ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                          ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-213-08.02.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության մասով հարկային բեռի էական նվազեցում, ինչը ընդունելի չէ` հետեւյալ հիմնավորումներով`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երեւան քաղաքում գործունեություն ծավալող 30 ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձանց մոտ` վերջիններիս գործունեության փաստացի պատկերը վերհանելու նկատառումներով:

Գործունեության հիմնական միջինացված բնութագրիչներն են եղել`

բազկաթոռների թիվը`  6,

բժիշկ-ստոմատոլոգների թիվը`  9

բուժքույրերի թիվը` 2,

վարչական աշխատողների թիվը` 2,

ատամնատեխնիկների թիվը` 2:

Ուսումնասիրված բոլոր ընկերություններում շահութաբերության մակարդակը կազմել է 2-7 տոկոս, իսկ աշխատավարձը` 37-72 հազ. դրամ:

Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձինք հիմնականում գործունեություն են ծավալում հետեւյալ երկու եղանակով`

1-ին եղանակ`

Ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է օրավարձով` յուրաքանչյուր բժիշկ-ստոմատոլոգից ստանալով օրական 15-20 հազ. դրամ եկամուտ` փոխարենը կրելով գործունեության արդյունքում առաջացող հարկերի եւ կոմունալ ծախսերի վճարման պարտավորությունը: Այսինքն, ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսերը կրում է բժիշկ-ստոմատոլոգը:

Փոխարենը, կլինիկայի կազմակերպիչների կողմից իրենց գործունեության արդյունքում պետությանը վճարված շահութահարկը մեկ բազկաթոռի համար կազմել է ամսական 3,5-9 հազ. դրամ կամ որ նույնն է` օրական 130-350 դրամ: Եթե անգամ ընդունենք, որ մեկ բազկաթոռը շահագործվել է ոչ ավելի, քան մեկ բժիշկ-ստոմատոլոգի կողմից, ապա ստացվում է, որ մեկ ստոմատոլոգի հաշվով միջինը 17,5 հազ. դրամ վարձատրություն ստանալու դիմաց կազմակերպիչը վճարել է օրական 240 դրամ շահութահարկ կամ ստացած եկամուտների 1,37 տոկոսը:

Ակնհայտ է, որ եթե ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձինք նախորդ հարկման դաշտի պայմաններում հայտարարագրեին իրենց իրացման շրջանառությունների իրական մեծությունները, ապա վճարվող շահութահարկի չափը շատ ավելին կլիներ, քան անգամ ներկայումս մեկ բազկաթոռի հաշվով վճարվող արտոնագրային վճարի առավելագույն` 80 հազ. դրամը:

2-րդ եղանակ`

Ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է ատամնաբուժական բազկաթոռների վարձակալության հիմունքներով` յուրաքանչյուր բազկաթոռի վարձը սահմանելով ամսական 200-350 հազ. դրամ` փոխարենը կրելով միայն կոմունալ ծախսերի վճարման պարտավորությունը: Այս դեպքում ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ այդ գործունեության արդյունքում առաջացող հարկերի վճարման պարտավորությունը կրում է վարձակալը:

Այս եղանակով աշխատող ատամնաբուժական կլինիկաները մեկ բազկաթոռի հաշվով միջին ամսական 275 հազ. դրամ վարձատրության դիմաց վճարել են միջինը 4,2 հազ. դրամ շահութահարկ, կամ այլ կերպ` մեկ բազկաթոռի հաշվով պետությանը վճարված հարկերը շուրջ 65 անգամ պակաս են եղել մեկ բազկաթոռի վարձակալության վճարից:

2. Նախագծով առաջարկվում է մանկական ատամնաբուժական գործունեության մասով սահմանել արտոնագրային վճարի մեծությունը կիսով չափ նվազեցնող գործակից: Նման մոտեցումը համարում ենք ոչ ընդունելի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում որեւէ օրենսդրական արգելք կամ սահմանափակում չկա, որի կիրառությունը կարող էր երաշխավորել, որ տվյալ մանկական ատամնաբուժական կլինիկայում ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում բացառապես մանկահասակներին: Հետեւաբար, առաջարկությունն ընդունելու դեպքում կստեղծվեն հարկումից խուսափելու մեծ ռիսկեր, իսկ դրանց կառավարման ուղղությամբ արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը գրեթե անհնարին կլինի:

3. Նախագծով առաջարկվում է առանձին իրավաբանական անձանց կողմից իրականացվող եւ ատամնաբուժական կենտրոնների, պոլիկլինիկաների կամ կաբինետների կազմում իրականացվող ատամնատեխնիկական գործունեության համար սահմանել արտոնագրային վճարի հաշվարկման լրացուցիչ գործակիցներ, ինչի արդյունքում ատամնաբուժական կենտրոնների, պոլիկլինիկաների կամ կաբինետների կազմում իրականացվող ատամնատեխնիկական գործունեության համար ատոնագրային վճարի չափն ավելի քան շուրջ երեք անգամ պակաս կլինի առանձին իրավաբանական անձանց կողմից իրականացվող նույն գործունեության համար սահմանված արտոնագրային վճարի չափից: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ատամնատեխնիկական գործունեության մասով արտոնագրային վճարի հաշվարկման ելակետային տվյալ սահմանել հիմնական աշխատատեղը:

Շարադրվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հարկման համակարգում նկատված խնդիրները լուծելու համար: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանի կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ» N 5 պաշտոնական պարզաբանմամբ պարզաբանվել է, որ`

ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի մեկ հիմնական աշխատատեղ կարող է համարվել մեկ ատամնատեխնիկի եւ գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքներ կատարող մինչեւ 2 օժանդակ (տեխնիկական) աշխատողների աշխատատեղերի ամբողջությունը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի նշված պարզաբանումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստացել է  պետական գրանցում եւ սահմանված կարգով հրապարակված է:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

 Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

 Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության   օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Արտոնագրային վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության   օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հաշվի չի առնում կարգավորվող ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաեւ չի ապահովում վերջինիս զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Մասնավորապես`

1. Բարձր են ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական գործունեության համար ըստ գործունեության կազմակերպման վայրերի սահմանվող արտոնագրային վճարի դրույքաչափերը, ինչը համարժեք չէ գործունեության այդ տեսակների շահութաբերության միջին մակարդակին

2. Արտոնագրային վճարի դրույքաչափերը չեն արտահայտում ուսումնական պրոցեսում ընդգրկված ստոմատոլոգիական համասարքերի գործունեության առանձնահատկությունները

3. Բարձր է նաեւ մանկական ստոմատոլոգիական ծառայության արտոնագրային վճարի համար սահմանվող 0,5 գործակիցը, որն անհրաժեշտ է նվազեցնել կամ զրոյացնել, քանի որ մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների կողմից մատուցվող ծառայությունների գերակշիռ մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, որի փոխհատուցվող գները 4-6 անգամ ցածր են նույն ծառայությունների միջին շուկայական գներից

4. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվող գործակիցը չի ապահովում ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների կամ կաբինետների կազմում գործող ատամնատեխնիկական լաբորատորիաների իրական շահերը: Նույն կետի «առանձին իրավաբանական անձ» եւ «հիմնական աշխատատեղ» բառակապակցությունները պարզաբանման կարիք ունեն:

Ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա վերջինիս զարգացման եւ գործունեության ընդլայնման տեսանկյունից:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

      1.«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

 3. Օրենքի  նախագիծը   բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

 Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական գործունեություն իրականացնելու համար նախատեսված հարկվող բազային հարկային արտոնագրային վճարների դրույքաչափերի  նվազեցում, ինչը կնպաստի ոլորտում գործող ընկերությունների համար ֆինանսական ծախսերի նվազեցմանը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության հարկման, ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ձեւավորման, կարգավորման եւ մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական  ծառայությունների շուկաների հետ:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ

 «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է`

ա) նվազեցնել ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության մասով արտոնագրային վճարի դրույքաչափերը,

բ) սահմանել մանկական ատամնաբուժական գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի չափը երկու, իսկ ատամնաբուժական կենտրոնների, պոլիկլինիկաների կամ կաբինետների կազմում իրականացվող ատամնատեխնիկական գործունեության համար` ավելի քան երեք անգամ նվազեցնող գործակիցներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական, իսկ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն: