ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Պ-156-27.11.2012-ՊԻ-010) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ներկայացված նախագծով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն սահմանադրական դատարանն իրավունք ունի դատավարության կողմերի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել իր կողմից կայացված որոշումը եւ եզրակացությունը` չփոփոխելով դատական ակտի բովանդակությունը եւ էությունը:

Գործող օրենքներով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ եւ 117.14-րդ հոդվածների համաձայն դատական ակտերի պարզաբանման լիազորությունը վերապահված է միայն ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարաններին, իսկ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի համար, որն ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների համար բարձրագույն ատյան է, նման լիազորություն վերապահված չէ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, ապա, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 21 -րդ մասի, սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին: Հետեւաբար, սահմանադրական դատարանի որոշումները պետք է նաեւ ի սկզբանե զերծ լինեն այնպիսի ձեւական սխալներից, որոնց մասին հիշատակվում է նախագծում: Այս պահանջը լիովին բավարար է, որպեսզի սահմանադրական դատարանն իր որոշումներում թույլ չտա ձեւական սխալներ, որոնք կարող են առաջացնել պարզաբանման անհրաժեշտություն:

Անդրադառնալով սխալների ուղղման կանոնին՝ նշենք, որ այն ոչ այլ ինչ է, քան իրավական որոշակիության պահանջի մասնավոր դրսեւորումներից մեկը, եւ այդ իմաստով նաեւ անհարկի կրկնութուն է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կարգավիճակը` որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմին, հնարավոր վրիպակների արձանագրումը պետք է վերապահվի բացառապես այդ մարմնի իրավասությանը եւ որեւէ կերպով չի կարող ստուգվել: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված պահանջի ներքո նման վրիպակների կամ սխալների փաստումը սահմանադրական դատարանի կողմից կլինի բացարձակապես ոչ իրատեսական: Մինչդեռ առաջին եւ վերաքննիչ ատյանների դատարանների համար, ի տարբերություն վճռաբեկ դատարանի, որի որոշումները նույնպես վերջնական են, նման սխալների ուղղումը տրամաբանական է:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն .

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն :


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է դատարանի ակտերի` որոշման եւ եզրակացության պարզաբանում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է դատական ակտի պարզաբանման, ինչպես նաեւ վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։