելով շարադրվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները չեն բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից եւ հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին (քվեարկության գաղտնիության, մասնակցության կամավորության), Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ`օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ընտրողների ստորագրած ցուցակների հետ կապված իրավահարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման հետ կապված որոշ դրույթներ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրված դրույթների ընդունումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի փոփոխմանը չի հանգեցնի, իսկ ելքերի մասով կարող է առաջացնել լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ ելնելով նախագծով նախատեսվող լրացուցիչ գործառույթների առանձնահատկություններից:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: